Երևանի ժամանակով ժամը 21.00-ին, Իսպանիայի ժամանակով ժամը 19.00-ին Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի կենտրոնական «Քատեդրալ դե Սանտա Մարիա Լա Ռեալ Դելլա Ալմուդենա» եկեղեցում արքեպիսկոպոս Կառլոս Օսորո Սիերան պատարագ է մատուցել՝ նվիրված Հայոց Մեծ եղեռնի 100-ամյակին:
Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց պատարագին մասնակցած Իսպանիայի հայ համայնքի ներկայացուցիչներից մեկը՝ մեզ լուսանկարներ ուղարկելով: Պատարագին մասնակցել են ՀՀ դիվանագետներ՝ Իսպանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցի գլխավորությամբ, Իսպանիայի կառավարության, հատկապես արտգործնախարարության ներկայացուցիչներ, սենատորներ և կոնգրեսմեններ, հայտնի գրողներ ու արվեստագետներ և ի վերջո բազմաթիվ հայ ու իսպանացի հավատացյալներ: Մեզ տեղեկացրեցին նաև, որ այս հարցում մեծ դերկատարություն է ունեցել հայկական համայնքը:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ