Այսօր Գյումրու մանկավարժական ինստիտուտում տեղի ունեցավ «Թուրքիայի Հանրապետության պատմությունը» գրքի շնորհանդեսը, որը ստեղծվել է մի շարք թուրքագետների կողմից և նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ու զոհերի անմար հիշատակին: Գրքի խմբագիրը ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանն է: «Թուրքիայի Հանրապետության պատմությունը» գիրքն այսօր ներկայացրեցին հեղինակային խմբի անդամներ՝ ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Ռուբեն Մելքոնյանը ու Արևելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի ավագ գիտաշխատող Վահրամ Տեր-Մաթևոսյանը:
Ռուբեն Մելքոնյանն ասաց. «Մենք մեր թշնամի Թուրքիայի հետ տարբեր ոլորտներում ունենք պայքարելու խնդիրներ, ոչ միայն քաղաքագիտական, դիվանագիտական, այլև գիտական, և այդ առումով մենք թուրք գիտնականներին պետք է գերազանցենք նաև մեր գիտելիքներով: Այս առումով անկախ Հայաստանի պատմության մեր որոշ թերացումներ ունեինք՝ դասագրքեր ու համապատասխան գրականություն ունենալու հետ կապված և հիմա փորձում ենք այդ բացը լրացնել: Երևանի պետական համալսարանում Թուրքիայի պատմության և՛ օսմանյան շրջանը և՛ հանրապետական շրջանը դասավանդվում է մի քանի տասնամյակ, բայց, ցավոք սրտի, մենք չունենք համապատասխան դասագրքեր և ստիպված էինք դասավանդել խորհրդային շրջանի գրքերով, որոնք հագեցած էին խորհրդա-թուրքական բարեկամության քարոզներով, կոմունիստական գաղափարախոսության որոշակի կաղապարներով: Ի ուրախություն մեզ, մի քանի ամիս առաջ մի խումբ թուրքագետներով մենք հեղինակել ենք «Թուրքիայի Հանրապետության պատմությունը» բուհական դասագիրքը, ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հաստատվել է որպես բուհական դասագիրք և որտեղ ընդգրկված է Թուրքիայի պատմությունը՝ սկսած 1918 թվականից մինչև մեր օրերը: Կարևոր է, որ այստեղ վեր են հանված տարբեր խնդիրներ, որոնք խորհրդային ու արևմտյան դասագրքերում տեղ չեն գտնում, մասնավորապես այդ երկրում բնակվող ազգային փոքրամասնությունների և հայերի նկատմամբ շարունակաբար գործադրված ցեղասպանական քաղաքականությունը: Այս դասագրքում կարմիր թելի նման անցնում է այն գաղափարը, որ ցեղասպանությունը չի ավարտվել 22 կամ 23 թվականով, այլ շարունակվել է ամբողջ Թուրքիայի Հանրապետության պատմության ընթացքում և ինչ-որ տեղ շարունակվում է նաև այսօր: Ոչ միայն գործադրման առումով, այլ մտածելակերպի:
Այսօր Թուրքիայում ստեղծված է այնպիսի վիճակ, որ Թուրքիայի նախագահը, վարչապետը, այլ բարձրաստիճան պաշտոնյաները բացահայտ ազգայնամոլներ են, բացահայտ հակահայեր են և իրենց հռետորաբանության մեջ, իրենց ելույթներում երբեմն չեն կարողանում թաքցնել ընդգծված հակակրանքն ու ատելությունը հայերի նկատմամբ: Բայց սա պայմանավորված չէ անձերով, սա պայմանավորված է այդ երկրի գաղափարախոսությամբ, այդ երկրի կրթական համակարգով, որտեղ դասագրքերը՝ և՚՛ դպրոցական, և՛ բուհական, ուղղակի հագեցած են ազգամիջյան թշնամանք հրահրող հակահայկական ատելություն սերմանող տարրերով: Ի տարբերություն իրենց, մենք ավելի օբյեկտիվ և գիտական անաչառության սկզբունքներով ներկայացրել ենք «Թուրքիայի Հանրապետության պատմությունը»:
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ