Լրահոս
Օրվա լրահոսը

Լուսինե Սահակյան. Համաներման կիրառումն անհրաժեշտություն է. «168 ժամ»

Ապրիլ 14,2015 11:49

Փաստաբան Լուսինե Սահակյանն ասաց, որ Հայաստանում մեկուսարանները գերծանրաբեռնված են, ինչը պայմանավորված է նրանով, որ գրեթե բոլոր դեպքերում անձանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվում կալանավորումը՝ չնայած այն պետք է լիներ բացառիկ խափանման միջոց, եւ համաներման արդյունքում հնարավոր է լինում լիցքաթափել մեկուսարանները. «Ուստիև նկատի ունենալով նաև այդ հարցը, գտնում եմ, որ այս պահի դրությամբ համաներման կիրառումն անհրաժեշտություն է՝ չնայած ընդհանրապես գտնում եմ, որ համաներման կիրառումը կարծես թե այսքան արագ-արագ չպիտի լիներ։ Սակայն Հայաստանի նման երկրում, որտեղ դատարաններն արդարադատություն չեն իրականացնում, և անձանց նկատմամբ կալանքը համատարած ընտրվում է որպես խափանման միջոց, դատական ակտերն անձանց նկատմամբ շատ երկար տարիներով ազատազրկում են նախատեսում, յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամ համաներման կիրառումը գրեթե անհրաժեշտություն է դարձել»։

Մեր հարցին՝ արդյոք նախորդ տարիներին հայտարարված համաներումների տեքստերում նկատե՞լ է թերություններ, որոնք անհրաժեշտ է շտկել, Լուսինե Սահակյանը պատասխանեց. «Յուրաքանչյուր տարվա համաներման ակտում մենք նկատում ենք պարտադիր հոդվածներ, որոնցով հստակ երևում է, որ կոնկրետ անձանց նկատմամբ համաներում չտարածելու համար հոդվածները հանվում են համաներման ցուցակներից կամ հակառակը, հոդվածներ, որոնք չպիտի լինեին համաներման ակտում, ներառվում են համաներման ակտում, որպեսզի կոնկրետ անձանց նկատմամբ կիրառելի լինեն։ Համաներումն այնպիսի ակտ է, որ հնարավոր չէ ասել, թե ինչու պետք է անպայման այս հոդվածի վրա տարածվի, այն հոդվածի վրա չտարածվի։ Սակայն համաներման ակտը պետք է տրամաբանություն ունենա, թե հատկապես ինչու չի կիրառվում որոշակի հոդվածների նկատմամբ։ Հուսանք՝ այս անգամվա համաներման ակտն այդպիսի հատուկ նորմեր չի պարունակի իր մեջ»։

Օֆելյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930