Մեկ ամիս առաջ դժվար կլիներ այսպիսի կանխատեսում անել, բայց Ուեսթ-Քարդաշյանների այցը մեծ ու հիշարժան իրադարձություն դարձավ Հայաստանի համար։ Պատճառը միայն այն չէ, որ նրանց այցելության շնորհիվ մեկ շաբաթ շարունակ Հայաստանն ու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը համաշխարհային լրահոսի առանցքային թեմաներից են դարձել։ Շատ ավելի կարեւոր են այն էմոցիաներն ու անկեղծությունը, որով Քիմը, Քանյեն, Քլոյեն հարստացրեցին մեր առօրյան։ Այդ մարդիկ բարձրացրեցին հազարավոր հայաստանցիների ինքնագնահատականը, որոնք բոլորիս հայտնի հանգամանքների բերումով մտածում էին, թե ապրում են դատապարտված, ապագա չունեցող, տխուր ու մռայլ մի երկրում։ Բայց երբ Քանյեն ու Քիմը, Հայաստան գալով, մեծ խորհուրդ են դնում դրա մեջ, դա անվանում են ուխտագնացություն, այդ ուխտագնացության ընթացքում խորհում են ու ի վերջո պոռթկում հարյուրավոր գույներ ավելացնելով մեր իրականությանը, մենք հասկանում ենք, որ մեր հայրենիքն իրոք սրբազան երկիր է, որ մենք երջանիկ ենք, որ ծնվել եւ ապրում ենք Հայաստանում, որ Երեւանն է աշխարհի ամենաչքնաղ քաղաքը, որ մենք պարտավոր ենք ծաղկեցնել, ապրեցնել եւ հզորացնել մեր երկիրը, որ մենք պարտավոր ենք Հայաստանում ծնված, մեծացած եւ այստեղ ապրող մարդկանց համար ստեղծել Քիմ Քարդաշյան եւ Քանյե Ուեսթ դառնալու հնարավորություն՝ ուժեղ, ազդեցիկ, հարուստ, երջանիկ ու կայացած։ Մենք պարտավոր ենք յուրաքանչյուր մարդու ինքնադրսեւորվելու, սեփական ես-ն ու ինքնությունը ունենալու հնարավորություն տալ։ Սա է Ուեսթ-Քարդաշյանների այցի ամենակարեւոր հետեւությունը։
Հիմա արդեն համացանցում սկսվել են քննարկումներ, թե ո՞վ կլիներ Քիմ Քարդաշյանը, եթե ծնված, մեծացած լիներ Հայաստանում եւ ապրեր այստեղ։ Կարելի է տասնյակ տարբերակներ, վարկածներ առաջ քաշել, որոնք իրականություն դառնալու տարբեր հավանականություն կարող են ունենալ։ Բայց որ նա չէր կարող լինել Քիմ Քարդաշյան, դա հաստատ է։ Եվ այս իմաստով՝ նրա այցը Հայաստան անխուսափելիորեն փոխելու է նաեւ մեր երկիրը, որոշակիորեն սրբագրելու է մեր պատկերացումը հանրության մեջ կնոջ դերի մասին, փոխելու է մեր պատկերացումը կնոջ մասին ընդհանրապես։ Եվ այդ փոփոխությունները լինելու են դրական, քանի որ հավասարակշռված են լինելու մեր ավանդական պատկերացումներով։ Հիմա արդեն այդ փոփոխությունները տեղի են ունենում, տեղի է ունեցել. Քարդաշյանի այցի առաջին օրը համացանցը հեղեղված էր հեգնական, զայրացած, արհամարհական ռեպլիկներով՝ ոչ միայն Քիմ Քարդաշյանի, այլեւ նրանով հիացածների եւ հետաքրքրվողների հասցեին։ Բայց փաստն այն է, որ Քիմ Քարդաշյանը լռեցրեց բոլոր չարախոսներին ու կասկածողներին, նա մեզ ստիպեց սիրել իրեն, ստիպեց հիանալ իրենով, ստիպեց, որ մենք բոլորս ընդունենք, որ նա մեր հայրենակիցն է, մեր քույրը, մեր սիրելին։ Նա ցույց տվեց, որ աշխարհիկ «տուսովկաների» համաշխարհային աստղ լինելը համատեղելի է կին, մայր, դուստր եւ հայ լինելու հետ։
Ընդ որում՝ նա դա արեց նախապես հասկանալով, թե ուր է գալիս։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում