«Քիմ Քարդաշյանի եւ նրա ամուսնու`հայտնի երգիչ Քանյե Ուեսթի այցը տեղավորվում է Հռոմի պապի պատգամի շրջանակներում»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում կարծիք հայտնեց գրող, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանն`անդրադառնալով Վատիկանում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի կողմից Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով մատուցված պատարագին եւ Գրիգոր Նարեկացու սրբադասմանը:
Ռազմիկ Դավոյանի կարծիքով՝ Պապն իր ելույթի հիմքում դրել էր մեր հանրապետության նախագահի բոլոր ելույթներում դրված հիմնադրույթները: «Ու դրանք հնչեցին մի մարդու շուրթերից, որին ականջալուր է համաշխարհային մարդկությունը: Դա պատգամ ունի`հայերի պահանջն արդար է, Ցեղասպանություն եղել է եւ այն դատապարտելը համայն մարդկության պարտքն է»,- ասաց նա`հավելելով, որ բոլորին է հայտնի, թե ի՞նչ է նշանակում Վատիկանից հնչած պատգամը, բոլորը գիտեն թե ի՞նչ է նշանակում Հռոմի Պապից հնչած պատգամը ոչ միայն կաթոլիկ աշխարհի, այլ համայն մարդկության համար: «Հայոց պահանջատիրության շուրջ համախմբման կոչով նա առաջնորդվում էր հայ ժողովրդի, մեր եկեղեցու ցանկություններով: Պապի ամենամեծ պատգամը մեր ժողովրդի միասնականությունը վերականգնելու պատգամն էր, այդ թվում նաեւ հայկական եկեղեցիների»,- ասաց բանախոսը`նկատելով, որ այդպիսի միասնականություն ունեցել ենք ղարաբաղյան շարժման ժամանակ, բայց դա ջախջախվեց իշխանատենչության մեջ. «Հիմա երկրորդ շանսն է տրվել մեզ`համախմբվելու Հայ Դատի շուրջ: Միասնականանալով շատ ավելին ձեռք կբերենք, քան հաջորդ վայրկյանին թուրքերի կողմից Ցեղասպանությունը ճանաչելը»: Հռոմի պապի հայտարարությունները, Ռազմիկ Դավոյանի կարծիքով միայն կրոնական համատեքստում չպետք է դնել, Պապը ուղղակիորեն մտնում է նաեւ քաղաքական դաշտ:
Պապի պատգամների շրջանակներում, Ռազմիկ Դավոյանն անդրադառնալով Քիմ Քարդաշյանի այցին ասաց, որ դա ևս կարեւոր էր ու մեջբերեց ռուսական ասացվածքը` որտեղ չի կտրում ռուսական թուրը, կտրում է ռուս կինը: «Համաշխարհային մամուլը մեռնում էր Հայաստանի մասին մի կարգին լուր տա, բայց այս օրերին Հայաստանի պատկերները տեղադրված էին համաշխարհային մամուլում ու դա ապշեցնող էր»,- ասաց Ռազմիկ Դավոյանը`հավելելով, որ եթե Քանյե Ուեսթի համերգի օրը Երեւանում լիներ, անպայման կգնար եւ հաճույքով նրա ետեւից կնետվեր ջուրը:
Գրականության ինստիտուտի փոխտնօրեն Վարդան Դեւրիկյանն էլ համաձայնեց Ռազմիկ Դավոյանի դիտարկումների հետ`հավելելով, որ Վատիկանի արարողությունը ճաշակով ու անթերի իրականացված էր նաեւ: Նա հիշեցրեց, որ Վատիկանի կողմից մի քանի անգամ ասվել է, բայց համատեքստն էր ուրիշ: Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի շեմին Հռոմի Պապի այս հայտարարությունը, նրա համոզմամբ, դետոնատորի ազդեցություն կունենա այն գործիչների մասով, ովքեր կցանկանային դիրքորոշում հայտնել, բայց ձեռնպահ էին մնում:
Կարդացեք նաև
Թե Նեապոլի, թե Վատիկանի արարողությունները Վարդան Դեւրիկյանը համարում է Հայաստանին ընձեռնված հնարավորություններ են, որպեսզի ցույց տանք մեր ներկայությունը Եվրոպային:
«Մեկ հայ, հայուհի վերադարձավ իր արմատներին եւ դա հրապարակայնորեն կատարեց: Ուրախացրեց իր բազմահազարանոց երկրագուներին, համաշխարհային հնչեղություն տվեց»,- սա էլ Դեւրիկյանի վերաբերմունքն է հայազգի մեգաաստղի`Քիմ Քարդաշյանի հայաստանյան այցելությանը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ