Լիցենզավորման կարգի դեմ բողոքող տաքսու վարորդներին միացել են նաեւ տաքսի սերվիսների տնօրենները։ Այսօր «Նոյյան տապան» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսին սերվիսների տնօրենները մտահոգություն հայտնեցին, որ «ոլորտը քանդվում է բառի բուն իմաստով»:
Ավտովարորդների պաշտպանության լիգայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանի խոսքով՝ 2013 թվականի սկզբին, երբ հաստատվեց նոր լիցենզավորման կարգը, այդ երկու տարվա ընթացքում ամբողջ ոլորտը վերածվեց քաոսի. «Սակայն սերվիսները շարունակում էին վճարել հարկերը, եղան հիսունից ավելի սերվիսներ, որոնք փակվեցին: Տաքսի սերվիսները միշտ ունեցել են առանձին կայանատեղիներ եւ միշտ հարկային մարմինների համար եղել են թիրախում, ի տարբերություն անհատ վարորդների»:
«Աջակցություն տաքսիներին» հ/կ փոխնախագահ Սուրեն Մկրտչյանն էլ ասուլիսին իր մտահոգությունը հայտնեց, որ գնալով համոզվում են, որ տաքսի սերվիսները գնում են լուծարման ճանապարհով. «Երեք տարի առաջ բոլորը փորձել են զարգացնել բիզնեսը, գնել են նոր մեքենաներ, բարեկարգել են, սակայն, եթե մենք քսան հազար դոլարով գնել ենք մեքենա, ապա մյուսները մի քանի մեքենա են գնել այդ գումարով, պետք է տաքսի ծառայությունները անհատից եւ գրդոնից տարբերվեն»,-վստահեցնում է բանախոսը:
«Երբ դեղին համարներով լիցենզավորվեցին, անհատների հիսուն տոկոսը չլիցենզավորվեց, եւ ավելին, նրանք հասան նրան, որ սպիտակ համարներ նորից մտցնեն, սակայն ոչ ոք մեզ չհարցրեք՝ մենք ուզո՞ւմ ենք սպիտակ համարներ, թե ոչ»,-ասաց Սուրեն Մկրտչյանը:
Կարդացեք նաև
Սերվիսների տնօրենները առաջարկում են դեղին համարանիշները թողնել, եւ վստահեցնում են, որ դրանք հնարավորություն կտան տարբերել, որ իրենք վարում են տաքսի սերվիսների մեքենաներ. «Մենք ակնհայտ կսկսենք տարբերվել անհատներից»:
Լրագրողների դիտարկմանը, թե եթե ուզում են տարբերվել անհատ տաքսու վարորդներից, նախ պետք է սկսեն տարբերվել իրենց սպասարկման որակով եւ գործելաոճով, ունենան մաքուր մեքենաներ, հաշվիչի վրա ավել գումար չգրեն, տաքսու վարորդները միանգամից հերքեցին եւ սկսեցին լրագրողներին վստահեցնել, որ տաքսի սերվիսներում երբեք չեն հանդիպի նման անորակ սպասարկման։
Տաքսու վարորդի մեկնաբանությունները՝ տեսանյութում
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ