Խորհրդային շրջանում Նոյեմբերյանի դեղձի այգիներն ամեն տարի մոտ 30 հազար տոննա բերք էին տալիս: 1990-ական թվականներին հանրապետությունում տիրող վառելիքաէներգետիկ ճգնաժամի պատճառով այգիների ոռոգման գործը վատթարացավ, դեղձի այգիների մեծ մասը հատվեց: 2000-2003 թթ. ԻՖԱԴ կազմակերպության կողմից Հայաստանին տրված վարկային միջոցներով հիմնվեց 350 հա դեղձի այգի, մենատնտես գյուղացիներն իրենց տարածքներում դեղձի այգիներ հիմնեցին:
Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի պոչամբարից արտանետումների հետեւանքով պարբերաբար Դեբեդը մոխրագույն է դառնում: Դեբեդի հովտի այգեգործները դժգոհում են, որ այդ ջրով այգիները ջրելու դեպքում դեղձենու բունը պատվում է սպիտակ փառով, հողը պնդվում, կարծես բետոնապատ է դառնում: Ախթալայի լեռնահարստացման ֆաբրիկայի, Ալավերդու պղնձաձուլական գործարանի գործունեության հետեւանքով Դեբեդն աղտոտվում է:
2008թ. օգոստոսի 22-ին այն ժամանակ ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը Պտղավան այցելության ժամանակ այգեգործները հարց բարձրացրին դեղձի այգիները սնուցող Դեբեդի ջրի աղտոտվածության մասին: Ա. Գեւորգյանն ասաց, որ Դեբեդի ջուրը Երեւանում լաբորատոր փորձաքննության ենթարկելու համար գյուղնախարարությանը հանձնարարական է տրվել, որ բնապահպանության նախարարությունը երկարաժամկետ մոնիտորինգ է անելու գործարանների կողմից գետ նետվող արտանետումների նկատմամբ:
Ա. Գեւորգյանը այն ժամանակ կարծիք հայտնեց, որ շուտով կգտնվի հարցի լուծումը: 7 տարի է անցել, հարցի լուծումը այդպես էլ չի գտնվել: Դեբեդի հովտի պտղաբույծները մտահոգված են, որ Թեղուտի բազմամետաղային հանքավայրը շահագործման հանձնելուց հետո ծանր մետաղներով Դեբեդի աղտոտվածությունը կավելանա, Նոյեմբերյանի դեղձը վտանգավոր կդառնա մարդկանց առողջության համար:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ