Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասել, որ ապրիլի 24-ին Հռոմի պապը կգա Հայաստան՝ դա մանկամտություն է». Սամվել Ֆարմանյան

Ապրիլ 14,2015 12:12

Հայաստան-ԵՄ խորհրդարանական հանձնաժողովի փոխնախագահ Սամվել Ֆարմանյանն այսօր «Դիալոգ» ակումբում անդրադարձավ Սուրբ Պետրոս եկեղեցում տեղի ունեցած պատարագին:

Նրա խոսքերով՝ «Սուրբ Պետրոսում սրբազան քահանայապետի կողմից մատուցված պատարագն առաջին նման պատարագն էր, որ մատուցվեց Կաթոլիկ եկեղեցու հովվապետի կողմից՝ դրանով Հայոց Ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման համար մղված պայքարում կարեւոր դեր կատարելով: Հռոմի պապը չխորշեց իրերը կոչել իրենց անուններով՝ հայ ժողովրդի հետ տեղի ունեցածը դիտարկելով որպես ցեղասպանություն եւ մարդկությանը հասցված ամենամեծ զանգվածային ողբերգություններից մեկը: Կաթոլիկ եկեղեցու ողջ պատմության եւ Հայ առաքելական եկեղեցու ողջ պատմության ընթացքում Գրիգոր Նարեկացին առաջին անգամ հռչակվեց որպես տիեզերական եկեղեցու վարդապետ: Պապը նշեց, որ եկեղեցին անկեղծության վայր է եւ պետք է իրերն իրենց անուններով կոչել: Սա մեր արտաքին քաղաքականության կարեւորագույն ձեռքբերումներից մեկն է եւ կարող է շարունակական ազդեցություն ունենալ մեր պայքարում»:

Խոսելով Թուրքիայի արձագանքի մասին՝ Սամվել Ֆարմանյանն ասաց. «Այն, ինչ տեղի ունեցավ Թուրքիայում, բոլորի համար շատ սպասելի էր: Ինչի մասին այսօր խոսում է թուրքական մամուլը, դրանք սպասելի են, բայց պետք է հավուր պատշաճի գնահատել ոչ միայն մեր դիվանագիտական շրջանակների աշխատանքը, այլեւ այն հանգամանքը, որ Պապ Ֆրանցիսկոսն առանձնանում է իր սկզբունքայնությամբ եւ հավիտենական արժեքների նկատմամբ իր վերաբերմունքով: Պապը իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին, ովքեր պայքարում են Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դատապարտման ուղղությամբ, նա ստանձնեց առաջնորդի դերակատարությունը միջազգային հանրությանը, ովքեր պնդում են, որ միջպետական հարաբերությունները երբեք չպետք է ստորադասվեն այն արժեքներին, որոնք պայմանավորում են մարդկության առաջընթացը»:

Հարցին՝ Հռոմի պապի հայտարարությունը քաղաքական կշիռ ունի՞՝ Սամվել Ֆարմանյանը պատասխանեց, որ միջպետական հարաբերությունները պայմանավորված են ոչ միայն տնտեսական եւ քաղաքական շահերով, այլ արժեհամակարգային պայքարով. «Հռոմի պապի յուրաքանչյուր հայտարարություն մեծ ազդեցություն ունի համաշխարհային գործընթացներում, եւ Վատիկանը սահմանափակված չէ՝ կապված կաթոլիկ աշխարհի առաջնորդության հետ: Վատիկանն ամենամեծ ազդեցությունն ունի այնպիսի համաշխարհային գործընթացներում, որոնք մենք նույնիսկ չենք կարող պատկերացնել»:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ ո՞ւմ պետք է վերագրել այս հաջողությունը, սովորաբար ՀՀԿ-ականները կուրծք են ծեծում մի փոքր առաջընթացի դեպքում եւ ասում են՝ մենք արեցիք, իսկ Դուք հիմա վերագրում եք սա միայն Պապի՝ արժեհամակարգի նկատմամբ ունեցած վերաբերմունքո՞վ Սամվել Ֆարմանյանը պատասխանեց. «Ում պետք է վերագրել այս հաջողությունը՝ մեր դիվանագիտական ողջ կորպուսը մեծ աշխատանք է տարել այդ ուղղությամբ եւ հաջողել է իր տարած աշխատանքներում: Սուրբ քահանայապետը նոր բարձրակետի է հասցնում կաթոլիկ եկեղեցու եւ առաջնորդի դերը: Անշուշտ, այլ 100 այլ հանգամանքներ էլ կարելի է մեջտեղ բերել, բայց դա ամենակարեւորն ու ամենաէականը չէ: Ամենակարեւորն այն է, որ սուրբ քահանայապետը դա որակեց ցեղասպանություն»:

Հարցին՝ Իտալիայից ովքե՞ր են գալու ապրիլի 24-ին Հայաստան՝ Սամվել Ֆարմանյանը պատասխանեց, որ այդ տեղեկատվությանը չի տիրապետում. «Մենք չպետք է կորցնենք իրականության զգացողությունը: Կան պետություններ, որոնք օբյեկտիվորեն առանձնահատուկ համագործակցության կամ շահեր ունեն Թուրքիայի հետ: Մենք պետք է շատ հարցերի ըմբռնումով մոտենանք: Կլինեն քննադատություններ,դրանք օրինաչափ են: Կապված Հռոմի պապի ներկայության հետ՝ սուրբ պատարագ մատուցելուց եւ ցեղասպանություն որակումից հետո նման հարցադրումները, որոնք մամուլում եմ նաեւ տեսել, կներեք, մանկամտություն են»:

Նաեւ հարցրեցինք՝ բացի Թուրքիայի կողմից ջղակծկումներից, մենք շոշափելի ի՞նչ ենք ստանալու այս պատարագի արդյունքում: Սամվել Ֆարմանյանը պատասխանեց. «Մենք 100 տարի մեր ջանքերն ուղղել ենք եւ ճիշտ ենք արել, որպեսզի Հայոց ցեղասպանությունը՝ որպես մարդկության դեմ ուղղված հանցագործություն, ճանաչվի եւ դատապարտվի: Այդ ճանապարհին մենք սկսել են ոչնչից, հասել ենք շոշափելի արդյունքների: Ունենալ միջազգային հանրության այն շրջանակները, որոնք ընդունում, դատապարտում եւ ճանաչում են Հայոց ցեղասպանությունը, այդտեղ ունենալ այնպիսի հզոր ձայն, ինչպիսի կաթոլիկ աշխարհի ներկայացուցիչն է՝ իր հետեւորդներով, սա ոչ թե ինչ-որ մի բան է, այլ սա շատ խոշոր ձեռքբերում է: Հռոմի պապը այն բացառիկ դեմքերից մեկն է, որոնց թիվը չի անցնում 10-ը, ովքեր համաշխարհային գործընթացների եղանակն են ստեղծում եւ թելադրում են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930