Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ նախագահը քննադատեց Թուրքիայի նախագահին ու բացատրեց, թե ինչու չի օգտագործում ցեղասպանություն բառը

Ապրիլ 13,2015 21:20

«Մենք լիովին կիսում ենք Մինսկի խմբի ձևաչափը, բայց Վեհաժողովն անկախ մարմին է, ունի իր սեփական որոշումը կայացնելու իրավունք»,-Aravot.am-ի հարցին արդյոք այն, որ ԵԽԽՎ-ն նախաձեռնել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ զեկույց դա չի՞ նշանակում, որ հակասում է ինքն իրեն, քանի որ բազմիցս ԵԽԽՎ-ն հայտարարել է, թե ԼՂ հակամարտության կարգավորման ձևաչափը Մինսկի խմբինն է, այսպես պատասխանեց ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորը:

Տիկին Բրասյորի հետ առանձնազրույցի ընթացքում նրան հիշեցրինք, թե զեկույցի վերաբերյալ քննադատություններ են հնչել ՀՀ-ում և ԼՂՀ-ում, օրինակ՝ ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը նշել էր, որ եթե զեկույցը պատրաստող ԵԽԽՎ բրիտանացի պատգամավոր Ռոբերտ Ուոլթերը չփոխի իր զեկույցի վերնագիրը, ապա լավ կանի, որ Լեռնային Ղարաբաղ չգա, տիկին Բրասյորը պատասխանեց. «Ղարաբաղյան հակամարտության թեման մեզ համար մեծ մտահոգության առարկա է: Պետք է խելամիտ լուծում գտնել: Զեկույցի պատրաստման որոշումն ընդունվել է ժողովրդավարական ընտրությունների միջոցով: Ուստի պետք է հարգեք այդ որոշումը, որն ընդունվել է մեծամասնության կողմից»:

Անն Բրասյորը վստահեցրեց, որ ամեն ինչ անելու են, որ զեկույցը լինի հավասարակշռված, լսելու են հակամարտության մեջ ընդգրկված բոլոր կողմերին և որ զեկույցը «լուծումներ առաջարկի, ոչ թե նոր խնդիրներ առաջացնի»: Դառնալով զեկույցի անվանման փոփոխությանը՝ տիկին Բրասյորն ասաց. «Զեկույցի վերնագիրը հանձնաժողովի որոշումն է, դա զեկուցողի որոշելու հարցը չէ»:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ՀՀ ԱԺ-ում հրավիրված ասուլիսին  Անն Բրասյորը խուսափեց օգտագործել Հայոց ցեղասպանություն արտահայտությունը՝ այն որակելով, որպես «զանգվածային սպանություններ»:

Հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է վերանայի իր արտահայտչամիջոցները Հայոց ցեղասպանության առիթով՝ մանավանդ, որ աշխարհի բազմաթիվ երկրներ, այդ թվում ԵԽԽՎ-ում ներկայացված Եվրոպական ժողովրդական կուսակցությունը, ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: ԵԽԽՎ նախագահը մասնավորապես պատասխանեց. «Պետք չէ ԵԺԿ-ի մասին միայն լավը կամ միայն վատը մատնանշել, այ, օրինակ, Լեռնային Ղարաբաղի մասին զեկույցի վերնագիրը՝ օկուպացիայի հետ կապված, առաջարկել է ԵԺԿ-ի խումբը»:

Անդրադառնալով ցեղասպանություն բառը օգտագործելուց խուսափելուն՝ տիկին Բրասյորն ասաց. «Ես ունեմ ԵԽԽՎ-ի անունից խոսելու մանդատ: Իսկ ԵԽԽՎ-ն չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը և դրա համար ես չեմ կարող խոսել ցեղասպանության մասին: Մանդատ չունեմ, դրա համար էլ ցեղասպանություն բառը չեմ օգտագործել, այլ օգտագործել եմ զանգվածային սպանություններ եզրույթը: Բայց կատարվածը ընդունելի չէ մեզ համար և դատապարտելի է, ու մենք պարտավոր ենք դա հիշել, որ այլևս չկրկնվի»:

Մեր հարցին՝ արդյոք ԵԽԽՎ-ն բացի ընդհանուր կոչերից՝ ուղղված երկու երկրներին այլ քայլեր ձեռնարկելո՞ւ է Ադրբեջանին պարտավորեցնելու կատարել իր միջազգային պարտավորությունները, մանավանդ, որ հրադադարի ռեժիմի խախտումներն ավելի հաճախադեպ են դարձել ու սահմանին զոհերի թիվը տարեսկզբից աճել է, Անն Բրասյորը պատասխանեց. «Այն, ինչ տեղի է ունենում, անընդունելի է հատկապես այն մարդկանց համար, որոնք ապրում են հակամարտության գոտիներում: Նրանց կյանքը վտանգի տակ է. սա մեզ համար մտահոգիչ է: Բռնությունները մեզ համար անընդունելի են, դրանք չեն կարող  հակամարտության լուծում լինել: Մինսկի խմբի որոշումները պետք է հարգվեն, զինադադարի ռեժիմը պետք է պահպանվի»:

Մեր այն դիտարկմանը՝ ընդունելի՞ են Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Հռոմի Պապի հասցեին հնչեցված մեղադրանքները՝ կապված նրա՝ Հայոց ցեղասպանության  մասին հայտարարությանը, Անն Բրասյորը պատասխանեց. «Հռոմի պապի նկատմամբ մեծ հարգանք ունեմ, նա բարոյական հեղինակություն է: Եթե անգամ համամիտ էլ չես նրա հայտարարությունների հետ, որոնց հետ երբեմն ես էլ համամիտ չեմ, դու պետք է հարգես նրա կարծիքը: Որպես կաթոլիկ եկեղեցու առաջնորդ՝ նա կարող է իր կարծիքը հայտնել ու այն պետք է հարգել, անգամ, եթե դու համամիտ չես դրա հետ»:

Անն Բրասյորից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ երաշխիքներ կան, որ ԵԽԽՎ-ն իր որոշումներում անկողմնակալ է լինելու՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ  Թուրքիան դառնալու է ԵԽԽՎ-ի գլխավոր ներդրողը ու ինչպես ասում են՝ ով վճարում է, նա էլ պատվիրում է երաժշտություն,  տիկին Բրասյորը պատասխանեց. «Դա արդարադատության և հավասարության հարց է: Այստեղ խոսքը երկրի ներկայացվածության մասին է: Թուրքիան մեծ երկիր է դարձել իր ժողովրդագրական աճի շնորհիվ, բայց ԵԽԽՎ-ում ներկայացված է միջին չափի երկրի մակարդակով: Ուստի  պետք էր այդ խնդիրը լուծել: Այստեղ խնդիրը երկրների միջև հավասարության ապահովումն է, ուստի նրանք պետք է ունենան ֆինանսական ներդրում: Ինչ վերաբերում է երաշխիքներին, ապա այդ սկզբունքը ես չեմ ընդունում, թե ով վճարում է, նա էլ երաժշտությունն է պատվիրում: Օրինակ՝ ես փոքր երկրի ներկայացուցիչ եմ, կամ Նախարարների խորհրդում այնպես չէ, որ ներկայացված են միայն մեծ երկրները: Այստեղ ոչ թե փողն ունի դերակատարություն, այլ փաստարկները»:

Տիկին Բրասյորը տեղեկացրեց նաև, որ թուրքերենը այսուհետ կընդգրկվի ԵԽԽՎ աշխատանքային լեզուների շարքում՝ ռուսերենի, գերմաներենի և իտալերենի կողքին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Hayk says:

    Интересно, она читает газеты, где десятки статьей с фактами об “икорной дипломатии”?? Могу дать ссылки!! Кстати, авторы не армяне!……. А кто и где дали мандат ПАСЕ—–заниматься вопросами НКР? Или сами решили от нечего делать? Почему? Азербайджан умеет хорошо отблагодарить? Так знайте,что мы тоже “уважаем” Ваше мнение,но НЕ согласны с Вами! Мы думаем,что карабахские дети имеют те же права,что и Ваши дети! А еще помним кадры, как ваши некоторые депутаты относятся к чужой боли!

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930