Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ նախագահը հավաստիացրել է, որ ԵԽԽՎ-ն չպետք է կողմնակալ գործողություններ իրականացնի

Ապրիլ 14,2015 14:08

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը ապրիլի 13-ին հանդիպել է ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերի հետ:

Ողջունելով հյուրին` Արտակ Զաքարյանը համոզմունք է հայտնել, որ ԵԽԽՎ նախագահի այցը Հայաստան շատ կարեւոր է եւ ճանաչողական, քաղաքական ու հանրային պատկերացումների մեծ հնարավորություն կտա տիկին Բրասերին: Հանձնաժողովի նախագահը բոլոր ժամանակների համար կարեւորել է ԵԽԽՎ դերակատարությունը Հայաստանում ժողովրդավարական գործընթացների կայացման գործում:

Անդրադառնալով երկու կարեւորագույն խնդիրներին՝ Արտակ Զաքարյանը նշել է, որ հայ ժողովրդի եւ հայկական խորհրդարանի համար ամենազգայուն հարցերը եղել եւ մնում են ԼՂՀ հիմնախնդրի խաղաղ կարգավորումը եւ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը: Հանձնաժողովի նախագահը խոսել է վեհաժողովի օրակարգում գտնվող «Բռնությունների սրացումը Լեռնային Ղարաբաղում եւ Ադրբեջանի այլ գրավյալ տարածքներում» անընդունելի եւ ոչ ճիշտ վերնագրով զեկույցի մասին՝ նշելով, որ չկա եւ չի եղել Ադրբեջանի օկուպացված տարածք հասկացություն. կա ԼՂՀ ժողովուրդ, ովքեր ուզում են ապրել ազատ եւ խաղաղ՝ տնօրինելով իրենց ճակատագիրը: «Նման բանաձեւերը կարող են խիստ վնասել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը, ուստի մենք ակնկալում ենք ԵԽԽՎ հավասարակշիռ եւ ռացիոնալ մոտեցումը այս հարցում»,-ասել է հանձնաժողովի նախագահը: Ըստ Արտակ Զաքարյանի՝ որպեսզի ԵԽԽՎ պատգամավորներն ավելի իրատեսական լինեն իրենց գործողություններում, ցանկալի կլինի, որ անձամբ լինեն ԼՂՀ-ում եւ անձամբ ծանոթանան իրերի իրական վիճակին եւ չտրվեն ադրբեջանական կեղծ, շինծու եւ հակահայկական տեղեկատվություններին:

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը՝ Արտակ Զաքարյանը նշել է, որ նրա ճանաչումը եւ դատապարտումը ոչ միայն հայ ժողովրդի, այլ ողջ մարդկության խնդիրն է եւ պետք է ընկալվի որպես եվրոպական ու համամարդկային արժեքների կարեւորագույն բաղադրիչ:

Արտակ Զաքարյանը խոսել է նաեւ հայ-թուրքական հարաբերություններից, Թուրքիայի հետ փակ սահմաններից, Ադրբեջանի հակահայկական քարոզչությունից:

ԵԽԽՎ նախագահն իր հերթին կարեւորել է խաղաղ զարգացումները տարածաշրջանում եւ հավաստիացրել, որ ԵԽԽՎ-ն չպետք է կողմնակալ գործողություններ իրականացնի. պետք է լսի բոլոր կողմերի կարծիքները եւ հավասարակշռված մոտեցում ցուցաբերի խնդիրների նկատմամբ:

Հանդիպմանը կարեւորվել է մարդու իրավունքների, ժողովրդավարության զարգացման հարցերը, ինչպես նաեւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը:

ԱԺ հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930