«Քննիչի մասնագիտության եւ այլ մասնագիտությունների առավել ընդգծված տարբերությունը կյանքի երեւույթների, մարդկային գործողությունների, նրանց պատճառների եւ հետեւանքների, խնդիրների բացառիկ բազմազանությունն է, որոնց հետ իր աշխատանքում բախվում է քննիչը:
Քննության առարկա են դառնում այն իրադարձությունները, որոնք կապված են մարդկանց անձնական եւ հասարակական կյանքի տարբեր կողմերի հետ: Քննիչը ստիպված է ուսումնասիրել ու պարզաբանել մարդկանց ծառայողական գործունեությունը, անձնական հարաբերությունները, գնահատել մարդկանց վարքն ու բարքը տարբեր իրավիճակներում»,-գրել է քննիչի մասնագիտությունն «ազնվագույն մասնագիտություն» համարող Հակոբ Ղարախանյանն իր անդրանիկ մատենաշարում:
Իրավաբանական գիտությունների թեկնածու, արդարադատության առաջին դասի խորհրդական Հակոբ Ղարախանյանն անակնկալ է մատուցել իրավական աշխարհին.լույս են տեսել նրա «Քննիչի գրադարան» մատենաշարի հինգ գրքերը՝ «Քննիչի մասնագիտությունը», «Քննիչի մասնագիտության պատմություն», «Քննիչի գործունեությունը որպես ճանաչողական գործընթաց», «Քննիչը որպես քրեական դատավարության մասնակից» եւ «Քննիչի հոգեբանություն»:
Մատենաշարը բաղկացած է լինելու 16 գրքից:
Կարդացեք նաև
Մատենաշարը նախատեսված է քննիչների, իրավաբանների, ուսանողների համար:
Գրքի նախաբանում իրավաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը գրել է. «Հեղինակը նյութը ներկայացրել է հանրամատչելի եղանակով, ինչը բարձրացնում է դրա գործնական նշանակություն՚»,- նաեւ հավելել, որ քննիչի գիտելիքներից, փորձից ու նախաքննությունը վարելու հմտությունից է կախված հանցագործության բացահայտումը, եւ հանցավորության դեմ պայքարի հետագա գործընթացի իրականացումը:
Գրքի հեղինակն առաջաբանում նշել էր, որ հայ քննիչները սովորաբար օգտվում են ռուսական աղբյուրներից, սակայն՝ «իմ տվյալներով, այնտեղ եւս չկա համակարգված ժողովածու»:
Անդրադառնալով քննիչի աշխատանքի առանձին դրվագներին, գրքի հեղինակը գրում է. «Մանրուքները տեսնելու համար պետք է կարողանալ բարդը տրոհել մանրերի, իսկ նրանք էլ իրենց հերթին՝ մանրուքների: Սա է հանցագործությունների բացահայտման բանալին: Այս համոզմանը եկել եմ երկար տարիների պրպտումների արդյունքում, օրեցօր ավելի շատ բան իմանալով բնության եւ մարդու մասին, հասկանալով, որ բնության մեջ ամեն ինչ հստակ համակարգված է եւ չկա ոչինչ բարդ եւ անհասկանալի: Տրոհիր եւ կհասկանաս»:
Գրքերից մեկում՝ «Քննիչը որպես դատավարության մասնակից», Հ. Ղարախանյանը անդրադարձել է դատավարության մյուս մասնակիցների հետ քննիչի հարաբերություններին:
Խոսքը վկաների, ընթերականների, թարգմանիչների, փորձագետների…մասին է նաեւ, դատախազների ու պաշտպանների հետ հարաբերություններին: Այս կապակցությամբ գրքի հեղինակը գրում է. «Որքանով է արդարացված օբյեկտիվ նախաքննություն իրականացնելու լիազորությամբ օժտված պաշտոնատար անձին՝ քննիչին, մեղադրանքի կողմում ընդգրկելը» եւ առաջ է քաշում քննիչին դատավարական ինքնուրույնություն տալու անհրաժեշտության հարցը:
Այս տարի լույս կտեսնի եւս հինգ գիրք:
Նախկին քննիչը, նախկին դատախազը խոստացել է իր աղմկահարույց արխիվներից այդ գրքերում նյութեր հրապարակել:
Մատենաշարը նվիրված է հորը՝ ՀՀ վաստակավոր իրավաբան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գեղամ Ղարախանյանին:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ