Լրահոս
Օրվա լրահոսը

Անն Բրասերը խոսեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին

Ապրիլ 14,2015 17:31

Այսօր ԵՊՀ Պալեանների անվան դահլիճում Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Անն Բրասերը հանդիպեց համալսարանականների հետ:

Անն Բրասերին ողջունեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, հյուրին ներկայացրեց ԵՊՀ գործունեությունն ու առաքելությունը, այնուհետև համալսարանականների համար որոշ դրվագներ ընթերցեց Անն Բրասերի կենսագրությունից, մասնավորապես քաղաքական գործունեությունից:

Տիկին Բրասերը նշեց, որ քաղաքական և հասարակական սեկտորների ներկայացուցիչների հետ մի շարք հանդիպումներ է ունեցել, սակայն շատ է կարևորում հենց երիտասարդների ու ակադեմիական աշխարհի հետ քննարկումները:

«Շնորհակալ եմ, որ ինձ հնարավորություն ընձեռեցիք հանդիպելու երիտասարդների հետ և քննարկելու արդի աշխարհի խնդիրները: Դա շատ կարևոր է ինձ համար, քանի որ դուք եք մեր վաղվա օրը»,- ասաց տիկին Բրասերը և շնորհավորեց ԵՊՀ ուսանողական խորհրդին կազմավորման 21-ամյակի կապակցությամբ:

Անն Բրասերը ներկայացրեց ԵՄ-ի և ԵԽԽՎ-ի հիմնադրման, կայացման գործընթացներն ու գաղափարները, ինչպես նաև անցած ճանապարհը՝ նշելով, որ 47 երկրների խորհրդարանների պատվիրակներից բաղկացած կառույցի կարևոր առաքելությունը պայքարն է ատելության և անհանդուրժողականության դեմ:

Ըստ ԵԽԽՎ նախագահի՝ Առաջին համաշխարհային պատերազմից հետո հաջողվեց կանգնեցնել պատերազմը, բայց չհաջողվեց ապահովել խաղաղությունը: Երկրորդ աշխարհամարտից հետո ստեղծեցին մարդու իրավունքների գերակայության և ժողովրդավարության վրա խարխլված հասարակություն՝ Եվրոպայի խորհրդի գլխավորությամբ:

«Ցավոք սրտի, մեզ չհաջողվեց կանխարգելել պատերազմներն ու հակամարտությունները, որոնք տեղի ունեցան մեր մայրցամաքում, բայց մենք սովորեցինք անցյալից դասեր քաղել»,- ասաց տիկին Բրասերը:

Անն Բրասերը խոսեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի մասին և ընդգծեց, որ յուրաքանչյուր ոք պարտավոր է առերեսվել պատմության հետ և հիշել անցյալը, սակայն ոչ թե անցյալով ապրելու, այլ ապագայում նոր սխալներ թույլ չտալու համար. «Հանուն այն նահատակների, որոնք զոհվեցին 100 տարի առաջ, շատ կարևոր է գալ ընդհանուր հայտարարի այսօրվա դրությամբ, որպեսզի գալիք սերունդները չտեսնեն նման ոճրագործություններ»:

Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը՝ Անն Բրասերը կարևորեց խնդրի կարգավորումը միայն խաղաղ ճանապարհով լուծելու գործընթացը՝ բացառելով ռազմական որևէ գործողություն:

«Եվրոպայի խորհուրդը պետք է նպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսություն սկսվելու գործընթացին, քանի որ երկխոսությունը միակ ելքն է, որի օգնությամբ պետք է լուծում գտնվի, իսկ բռնությունը որպես պատասխան երբեք չպետք է դիտարկվի»,- շեշտեց ԵԽԽՎ նախագահը:

Իսկ այն հարցին, թե ինչ ծրագրեր ունի ԵԽԽՎ-ն Մինսկի խմբի և ԼՂ հակամարտության լուծման գործընթացի համար, Անն Բրասերը նշեց, որ ԵԽԽՎ-ն մշակելու է ԼՂ-ի վերաբերյալ զեկույց, սակայն այն միջամտություն չի լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին, այլ կդիտվի որպես առաջարկ. «Հույս ունեմ, որ հայկական կողմն ակտիվորեն կմասնակցի և կնպաստի զեկույցի մշակմանը»:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա Անն Բրասերը վստահ է, որ կողմերը պետք է մի կողմ դնեն նախապայմանները և փորձեն հաշտության եզրեր գտնել, քանի որ հարևան երկրների միջև նմանօրինակ հարաբերությունները վնասում են ոչ միայն տվյալ երկրներին, այլև ամբողջ տարածաշրջանի զարգացմանը:

Անն Բրասերն անդրադարձավ նաև ԵԽ կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին՝ ընդգծելով, որ Հայաստանում այս խնդիրը նույնպես առկա է, և որը շուտափույթ լուծում պետք է ստանա:

Հանդիպման վերջում ԵՊՀ ռեկտորը գրքեր նվիրեց Անն Բրասերին:

ԵՊՀ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930