Լրահոս
Օրվա լրահոսը

Նարեկ Սամսոնյան. «Ոստիկանությունն ուզում է գործը կոծկել»

Ապրիլ 13,2015 19:55

«Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության ղեկավար Նարեկ Սամսոնյանի եւ նրա եղբայր Հարություն Սամսոնյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ ոստիկանությունը ապրիլի 13-ին տեսանյութ է տարածել:

Ըստ ոստիկանության՝ հանցանքը կատարել է տուժողների նախկին մտերիմ Դավիթ Արզումանյանը: Վերջինս ապրիլի 1-ին ներկայացել է ոստիկանություն եւ տվել է խոստովանական բացատրություն: Նա ոստիկանությանն ասել է, որ պատճառը կենցաղային է, կատարվածում քաղաքական հարց չկա:

Aravot.am-ի հետ զրույցում Նարեկ Սամսոնյանն ասաց, որ վիճաբանություն չի եղել. «Եթե այդ մարդուն բացատրական աշխատանքների միջոցով  ներկայացրել են ոստիկանություն, ծիծաղելի է, որովհետեւ ես ոչ մեկին, նամանավանդ, Դավիթին չեմ վիրավորել»:

Նա նշեց, որ Դավիթ Արզումանյանը եղել է իրենց կազմակերպության ուսանողական միության ղեկավարը, սակայն պարտականությունները վատ կատարելու պատճառով հեռացվել է. «Դրանից հետո որեւէ միջադեպ, որեւէ վիճաբանություն իմ ու նրա միջեւ չի եղել: Ուղղակի չէր կարող լինել, որովհետեւ ես երբեք վիճաբանություն չեմ անի, նամանավանդ, մեր կազմակերպության ղեկավար կազմի նախկին անդամների հետ: Ակնհայտ է, որ ոստիկանությունը կոծկում է գործը: Եթե ասում ենք, որ 10 հոգով մեզ վրա հարձակվել են եւ ծեծի են ենթարկել, մենք չենք տեսել, թե ովքեր են, նրանք բերում են մի մարդու, չգիտեմ, թե ինչ միջոցներով կորզում են ինքնախոստովանական: Վերջում փորձում են ներկայացնել, որ գործը բացահայտել են կամ փորձում են բացահայտել»:

Նարեկ Սամսոնյանը համարում է, որ ոստիկանությունը ստում է. «Վիճաբանություն երբեք որեւէ տեղում չի եղել, առավել եւս պայմանավորվածություն չի եղել ինչ-որ տեղ հանդիպել: Ոստիկանությունը ստում է, որովհետեւ իրեն դա ձեռնտու է. Եթե ուշադրություն դարձնեք, այդ երիտասարդը հատուկ է ընդգծում, որ քաղաքական ենթատեքստ չկա, այսինքն՝ ոստիկանությունը պարտադրել է, որ դա ասվի»:

Մինչ այս Նարեկ Սամսոնյանը հայտարարել էր, թե ծեծի են ենթարկվել միայն ինքն ու իր եղբայրը, իսկ ոստիկանության տեսանյութում խոսվում է նաեւ 3-րդ անձի մասին:

Հետաքրքրվեցինք, թե այդ 3-րդ անձն ո՞վ է, նա պատասխանեց. «Մորեղբորս տղան դուրս էր եկել, որ մեզ ճանապարհեր, եւ երբ մենք այդ վիճակով հիվանդանոց ենք գնացել, հետո եմ իմացել, որ ճանապարհին նաեւ քեռուս տղայի վրա են հարձակվել: Դրանից ելնելով՝ ավելի շատ է ապացուցվում այն պարզ իրողությունը, որ ոստիկանությունը զբաղված է ուղղակի ծիծաղելի ինչ-որ բանով»:

Նա հավելեց, որ պայքարելու է մինչեւ վերջ, քանի որ ունի բոլոր հիմքերը կարծելու, թե ոստիկանությունը փորձում է այդ գործը կոծկել:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930