Լրահոս
Օրվա լրահոսը

Հոգեւորական. Հռոմի Պապի քայլը համարձակ եւ ոգեւորող էր

Ապրիլ 14,2015 12:43

«Այդ քայլը համարձակ քայլ էր, ոգեւորող քայլ էր ու Պապն ապացուցեց, որ ինքը մարդու իրավունքներն ու արդարությունը վեր է դասում քաղաքական եւ տնտեսական շահերից»,- «Հայելի» մամուլի ակումբում անդրադառնալով Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից մատուցված պատարագին` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, ասաց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:

Հոգեւորականը նկատեց, որ իր պատգամում Հռոմի Պապը նախ վերստին բարձրաձայնեց Հայոց Ցեղասպանության մասին, բայց դրա աննախադեպությունը կայանում էր նրանում, որ Պապը միջազգային հանրությանը կոչ արեց`անվերապահորեն ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: Իսկ կաթոլիկ եկեղեցու բազմամիլիոնանոց հետեւորդների, ինչպես նաեւ տարբեր երկրների կաթոլիկ առաջնորդների համար անվերապահորեն ընդունելի, ավելին, հրամայական է Պապի պատգամը:

Տեղի ունեցածը հոգեւորականը համարում է ՀՀ-ի, Հայաստանյան կաթողիկոսական աթոռների եւ Վատիկանի համագործակցության արդյունք: Ի դեպ, բանակցությունները սկսվել են դեռ 2011 թվականից`ամենայն հայոց Կաթողիկոսի եւ Հռոմի նախարդ Պապի առաջին հանդիպումից ու ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում:

Անդրադառնալով Թուրքիայի կողմից իրականացվող հակաքայլերին էլ, բանախոսը նկատեց, որ դրանք բնական են. «Թուրքիան ի սկզբանե դեմ է եղել: Հասկանալով Վատիկանի կշիռը՝ հենց սկզբից սկսել է պայքարել: Ամեն հանդիպման ժամանակ նրանք փորձել են տարբեր դրսեւորումներով ճնշում գործադրել Վատիկանի վրա: Վատիկանում Թուրքիայի դեսպանն էր վերջերս գլուխ գովել, թե կանխել է Պապի այցը Հայաստան եւ Ցեղասպանություն եզրույթի օգտագործումը: Բայց ի հեճուկս իրենց, Պապն աշխարհին էլ կոչ արեց ընդունել հայերի Ցեղասպանությունը»:

Բանախոսը տեղեկացրեց, որ Պապը Հայաստան գալու է 2016-ին ու հավելեց, որ հրավերում ժամկետ նշված չի եղել Ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ներկա գտնվելու, ուստի, Պապն այս առիթով պատարագն է մատուցել, իսկ հաջորդ տարի կգա Հայաստան:

Ի դեպ, ապրիլի 24-ին Հայաստանում կլինեն 38 պատվիրակություններ 7 եկեղեցապետերով:

Լրագրողները հետաքրքրվեցին`Պապի պատգամում կա՞ր նաեւ հայկական եկեղեցական աթոռների միավորման կոչ: Բանախոսն ասաց, որ այն՝ ինչ որ տեղի է ունեցել 1500 տարի առաջ, մեկ օրում հնարավոր չէ անդրադարձել, բայց հայկական երկու կաթողիկոսական աթոռները սերտ համագործակցում են ու դա ակնհայտ է, դրա մասին հղումներ եղան նաեւ առաջնորդների ելույթներում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930