Լրահոս
Օրվա լրահոսը

Երեխաները գեղանկարչական գործերի միջոցով ներկայացնում են Հայոց ցեղասպանությունը

Ապրիլ 14,2015 16:35

«Ցեղասպանության բնութագրումը մշակույթի միջոցով» ծրագրի շրջանակներում Սիսիանի գեղարվեստի դպրոցի 30-ից ավելի սաների հնարավորություն է տրվել ստեղծագործական մոտեցումներով արտահայտել իրենց պատկերացումները Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Նշենք, որ ծրագիրն իրականացնում է «Զանգեզուրի երիտասարդական ասոցիացիա» ՀԿ-ն` ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության՝ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած դրամաշնորհային մրցույթի շրջանակներում: Ծրագրի նպատակն է Սիսիանի գեղարվեստի դպրոցի սաներին սովորեցնել մշակույթի միջոցով ներկայացնել ցեղասպանության  թեման:

Նրանց մասնակցությամբ և մասնագետի օգնությամբ մարտից  ստեղծվում են Հայոց ցեղասպանությունը ներկայացնող աշխատանքներ, որոնցից լավագույնները կցուցադրվեն Սիսիանի գեղարվեստի դպրոցի ցուցասրահում:

Նշենք, որ մասնակիցներին նախ  ներկայացվել է տեսաֆիլմ` ցեղասպանության թեմային վերաբերող մշակութային արժեք ներկայացնող ստեղծագործությունների և դրանց դերի մասին: Այնուհետև նկարիչ-քանդակագործ Աշոտ Ավագյանը շուրջ մեկ շաբաթ դասընթացներ է անցկացրել աշակերտների հետ: Աշոտ Ավագյանը նշեց, որ հիմնականում գեղանկարչության ոլորտում են երեխաներին տրամադրվել գիտելիքներ: Գեղանկարիչը նկատեց, որ սկզբում երեխաները հիմնականում կարծրատիպային մոտեցումներով էին նկարում. ասենք, երբ նրանց Հայոց ցեղասպանության թեմատիկայով հանձնարարություն է տրվել, նկարել են վառվող եկեղեցի, մահացած մարդիկ:

Աշոտ Ավագյանի տեղեկացմամբ` այս խնդիրը հաղթահարելու ուղղությամբ բազում աշխատանքներ են տարվել. «Մենք փորձեցինք Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայ մշակույթի ներկայացուցիչների  գործերի միջոցով օրինակ` Սուրենյանց, Այվազովսկի, Ժանսեմ, Կոմիտաս, Վարուժան, երեխաներին ներկայացնել այդ թեման: Նրանք մի տեսակ զարմացած էին, թե ո՞նց է, որ մահացած մարդիկ այդ գործերում չկան»:  Աշոտ Ավագյանը նշեց, որ բացատրական աշխատանքներից հետո երեխաների պատկերացումն այս թեմայի վերաբերյալ փոխվել է. ծանոթացել են ֆիդայական շարժմանը, հայերի դիմադրություններին¸ Հայոց Գոյամարտին: Խոսելով այն մասին, թե ինչ շեշտադրումներ են կատարել երեխաների հետ տարվող աշխատանքներում` պարոն Ավագյանը նշեց. «Լալկանությունը ավագ սերնդից փոխանցվել է կրտսերներին: Ուստի մենք առաջին հերթին շեշտադրումներ ենք արել, որ երեխաներն իրենց աշխատանքներում ավելի լուսավոր գույներ օգտագործեն, ներկայացնեն նաև գաղթի, պայքարի տեսարաններ, ցույց տան, որ կյանքը շարունակվում է»: Նշենք, որ ծրագրին մասնակցած աշակերտները կստանան խրախուսական պատվոգրեր, մրցանակներ, իսկ լավագույն 20 սան հնարավորություն կստանա այցելել Ծիծեռնակաբերդ, այնուհետև Ազգային պատկերասրահ, որտեղ մասնագետ-ուղեկցողը նրանց կներկայացնի պատկերասրահում պահվող արվեստի նմուշները:

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930