21 դանակի հարվածով սպանված Դիանա Նահապետյանի քաղաքացիական ամուսինը`Վոլոդյա Մուրադյանը դատարանում պարբերաբար փորձում է մեղքը թեթեւացնող պատճառաբանություններ ներկայացնել: Պատասխանող կողմը փորձում է ապացուցել, որ կնոջը դաժանորեն սպանած ամբաստանյալ Մուրադյանը աֆեկտի տակ է եղել:
Այսօր Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան էր հրավիրել ճանաչված հոգեբան Էլդա Գրինը` պարզելու` ամբաստանյալը դեպքի ժամանակ խիստ հուզական վիճակում եղե՞լ է, թե ոչ:
Aravot.am-ի հետ զրույցում Դիանա Նահապետյանի իրավահաջորդի պաշտպան Նարինե Մկրտչյանն ասաց, որ բոլոր կողմերի հարցերին հոգեբանի տված պատասխաններից երեւաց, որ իր եզրակացությունը տրվել է հիմնականում ամբաստանյալի տված ցուցմունքներից եւ նրա հետ զրույցից:
Փաստաբանի խոսքերով` տիկին Էլդա Գրինը խուսափողական պատասխաններ էր տալիս, ընդհանուր բնույթի տեսական բաներ էր ասում. «Մի քանի անգամ հարցրեցի` արդյոք գործով այլ ապացույցները համադրե՞լ է, տիկին Գրինը պատասխանեց` այո, բայց կոնկրետ ոչինչ չասաց: Գործում կան այլ կարեւոր ապացույցներ, օրինակ` Դիանա Նահապետյանի դուստրը ցուցմունքում ասել է, որ ամբաստանյալը դեպքից անմիջապես հետո նստել է մեքենա ու գնացել: Բացի այս, գործում կա, որ դեպքից անմիջապես հետո 23 զանգ է կատարել Վոլոդյա Մուրադյանը: Հոգեբանն ասաց, որ կարող էր այդ վիճակում զանգել: Հոգեբանի կարծիքով` ամբաստանյալը ծայրահեղ հուզական վիճակում է եղել, ես գտնում եմ, որ սա խիստ սուբյեկտիվ դիրքորոշում է»:
Փաստաբան Նարինե Մկրտչյանի պատմելով` հոգեբանից հետաքրքրվել է` թե որքան կարող է տեւել անձի աֆեկտային վիճակը, Էլդա Գրինն ասել է` կարող է 1 րոպե, կարող է` 1 ժամ. «Սա եւս ընդհանուր եւ տեսական պատասխան է»:
Այսօրվա դատական նիստում դատախազը ժամանակ խնդրեց դատարանից, որպեսզի ներկայացնի միջնորդություն:
«Պատասխանող կողմը փորձում է ապացուցել, որ Վոլոդյա Մուրադյանը աֆեկտի տակ է եղել, որպեսզի պատիժը մի քանի անգամ մեղմ լինի»,-ասաց Նարինե Մկրտչյանը: Հիշեցնենք, որ Վոլոդյա Մուրադյանը ցուցմունքում ասել էր, որ իբր չի հիշում, թե քանի անգամ է հարվածել Դիանա Նահապետյանին: Մուրադյանն ասել էր` «Ոնց որ երազում լինեի, ոնց որ սրսկված լինեի, անընդհատ քունս տանում էր»:
Այս խոսքերը հիմք են եղել, որպեսզի փորձագետները եզրահանգման գան, թե Մուրադյանը սպանության ժամանակ չի գիտակցել` ինչ է անում: Մինչդեռ մեղադրող կողմի համար կասկածելի է, որ խիստ հուզական վիճակում գտնվող անձը կարող է հանգիստ նստել մեքենան, այն վարել, կամ 20-ից ավելի հեռախոսազանգ կատարել, դեպքից անմիջապես հետո ներկայանալ ոչ թե Արարատի իրավապահ մարմիններին, այլ` Երեւանի, պատճառաբանելով`թե Արարատում կնոջ սիրեկաններն են աշխատում, այսինքն` այսքան բանը գիտակցել է: Վոլոդյա Մուրադյանի նկատմամբ երկու անգամ համալիր դատահոգեբուժական, դատահոգեբանական փորձաքննություններ է նշանակվել. առաջինի դեպքում եզրակացություն է տրվել, որ նա մեղսունակ է, 2-րդ-ի դեպքում մի անգամ նշել են, որ հոգեկան խիստ հուզական վիճակ չկա Մուրադյանի մոտ, իսկ 2-րդ անգամ վստահեցվել է, որ առկա է եղել հոգեկան խիստ հուզական վիճակը:
Հիշեցնենք, որ 2013 թվականին Վոլոդյա Մուրադյանը Դիանա Նահապետյանին սպանել է դանակի բազմաթիվ հարվածներով, ինչպես նաեւ ծաղկամանով է հարվածներ հասցրել: Այս ամենը տեղի է ունեցել Նահապետյանի անչափահաս դուստրերի ներկայությամբ:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ