Փառատոն նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին
Ապրիլի 1-ից 6-ը Հունաստանի Սալոնիկ քաղաքի «Մեգարոն Մուսիկիս» համերգասրահում անցկացվեց Մանկական երգչախմբերի հինգերորդ փառատոնը, որը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ այս տարի նվիրված էր Հայաստանին: Որպես հատուկ հյուր` Հայաստանը փառատոնում ներկայացրեց «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը` Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ: Երգչախմբի մասնակցությունը փառատոնին նախաձեռնվել և համակազմակերպվել էր «Համազգային հայ կրթական և մշակութային միության Սալոնիկի մասնաճյուղի և Հունաստանում ՀՀ դեսպանության կողմից` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Ապրիլի 3-ին կայացավ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի մենահամերգը, որին ներկա էին Հունաստանի խորհրդարանի անդամներ, նահանգապետարանի, Սալոնիկի քաղաքապետարանի ներկայացուցիչներ, հասարակական-քաղաքական գործիչներ, դիվանագետներ, Սալոնիկի հայ համայնքային կառույցների ղեկավարներ և անդամներ:
Ներկայացվեցին Մեսրոպ Մաշտոցի, Կոմիտասի, Ալեքսանդր Հարությունյանի, Ռոբերտ Պետրոսյանի, Ստեփան Շաքարյանի, Երվանդ Երկանյանի, Դավիթ Հալաջյանի, Արթուր Ահարոնյանի հոգևոր, ժողովրդական, ժամանակակից ստեղծագործությունները, ինչպես նաև արտասահմանյան հեղինակների դասական և արդի երկեր:
Կարդացեք նաև
Ունկնդիրը, համակ ուշադրություն դարձած, ըմբոշխնում էր երգող մանուկների արձակած յուրաքանչյուր հնչյուն՝ ասես չցանկանալով կորցնել դրանցից և ոչ մեկը: Բուռն ծափերով և շնորհակալ բացականչություններով էր արձագանքում ամեն նոր գործի, որոնք կարծես մրցում էին միմյանց հետ իրենց բարդությամբ և կատարելությամբ:
«Հայաստանի Փոքրիկ Երգիչներ» երգչախմբի համերգին գտնվելն օրհնություն էր ինձ համար: Այն արվեստը, որ իրենք ստեղծում են, բարձրագույն մակարդակի է: Շատ հազվադեպ է հնարավոր լինում լսել այս մակարդակի, նման նվիրվածության, ոգեշնչվածության երգչախմբային կատարումներ: Սա ոչ միայն երգչախմբային երաժշտության լավագույն համերգն է, որ լսել եմ կյանքիս ընթացքում, այլև մեծ դպրոց նախ և առաջ ինձ համար և այն բոլոր մարդկանց համար, ովքեր լսեցին իրենց այսօր, ովքեր կարիք ունեն լսելու այս երգչախումբն ու փոխելու իրականությունը» :
Ջորջ Էմմանուել Լազարիդիս
հայտնի դաշնակահար, Մեգարոն համերգային համալիրի,
գեղարվեստական ղեկավար ,փառատոնի կազմակերպիչ
Մեծ և հաճելի անակնկալ եղավ հանդիսատեսի համար հայ երգչախմբի կատարմամբ հունական հայրենասիրական երգի՝ «Մակեդոնիա» – ի կատարումը, որն անչափ մեծ խանդավառությամբ ընդունվեց:
Ապրիլի 4-ին և 5-ին «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը վարպետաց դասեր և փորձեր անցկացրեց փառատոնին մասնակից ութ հունական երգչախմբերի հետ:
Ապրիլի 6-ին կայացավ փառատոնի եզրափակիչ համերգը` մասնակից երգչախմբերի մասնակցությամբ և Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ: Երգչախմբերը հանդես եկան յուրաքանչյուրն իր ուրույն ծրագրով: Դե, իսկ եզրափակիչ համերգի զարդը դարձավ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ելույթը: Համերգի ավարտին երգչախմբերի թվով 550 սաները կատարեցին մի քանի ստեղծագործություն, այդ թվում՝ Էդգար Հովհաննիսյանի «Էրեբունի Երևան», և Ստեփան Շաքարյանի «Մուշ» խմբերգերը: Աննկարագրելի ոգևորությամբ, ավյունով, միասնական ոգով, և ամենակարևորը՝ սիրով էին կատարում հույն երեխաները հայկական ստեղծագործությունները:
«Եթե աչքերդ փակեիր, քեզ կթվար, թե բեմում 500-ից ավել հայ երեխաներ են միասին հայ երգ հնչեցնում: Անչափ հուզիչ էր»:
Տիրուհի Գալֆայան
«Համազգային »մշակութային միության
Սալոնիկի մասնաճյուղի ատենապետուհի
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի կատարումները և մաեստրո Հեքեքյանի աշխատանքը բարձր գնահատանքի արժանացան հույն արվեստագետների և հանդիսատեսի կողմից:
«Ես տպավորված եմ Ձեզանով, Ձեր որակով, երաժշտականությամբ: Ինձ համար մեծ պատիվ էր Ձեզ այստեղ տեսնել և լսել: Շատ-շատ շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ արեցիք մեզ համար: Մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք»:
Սոտիրիս Ալեվիզոս
Մեգարոնի մանկական երգչախմբի ղեկավար
«Մեզ համար թանկագին դաս էր յուրաքանչյուր խոսք, որ մաեստրո Տիգրան Հեքեքյանն ուղղում էր երգող երգչախմբերին »:
Միշել Էռմիս Աթանատոպուլուս
հավաքական երգչախմբի անդամ
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախումբը, որն արդեն երրորդ անգամ էր Հունաստանում հանդես գալիս համերգներով, իր պատմության էջերում գրանցեց ևս մի հաջողված համերգային շրջագայություն: Դե, իսկ մաեստրո Հեքեքյանը, վերադառնալով հայրենիք, սրտում տարավ հայաշունչ երգեր երգող հույն մանուկների բոցավառ աչքերն ու սերը:
Մամլո հաղորդագրություն