Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյանը՝ Հովիկ Աբրահամյանին. «Ինչո՞ ւ այս ակնհայտ չարաշահման համար կառավարությունը որևէ մեկին չի ենթարկում պատասխանատվության»

Ապրիլ 14,2015 12:58

Ինչպես գիտեք, «Նաիրիտ»  գործարանի հարյուրավոր աշխատակիցներ երկար ժամանակ զանգվածային բողոքի ցույցեր են անցկացնում` պահանջելով  կառավարությունից լուծել երկու կարևորագույն հարց. «Նաիրիտ»  գործարանի վերագործարկման և իրենց նկատմամբ կուտակված աշխատավարձի պարտքի հարցերը: Ազգային ժողովի մոտ տեղի ունեցած ցույցերի ժամանակ ես և պատգամավոր Արամ Մանուկյանը հանդիպել ենք ցուցարարների հետ և ծանոթացել ենք բարձրացված խնդիրներին, ինչի հիման վրա էլ այս նամակով դիմում եմ Ձեզ:

Հայտնի է, որ «Նաիրիտ»-ի գործարկման խնդիրը լուծելու նպատակով, ՀՀ Կառավարությունը և ԱՊՀ Միջպետական բանկը ժամանակին կնքել են երկու համաձայնագրեր: Առաջինը` 2005 թվականի նոյեմբերի 10-ին` «2005-2012 թվականներին «Նաիրիտ»-ի արտադրության վերականգնման և վերազինման ծրագրի մասին» համաձայնագիրն է, որով բանկն ակտիվ ֆինանսական մասնակցություն պետք է ունենար գործարանի վերակառուցման գործում։ Երկրորդը` «2011-2019 թթ. «Նաիրիտ»-ի զարգացման և վերակառուցման» ծրագիրն է, որի իրականացման ներդրումները գնահատվել էին $512 մլն։ Ընդ որում, դրանից $366 միլիոն նախատեսված էր ուղղել քիմիական հսկայի արդիականացմանը, իսկ $146 միլիոնը պետք է ուղղվեր պարտքերի մարմանը, այդ թվում՝ ԱՊՀ Միջպետական բանկի $100 միլիոն պարտավորությունների վերաֆինանսավորմանը, $46 միլիոնն էլ՝ գործարանի ընթացիկ պարտքի վերաֆինանսավորմանը:

Վերոնշյալ ծրագրերի իրականացման ընթացքում, 2006 թվականին «Նաիրիտ»-ը վաճառվել է բրիտանական` Վիրջինյան կղզիների օֆշորում գրանցված «Ռայնովիլ Փրոփըրթի Լիմիթիդ» ընկերությանը, որը 40 միլիոն դոլարի դիմաց դարձել է «Նաիրիտի» 90% բաժնետերը: Կառավարության հետ կնքված պայմանագրի համաձայն, ընկերությունը «Նաիրիտ» գործարանում պարտավորվել էր ներդնել 120 միլիոն դոլար: Ներդրման առաջին մասը` 60 միլիոն դոլարը, պետք է կատարվեր մինչև 2009 թվականի հունվարը և արտադրանքի ծավալը հասցվեր ամսական 25 հազար տոննայի, իսկ մնացյալ 60 միլիոն դոլարը`մինչև 2012-ի հունվարի 1-ը: Ըստ պայմանագրի, եթե մինչև 2009 թվականի hունվարի 1-ը արտադրանքի քանակը չէր հասցվում 25 հազար տոննայի, և ներդրումների քանակն այդ ծավալով չէր կատարվում, ապա «Ռայնովիլ փրոփերթի լիմիթիդ»-ից գործարանի բաժնետոմսերը ենթակա էին վերադարձման:

«Ռայնովիլ Փրոփըրթի Լիմիթիդ»-ը, պայմանագրային պարտավորվորությունները կատարելու համար,  «Նաիրիտ» գործարանի գրավով և ՀՀ կառավարության երաշխավորությամբ Միջպետական բանկից տարեկան 12,5%-ով, 5.5 տարի ժամկետով, 70 մլն դոլարի վարկ է վերցրել, որից 40 մլն դոլարը վճարել է գործարանի սեփականաշնորհման համար, իսկ մնացած գումարով որևէ ներդրում չի կատարել: Բացի դրանից, «Նաիրիտ» գործարանը ներգրավել է ևս 100 միլիոն դոլարի և 3.85 միլիարդ դրամի վարկեր: Հայտնի չէ ո՛չ առաջին վարկից 30 միլիոն. դոլարի, ո՛չ էլ` վարկերի երկրորդ խմբաքանակով ձեռք բերված գումարների ճակատագիրը:

Հայտնի է միայն, որ մի շարք աճպարարություններից հետո, 2012 թվականի հունվարի դրությամբ, «Ռայնովիլ Փրոփըրթի Լիմիթիդ» ընկերության բաժնետերերն են եղել «Դրեյթոն Ֆայնենս Լիմիթիդ» և «Լաթերոն Փրոփըրթիս Լիմիթիդ» ընկերությունները, որոնց միակ բաժնետերն էլ, իր հերթին, «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ն է, սակայն արդեն մոտ 130 միլիոն դոլարի վարկային բեռով: Այսինքն, ինչ-որ մարդիկ «Ռայնովիլ Փրոփըրթի Լիմիթիդ» ընկերության միջոցով, Հայաստանի կառավարության աջակցությամբ յուրացրել են մոտ 130 միլիոն դոլար, այնուհետև առքուվաճառքի տարատեսակ սխեմաների կիրառմամբ «Ռայնովիլ Փրոփըրթի Լիմիթիդ» ընկերության սեփականատեր, հետևաբար` գոյացած բոլոր պարտքերի համար պատասխանատվություն կրող են դարձրել  «Նաիրիտ գործարան»-ը, իսկ իրենք բարեհաջող կերպով անհայտացել են ողջ պատմությունից:

Իսկ այսօր գործարանի վերագործարկման ծրագրերի արդյունքների մասին զեկուցելու փոխարեն,  ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտնում է, որ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի պարտքը կազմում է մոտ 102 մլրդ դրամ, որից 6 մլրդ դրամը՝ աշխատավարձի գծով պարտքն է, 63 միլիարդը ՝ վարկային պարտավորություններ են, 20 միլիարդը՝ պարտք է Երևանի ՋԷԿ-ին, 8,5 միլիարդը՝ բյուջետային պարտք է, 1,4 միլիարդը՝ պարտք է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը, իսկ 1,2 միլիարդը ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը: Ավելին, 2015 թվականի փետրվարի 6-ին առնվազն 1700 մարդ կրճատվել է աշխատանքից՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 130 հոդվածի 2-րդ կետի իմպերատիվ այն պահանջի խախտմամբ, ըստ որի. «Գործատուն վերջնահաշվարկի օրը պարտավոր է աշխատողին վճարել աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարները…»:

Փաստորեն, տարիներ շարունակ ՀՀ Կառավարությունը չի ապահովել իր իսկ կնքած համաձայնագրերի կատարումը և «Նաիրիտ» ՓԲԸ-ի նորմալ գործունեությունը, որևէ քայլ չի ձեռնարկել պայմանագրային պարտավորությունները խախտած «Ռայնովիլ Փրոփըրթի Լիմիթիդ» ընկերությանը պատասխանատվության ենթարկելու համար, թույլ է տվել հսկայական գումարներին հասնող յուրացում, որոնք ըստ էության ձևակերպվել են որպես «Նաիրիտ» ՓԲԸ-ի վարկային «պարտքեր»:

Մեզ հետաքրքրում են հետևյալ հարցերի պատասխանները.

1.      Ինչո՞ ւ այս ակնհայտ չարաշահման համար կառավարությունը որևէ մեկին չի ենթարկում պատասխանատվության, մասնավորապես` չի դիմում գլխավոր դատախազությանը` գործը քննելու համար, ինչը թույլ կտար հայտնաբերելու յուրացումների իրական պատասխանատուներին և նրանցից դատական կարգով գանձել գողացված գումարները:

2.      Ինչո՞ւ  կառավարությունը, որի գործողությունների հետևանքով տեղի է ունեցել յուրացում և «Նաիրիտ» գործարանը կուտակել է հսկայական պարտքեր, առաջնային կարգով չի կատարում աշխատակիցների աշխատավարձի վճարման իր պարտավորությունը: Ե՞րբ են վերջապես վճարվելու աշխատավարձի գծով պարտքերը:

3.      Ինչո՞ւ օֆշորային գոտում գրանցված կասկածելի կազմակերպությանը, որն ուներ ընդամենը 20 հազար ֆունտ ստերլինգի չափով կապիտալ, տրվեց «Նաիրիտ» գործարանի բաժնետոմսերի 90 տոկոսը, ինչի արդյունքում էլ այդ կազմակերպությունը` գրավադրելով «Նաիրիտ» գործարանը` կառավարության երաշխիքով կարողացավ վերցնել 70 միլիոն դոլարի վարկ, որից յուրացվել է 30 միլիոն դոլարը:

4.      Ո՞վ է ներկայումս ընկերության իրական սեփականատերը:

5.      Ինչո՞ւ կառավարությունը չի կատարել «Նաիրիտ» գործարանի զարգացման և վերակառուցման նախկին ծրագրերը և արդյո՞ք կառավարությունն ունի գործարանի վերագործարկման որևէ ծրագիր:

Հայ Ազգային Կոնգրես

Խմբակցության ղեկավար`  

Լ. Զուրաբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930