Լրահոս
Օրվա լրահոսը

«Այստեղ և հիմա»

Ապրիլ 13,2015 22:33

«Մի քանի տարի առաջ մայրս Ֆրանսիա էր գնացել քրոջս այցելության: Վերադարձին ցանկացել է նվեր գնել ինձ համար: Քույրս հուշել է, որ իսպաներեն գիրքն ամենալավ նվերը կլինի ինձ համար, քանի որ Հայաստանում իսպաներեն գիրք ձեռք բերելը գրեթե անհնար է: Մայրս բերել էր երեք հրաշալի գիրք, որոնցից մեկը Կորտասարի «Այստեղ և հիմա» ժողովածուն էր»,- պատմում է թարգմանչուհի Կառա Չոբանյանը:

Ահա այս գիրքն այնպիսի տպավորություն է գործում թարգմանչուհու վրա, որ նա, առանց որևէ հրատարակչի հետ պայմանավորվելու, նստում ու թարգմանում է այն՝ ներքին համոզմամբ, որ Կորտասարն այն հեղինակն է, որը մի օր անպայման մեկին կհետաքրքրի:

«Նոր էի ավարտել թարգմանությունը, երբ պատահաբար հանդիպեցի արձակագիր Հրաչյա Սարիբեկյանին: Նա ասաց, որ «Անտարես» հրատարակչությունում թարգմանական մեծ ծրագիր են նախաձեռնել և իսպաներենի թարգմանիչ են փնտրում: Գնացի «Անտարես», խոսեցի հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հետ, նա ասաց, որ նոր մատենաշարը որոշել են սկսել Բորխեսով կամ Մարկեսով: Ես, իհարկե, համաձայն էի, բայց ասացի, որ Կորտասարի գիրքը թարգմանել եմ արդեն: Ինձ հաճելիորեն զարմացրեց, որ ընդամենը մեկ րոպեն բավական եղավ, որ Ա. Մարտիրոսյանը մտածեր, ծանր ու թեթև աներ, և ասեր՝ դե ինչ, թող Կորտասարը լինի առաջինը. նա ոչնչով չի զիջում ո´չ Բորխեսին, ո´չ Մարկեսին»,- պատմում է թարգմանչուհին:

Ահա այսպես թարգմանվեց ու հրատարակվեց արգենտինացի մեծանուն գրող Խուլիո Կորտասարի «Այստեղ և հիմա» պատմվածքների ժողովածուն, որն այսօր արդեն ներկայացվեց հանրությանը: Թարգմանությունն արվել է բնագրից և առաջին անգամ է հանձնվում հայ ընթերցողի դատին: Հատորն ընդգրկում է ինը պատմվածք:

Մահվանից (1984 թ.) ոչ շատ առաջ տարբեր տարիներին գրած իր պատմվածքներից Կորտասարը կազմել է չորս հատորով առանձին շարք՝ պատմվածքներն ընդգրկելով ոչ թե ըստ ժամանակագրության, այլ ըստ թեմայի: «Այստեղ և հիմա» ժողովածուն վերջին հատորյակն է՝ չորրորդը: Թեման բռնատիրությունն է, մարդու նկատմամբ բռնությունը ոչ միայն մարդու, այլև իշխանության կողմից:

Գրողի վերջին ժողովածուն արտացոլում է Արգենտինայում 1976 թվականին սկսված և միայն 1983-ի վերջում ավարտված ռազմական հեղաշրջման տարիները:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Գալուստ Ենոքյան says:

    Ուզում եմ շնորհավորել Կառա Չոբանյանին եվ Հայ ընթերցողներին հոյակապ գրողի գրականությունը հայերեն ունեմալու համար…մենք երիտասարդ տարիներին միայն ռուսերեն լեզվով էինք կարդում նրա պատմվածքները: Նա բավական ժամանակ ապրել էր Նյու Յորքում ՄԱԿ ում աշխատելու տարիներին եվ մի հրաշալի պատմվածք էր գրել սաքսոֆոնիստ Չարլի Պարկերի մասին, որ կարդացել եմ կարծեմ սովետական պարբերկաններից մեկում…նորից շնորհավորում եմ բոլորիդ:::

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930