Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայբիզնեսբանկի» վարչության նախկին նախագահի եւ նրա տեղակալի գործով մեղադրանքը փոխվելո՞ւ է

Ապրիլ 14,2015 14:37

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը հերթական անգամ բավարարեց մեղադրանքը պաշտպանող դատախազի՝ ՀՀ գլխավոր դատախազության կիբեռ հանցագործությունների վարչության դատախազի միջնորդությունը՝ մեկ ամիս ժամկետ իրենց տրամադրելու համար:

Դատախազը հայտնեց, որ ապրանքագիտական փորձաքննություն պետք է անցկացվի, առանց որի չի կարող ավելացնել «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության վարչության նախկին նախագահ Արա Կիրակոսյանի եւ նրա տեղակալ, տարածքային զարգացման եւ տեղեկատվական տեխնոլոգիաների դեպարտամենտի նախկին տնօրեն Մելիք Եսայանի մեղադրանքը:

Արա Կիրակոսյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հակոբ Ճարոյանը հայտարարեց, որ նախկինում դատախազը մեկ ամիս ժամանակ խնդրեց դատարանից, դատարանը նրան տրամադրեց 20 օր ժամանակ, ապա եւս 20 օր տվեց՝ մեղադրանք առաջադրելու համար: Ըստ պաշտպանի՝ անմեղության կանխավարկածի փոփոխություն է տեղի ունենում, «մեղավորության կանխավարկածով» է շարժվում մեղադրանքի կողմը:

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունում է գտնվել այս գործը, Արա Կիրակոսյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա նույն վարչության նախագահի տեղակալ Մելիք Եսայանի հետ Իրանի Իսլամական Հանրապետության եւ ԱՄՆ քաղաքացի Մաջիդ Նազիֆի, Հայաստանում գրանցված «Ալֆա Ջեներալ թրեյդինգ» ՍՊ ընկերության հիմնադիր Բեհրուզ Բեհնամի, Շվեյցարիայում գրանցված «Կոսմոս տրադինգ» ընկերության հիմնադրի եւ ՀՀ մի քանի քաղաքացիների հետ 2012թ. օգոստոսից մինչեւ 2013թ. մարտը կեղծ պայմանագրերով եւ վճարման հանձնարարականներով «Հայբիզնեսբանկ» ընկերությունից հափշտակել է 5.804.577.000 ՀՀ դրամին համարժեք 10 մլն 980 հազար եվրո գումար:

Դատարանը բավարարեց դատախազի միջնորդությունը եւ մայիսի 18-ին նշանակեց դատական նիստ, ակնկալելով, որ մինչ այդ նախաքննության մարմնի կողմից մեկ այլ քրեական գործով դատարան կուղարկվեն դատաապրանքագիտական փորձաքննության արդյունքները: Ըստ այդմ` պարզ կդառնա, թե այդ գործով մեղադրանքի ծավալը ավելանո՞ւմ է, թե՞ մեղադրանք ընդհանրապես չի առաջադրվում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930