Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված՝ Վատիկանում Հռոմի Պապի անցկացրած պատարագը թուրքագետ Լեւոն Հովսեփյանի բնորոշմամբ, համաքրիստոնեական ու համամարդկային նշանակություն ունեցող իրադարձություն էր:
Այսօր «Զարկերակ» ակումբում նա հիշեց, որ դեռ նախորդ տարի, երբ Հռոմի պապն այցելում էր Թուրքիա, թուրքական դիվանագիտությունը փորձեց Թուրքիայի համար շահավետ զարգացումներ ապահովել, բայց բոլոր ջանքերն ապարդյուն անցան: Ըստ նրա, թուրքերը մեծ ջանքեր են գործադրել պատարագի խափանման, Հռոմի պապի հայտարարությունները կանխելու ուղղությամբ:
Նա նկատեց, որ Թուրքիայի սպառնալիքները Վատիկանի դեպքում շատ թույլ են ու ոչ ազդեցիկ, ի տարբերություն այլ պետությունների. «Միգուցե Թուրքիան դիվանագիտական հարաբերությունների ֆորմատում որոշակի փոփոխություններ անի: Թուրքական կողմի քայլերը դրանով կսահմանափակվեն, որովհետեւ նրանց լծակները սահմանափակ են»:
Թուրքագետի խոսքով, Թուրքիան Հռոմի պապի նախաձեռնությունը փորձեց ներկայացնել կրոնական բախում՝ մեղադրելով կրոնական ռասիզմի մեջ. «Բայց պատարագի նշանակությունը բավականին մեծ էր ու համաշխարհային հնչեղությունը կարեւոր է 100-րդ տարելիցի համատեքստում: Թուրքիան սրանով տեղեկատվական դաշտում հայտնվեց բարդ ու իր համար ոչ նպաստավոր փակուղային իրավիճակում: Որովհետեւ Թուրքիայի հակաքայլերն ու մոտեցումները այլեւս սպասված արդյունքը չեն տալիս, Թուրքիան շփոթված ու ցայտնոտային իրավիճակում է: Թե Հռոմի պապի ելույթը, թե պատարագը տարելիցի համատեքստում ունենալու է շարունակականություն, որովհետեւ այն ցեղասպանությանը այնպիսի նշաձող տվեց, որ միջազգային, քրիստոնեական հանրությունը պետք է հաշվի նստի սրա հետ: Հռոմի պապի՝ ցեղասպանություն ձեւակերպումը հետագայում այլ պետությունների կողմից հայոց ցեղասպանության ճանաչմանն է նպաստելու»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ