Ապրիլի 12-ին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի DR Byen համերգասրահում համերգով հանդես եկավ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան):
Մինչ նվագախմբի համերգային մասը սկսելը՝ հնչեցին հայկական շարականներ՝ դանիական Հեռլե քաղաքի եկեղեցական պատանեկան երգչախմբի կատարմամբ: Երգչախմբի՝ հայալեզու երաժշտության կատարումը ջերմ ընդունելության արժանացավ հանդիսատեսի կողմից:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգի ընթացքում հնչեցին սյուիտ Արամ Խաչատրյանի «Սպարտակ» բալետից, Էդվարդ Գրիգի դաշնամուրի կոնցերտը, Պյոտր Չայկովսկու 6-րդ սիմֆոնիան: Նվագախմբի հետ ելույթ ունեցավ նաև հայտնի դանիաբնակ դաշնակահարուհի Մարիաննա Շիրինյանը: Վերջինս, արժանանալով բուռն ծափահարությունների, ի հավելումն ծրագրային մասի, կատարեց նաև Կոմիտասի ստեղծագործություններից մեկը:
Կարդացեք նաև
Համերգի ավարտին հոտնկայս ծափահարությունների ներքո նվագախումբը կատարեց Էդվարդ Միրզոյանի ստեղծագործություններից մեկը՝ որպես վերջաբան:
Հանդիսատեսը հեռացավ համերգասրահից՝ խիստ տպավորված և հիացած:
Ապրիլի 13-ին նվագախումբը ելույթ կունենա դանիական մեկ այլ քաղաքում` Օլբորգում, իսկ ապրիլի 14-ին՝ Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում:
Սոսե Մայիլյան
Կոպենհագենի համալսարանի Իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ի կուրսի ուսանողուհի