Այն բանից հետո, երբ կիրակի օրը Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում պատարագ մատուցվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, իսկ Գրիգոր Նարեկացին ճանաչվեց տիեզերական եկեղեցու վարդապետ, միանգամայն սպասելի էր, որ մեր՝ հայաստանյան արձագանքների մի մասը կլինի մոտավորապես հետեւյալը. «Կաթոլիկ եկեղեցին առանձնապես ազդեցիկ չի աշխարհում, Ֆրանցիսկոս պապն այնքան էլ լավ մարդ չի՝ այսինչ թվականին այսինչ թերթը նրա մասին այսինչ բանն էր գրում»: Կամ՝ «ի՞նչ մի բան կա պատարագի մեջ, ա՛յ, եթե Հռոմի պապը ապրիլի 24-ին գար Հայաստան, ապա դա մեր ազգի հաղթանակը կլիներ»:
Իհարկե, ավելի լավ կլիներ, եթե Հռոմի պապն ասեր՝ «տվե՛ք հայերին Սեւրի պայմանագրով իրենց հասանելիք հողերը», իսկ թուրքերն էլ դրան պատասխանեին՝ «դե, քանի որ Ֆրանցիսկոսն է ասում, ուրեմն եկեք տանք»: (Չնայած, մեր մեջ ասած, չեմ պատկերացնում, թե ինչ ենք մենք այդ հողերի վրա անելու, քանի դեռ չենք որոշել, թե ինչ ենք անում մեզ արդեն «հասած» 29 հազար կիլոմետրի վրա): Բայց պատարագի միջոցով Սեւրի պայմանագրի կետերը չեն իրականացվել, հետեւաբար ամեն ինչ իզուր է:
Մի խոսքով՝ փնթփնթալու մշակույթը Հայաստանում չափազանց զարգացած է՝ դա ազգային առանձնահատկություն չէ, պարզապես վերջին քառորդ դարում վերնախավը, լրատվամիջոցները (իհարկե, ես էլ մնացածների թվում) սովորաբար չեն կարողանում մարդկանց դրական լիցքեր հաղորդել՝ դա դժվար է: Իսկ ամեն ինչից դժգոհելը, ոչ մի տեղ ոչ մի լավ բան չտեսնելը հեշտ է, դա թուլացած վիճակում հոսանքի մեջ լողալու նման մի բան է:
Մինչդեռ կիրակի օրը Հռոմում տեղի ունեցած իրադարձությունը կարեւոր է նախեւառաջ, իմ կարծիքով, նրանով, որ մեր երկիրը, մեր մշակույթն ու պատմությունը դրվում են համաշխարհային համատեքստի մեջ: Վատիկանը ոչ միայն պետություն է, դա 1 միլիարդ 300 միլիոն կաթոլիկների հոգեւոր կենտրոնն է, որի ազդեցությունը, սակայն, սփռվում է կաթոլիկ աշխարհի սահմաններից դուրս: Առնվազն 2001 թվականից ի վեր Հայոց ցեղասպանության փաստի վերահաստատումը ոչ միայն քաղաքական որոշում է, այլեւ ավանդույթ, որը հետագա տասնամյակների ընթացքում ազդելու է ամբողջ աշխարհի հոգեւոր կյանքի վրա:
Կարդացեք նաև
Նույն մոտեցումը պետք է լինի Գրիգոր Նարեկացու՝ տիեզերական եկեղեցու վարդապետ հռչակելու փաստին: Դրանով արձանագրվում է, որ մեր աստվածաբանը, փիլիսոփան եւ բանաստեղծը Օգոստինիոս Երանելու, Հովհան Ոսկեբերանի, Թովմաս Ակվիանացու շարքում է՝ նրանց բոլորի ստեղծագործությունը կազմում է եվրոպական եւ, հետեւաբար, համաշխարհային քաղաքակրթության հիմքը: Թե մենք, թե մեր բարեկամները եւ թե չուզողները պետք է իմանան, թե որն է մեր՝ հայերիս իրական դերն ու կշիռը աշխարհում:
Ես աղոտ հույսեր ունեմ, որ այս բոլոր իրադարձությունները կդրդեն մեր փնթփնթաններին կարդալու «Մատյան ողբերգության»-ը:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Վերջին նախադասությունն ինձ ժպտալու լիցք հաղորդեց:
29 հազար կիլոմետր….բա հենց ինքներդ ասում եք, թե Ղարաբաղը Ձեզ համար Հայաստան է: Ինչ Հռոմի պապ, իրականությունը սա է:
Իմ դասախոսներից պրոֆեսոր Ալբերտ Ստեփանյանը մի առիթով նկատեց, որ Տիգրան Մեծից հետո մենք գրեթե չկանք համաշխարհային պատմության համատեքստում: Մինչ օրս համաշխարհային և հայոց պատմությունները այնպես են շարադրվում` մեր իսկ “պատմաբանների” կողմից, որ աշակերտ/ուսանողը չի կարողանում հայոց պատմության ինչ-ինչ դրվագը տեղադրել նույն ժամանակաշրջանի համաշխարհային համատեքստում:
Այս քայլով կարծես թե մեզ հրավիրում եմ վերադառնալու/կամ գուցե մենք նման ներքին հայտ ներկայացրինք/ համաշխարհային համատեքստ: Հուսամ ըստ արժանվույնս կպատասխանենք այս մարտահրավերին: Պատմական իրողություն է:
Հռոմի Պապի արտասանած Ցեղասպանություն բառը պետք է ուղենիշ լինի բոլորի համար, նաև մեր՝ հայերիս: Եվ այսուհետ մենք չե՛նք ընդունելու ուրիշ ոչ մի բառախաղ—- «դաժան դեպքեր», «ահավոր սպանություններ»,«ողբերգական իրադադարձություններ»…………….Թող օտարազգի պետական գործիչները հասկանան, որ ,եթե չե՛ն ասելու Ցեղասպանություն, ուրեմն թող ընդհանրապես չխոսե՛ն այդ մասին, իրենց կիսատ-պռատ, ձևական ցավակցությունները մենք չենք ընդունում: Ի վերջո, դա ամբողջ մարդկությանն է վերաբերում: Եթե 1ՕՕ տարի առաջ ասեին ճշմարտությունը, հիմա երկիր մոլորակը շատ ավելի լավը կլիներ:
Շատերը կը փորձեն կարդալ: Բայց 2-3 էջ կարդալուց յետոյ մի կողմ կը դնեն: Որովհետեւ չեն հասկանայ: Նման որակի գրականութիւն կարդալը հոգեւոր ահռելի պաշար է ենթադրում: Դա տասնամեակների տքնաջան աշխատանք է, անքուն գիշերներ: Դա ընկալելու համար դասական երաժշտութիւն, գեղարուեստ պիտի սիրել:
Հարգելի Արամ, կարծում եմ մենք բոլորս պիտի շնորհակալ լինենք մե Արգենտինահայ համայնքին որ ժամանակին Ֆրանցիսկոս Պապին «հասցրել» են նահատակ հոգիների Պատգամը…
Ինչ վերաբերում է «Մատյան ողբերգությոանը» կարդալուն…մեր նախապապերը, որոնցից շատերաը կարդալ չգիտեին , այնքան հոգու ուժ ունեին որ «կարդացել» են այն , դրա համար այն Սուրբ Գիրք էր համարվում մարդկանց տներում, այն դնում էին հիվանդների գլխի տակ …
Իհարկե ցանկալի կլիներ որ այսօրվա նոր սերունդը ծանոթ լիներ այդ Սուրբ Գրքին…