Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղատնտեսության փոխնախարարը լավատես է, մնաց կարկուտ չգա (Տեսանյութ)

Ապրիլ 14,2015 16:42

Ամեն տարի գյուղատնտեսության նախարարությունն այս սեզոնին լավատեսական կանխատեսումներ է անում` հայտարարելով, թե գյուղացիները մթերման հետ կապված խոչընդոտներ չեն ունենալու եւ որ իրենք գյուղմթերք վերամշակող ընկերություններից երաշխիքներ են ստացել, որ գյուղացու բերքը դաշտում չի մնա եւ որքան էլ գյուղացին արտադրի` կմթերվի: Մոտավորապես նույն կանխատեսումն այսօր, «Հայացք» մամուլի ակումբում արեց գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը` գյուղացիներին վստահեցնելով, որ գրեթե բոլոր տեսակի գյուղմթերքների պահանջարկ էլ վերամշակող գործարաններն ունեն: Ըստ պարոն Մակարյանի, մասնավորապես մեծ է լոլիկի պահանջարկը եւ պահածոների գործարանները պատրաստ են անսահմանափակ քանակությամբ լոլիկ մթերել:

Փոխնախարարի տվյալներով, եթե անցյալ տարի մթերվել է 23 հազար տոննա լոլիկ, ապա այս տարի ընկերությունները 60 հազար տոննայի պահանջարկ են ներկայացրել:

Հարցին, թե որտե՞ղից է այդ լավատեսական կանխատեսումը, այն դեպքում, երբ մի շարք վերամշակող ընկերություններ դիմել են կառավարություն` հայտնելով, որ ռուսական ռուբլու տատանումներից վնասներ են կրել` խնդրելով փոխհատուցել դրանք, պարոն Մակարյանն ասաց, որ լավատեսությունը պայմանավորված է

գործընկերների եւ վերամշակող կազմակերպությունների հետ հանդիպումներով եւ անկախ ամեն ինչից վերամշակողներն իրենց շահույթների հաշվին խնդիրը լուծելու են:

Պարոն Մակարյանն ասաց, որ խաղողի մթերման հարցով, նույնպես, գյուղացիները խնդիրներ չեն ունենա ինչպես անցյալ տարիներին: Aravot.am-ի այն դիտարկմանը, թե նախորդ տարի խաղողի մթերումն այնքան էլ հարթ չանցավ պարոն Մակարյանն ասաց, որ որեւէ խնդիր չի եղել:

Ինչ վերաբերում է գնին, ապա փոխնախարարն ասաց, որ գինը շուկան կթելադրի: Եթե բերքը շատ եղավ, էժան կլինի, եթե սահմանափակ քանակությամբ, ապա ավելի բարձր գին կունենա:

Պռոշյանի կոնյակի գործարանի տնօրեն, «Պահածոների եւ հյութ արտադրողների միության» նախագահ Արմեն Գասպարյանի խոսքերով էլ, մթերողները խնդիր չունեն, գյուղացիները չեն կարողանում ապահովել արտադրողի պահանջարկը: Ըստ նրա, գոյություն ունի բերքի միջազգային գին, սակայն մեր գյուղացիները ուզում են սահմանված գնից ավելի թանկ վաճառել իրենց ապրանքը:

«Պրակտիկայում 600, 700 դրամով հոն, թուզ չի մթերվել Հայաստանում, սակայն անցյալ տարի այդ գնով է մթերվել, քանի որ դրանց բերքը քիչ էր»:

Ըստ միության նախագահի, օրինակ` հարեւան Թուրքիայում հոսանքը, գազը ավելի թանկ են, սակայն նրանց գյուղացիները այդպիսի թանկ չեն գնահատում իրենց արտադրանքը:

Հարցին, թե գինեգործները մտավախություն ունեն, որ այս տարի խաղող չի մթերվելու, քանի որ անցյալ տարվա արտադրանքի արտահանման անկում է եղել, «Արարատ սննդի կոմբինատի» տնօրեն Երվանդ Թարվերդյանն ասաց, որ ճիշտ է իրենց ընկերությունում 25 տոկոսով գինու եւ կոնյակի արտահանումը կրճատվել է, սակայն այս տարի այլ շուկաներ` Չինաստան ու Վիետնամ են արտահանում:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930