Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ նախագահը՝ Հիմնադիր խորհրդարանի անդամների ձերբակալման մասին. «Իրավունք չկա անձին քաղաքական հայացքների համար ազատազրկել»

Ապրիլ 13,2015 20:30

«Ոչ ոք իրավունք չունի անձին ազատազրկել իր քաղաքական հայացքների համար, այդ դեպքում ազատազրկվածը քաղաքական բանտարկյալ է»,-Aravot.am-ի հարցին՝ ինչպիսի՞ գնահատական կտա Հիմնադիր խորհրդարանի որոշ անդամների ձերբակալմանը՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ որոշ իրավապաշտպաններ նրանց անվանում են քաղաքական բանտարկյալներ, այսպիսի կարծիք հայտնեց ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորը: Նշենք, որ Անն Բրասյորը ապրիլի 13-15-ը պաշտոնական այցով գտնվում է  Հայաստանում:

Aravot.am-ին հնարավորություն է տրվել բացառիկ հարցազրույց ունենալ ԵԽԽՎ նախագահի հետ: Մեր զրույցի ընթացքում տիկին Բրասյորը նշեց, որ Հիմնադիր խորհրդարանի անդամների հետ կատարվածի մանրամասներին տեղյակ չէ, բայց շեշտեց. «ԵԽԽՎ անդամ 47 երկրներից ոչ մեկում որևէ մեկն իրավունք չունի սահմանափակել խոսքի ազատությունն ու խաղաղ հավաքների կազմակերպման և անցկացման  իրավունքը: Այստեղ կարևոր է նաև դատական իշխանության անկախությունը, իսկ այս հարցում մենք լայնորեն համագործակցում ենք ՀՀ-ի հետ. դատավորների վերապատրաստումներ ենք իրականացնում»:

Մեր մյուս հարցին՝ ԵԽԽՎ նախագահի դիտարկմամբ՝ արդյոք ՀՀ իշխանությունները բավարար քայլեր ձեռնարկո՞ւմ են Մարտի 1-ի ոճրագործության մեղավորներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ ստանձնած պարտավորությունները կատարելու հարցում՝ տիկին Բրասյորն այդպես էլ հստակ պատասխան չտվեց ու նշեց. «ՀՀ իշխանություններին բավարար ժամանակ է պետք արդար, թափանցիկ, բազմակողմանի հետաքննություն իրականացնելու համար: Ուստի դա միայն  քաղաքական ղեկավարության խնդիրը չէ, այլ անկախ դատական համակարգի ևս»:

Անդրադարձ կատարվեց նաև ՀՀ նախագահի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների գործընթացին:

Հետաքրքրվեցինք՝ թեև կուսակցություններ կան, որ դեմ են սահմանադրական փոփոխություններին, սակայն ՀՀ նախագահը վճռական է իրականացնել դրանք, ուստի արդյոք ընդունելի՞ կլինի ԵԽԽՎ-ի համար, որ փոփոխություններն իրականացվեն քաղաքական ոչ բավարար կոնսոլիդացիայի պարագայում, թեև դրա անհրաժեշտության մասին շեշտել է Վենետիկի հանձնաժողովը, Անն Բրասյորը պատասխանեց.

«Բացարձակ միասնական կարծիք ձևավորել, իհարկե, հնարավոր չէ: Երկրի կառավարման համակարգի ընտրությունը տվյալ երկրի ինքնուրույն որոշումն է: Բայց մեզ համար սկզբունքային է, որ սահմանադրական բարեփոխումները լինեն ԵԽ չափանիշների հետ մեկ գծի վրա: Անշուշտ, Վենետիկի հանձնաժողովը, անպայման, պետք է պարբերաբար կարծիք հայտնի այդ գործընթացների վերաբերյալ, և այդ կարծիքին հետևել է պետք: Եվս մեկ անգամ կրկնում եմ, որ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ պետք է ապահովվեն լայն քննարկումներ և քաղաքական կոնսոլիդացիա»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Թրավիս says:

    այո, սովորական չափանիշներով՝ այդ անձիքը յստակորեն քաղաքական բանտարկյալներ են. ամեն ջանք թափեցին որ այդպէս լինի, եւ այդպէս ալ եղաւ, շնորհաւորություն իրենց, մեզի, համայն հայության, կեցցէ. այժմ՝ քաղաքական բանտարկյալներ ունենք Հայաստանում… բա, յետո՞յ… երանի որ ամենավատ խնդիրը այդ լիներ, Հայաստանի համար…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930