Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ Սփյուռքի նախարարության հովանավորությամբ կայացել է 15 գրքերի շնորհանդեսը

Ապրիլ 13,2015 19:40

Ապրիլի 13-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում կայացավ ՀՀ Սփյուռքի նախարարության հովանավորությամբ  և պատվերով հրատարակված 15 գրքերի, ինչպես նաև Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ասոցիացիայի նախաձեռնությամբ և նախարարության աջակցությամբ տպագրված «Կրկին կվերակառուցենք» խորագրով օրացույցի շնորհանդեսը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա շնորհավորեց բոլոր ներկաներին և աշխարհասփյուռ ողջ հայությանը՝ ապրիլի 12-ին Վատիկանում Հռոմի Պապ Ֆրանցիսկոս I-ի կողմից Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցված՝ իրավամբ պատմական պատարագի համար: Հռոմի պապը, խոսելով 20-րդ դարասկզբի ոճրագործության մասին, այն անվանեց Ցեղասպանություն: Բացի այդ, ապրիլի 12-ին Սուրբ Գրիգոր Նարեկացին հռչակվեց Տիեզերական եկեղեցու վարդապետ։

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության խնդիրներին վերաբերող ՀՀ սփյուռքի նախարարության պատվերով և հովանավորությամբ հրատարակված գրքերին՝ Սփյուռքի նախարարը նշեց, որ գերատեսչությունը արդյունավետ համագործակցում է հայաստանյան և սփյուռքյան մի շարք գիտահետազոտական կառույցների ու կազմակերպությունների հետ, և նախարարության պատվերով հրատարակված Հայոց ցեղասպանությանը վերաբերող 15 գրքերը այդ համագործակցության պտուղներից են:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը  ներկայացրեց աշխատակազմի ուժերով լույս ընծայած «Ցավի, հիշողության և պայքարի կոթողներ» պատկերագիրքը, որտեղ ներկայացված են Հայաստանի Հանրապետությունում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և աշխարհի տարբեր երկրներում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողների լուսանկարները (թվով 403), տրված են տեղեկություններ այդ հուշակոթողների վերաբերյալ: Պատկերագիրքը հինգ լեզվով է (հայերեն, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, թուրքերեն): Գիրքը 2010թ. լույս տեսած պատկերագրքի լրամշակված և վերահրատարակված տարբերակն է:

ՀՀ սփյուռքի նախարարը ներկայացրեց նաև քաղաքագետների և միջազգայնագետների «21-րդ դարի մարտահրավերները և Հայաստանի անվտանգության հիմնախնդիրները» համահայկական համաժողովի նյութերի ժողովածուն:

Նախարար Հ.Հակոբյանը ներկայացրեց նաեւ «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» իրավաբանների համահայկական երկրորդ համաժողովի նյութերի ժողովածուն:

Շնորհանդեսին մասնակցում էր ՀՀ ԳԱԱ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, ինչպես նաեւ գիտնականներ, վերլուծաբաններ, հետազոտողներ, պատմաբաններ, օսմանագետներ, թուրքագետներ, իրավաբաններ, գիտաշխատողներ, դասախոսներ և այլք ՀՀ ԳԱԱ-ից, ԵՊՀ-ից, «Նորավանք» ԳԿՀ-ից, այլ կառույցներից, կազմակերպություններից:

ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանն ամփոփ անդրադարձավ «Հայոց ցեղասպանությունը միջազգային իրավական փաստաթղթերում» ժողովածուին, որում ներկայացված են Հայոց ցեղասպանությանը վերաբերվող կարևորագույն միջազգային իրավական փաստաթղթերը: Դրանցում շոշափվում են «Ցեղասպանություն» հասկացությունը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին վերաբերող հարցեր, դրան առնչվող միջազգային դատական ատյանների որոշումներ: Փաստաթղթերի մեծ մասը հայերեն լեզվով ներկայացվում է առաջին անգամ:

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը ներկայացրեց «Բաքու քաղաքի հայության պատմու­թ­յու­նը» աշխատությունը (Գ.Ստեփանյան), որտեղ Բաքվի հայ բնակչության պատմաժողովրդագրական համահավաք պատկերն է` վաղ ժամանակներից մինչև 1990թ. հունվարը՝ ներառյալ: Գրքում մատենագիտական և վիմագիր աղբյուրների համալիր ուսումնասիրությամբ հիմնավորվել է Ապշերոնյան թերակղզում և Բաքվում հայերի տեղաբնակ և մշակութակերտ լինելը:

Աշոտ Մելքոնյանի ներկայացմամբ շնորհանդեսի մասնակիցները ծանոթացան «Հայերը Օսմանյան կայսրության վերջալույսին» (՛՛Armenians at the twilight of the Ottoman era՛՛) աշխատությանը (Ոսկան Մխիթարյան, Հայր Վահան ծ. վրդ. Օհանյան News Reports From The International Press, Volume I, The New York Times 1890-1914): Ստվարածավալ աշխատությունը հրատարակվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ ՀՀ սփյուռքի նախարարության, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հովանավորությամբ և «Փյունիկ» համահայկական մարդկային ռեսուրսների զարգացման հիմնադրամի աջակցությամբ:

Հատորը պարունակում է ցեղասպանությանը նախորդած ժամանակաշրջանի նյութերը` 1890-1914թթ.: Հատորում զետեղված են հոդվածներ, խմբագրականներ, պարզաբանումներ և նամակներ ուղղված “New York Times” խմբագրությանը : Հատորի նյութերի 60 տոկոսը ներառում է 1894-1896թթ. ժամանակաշրջանը: Առավել ուշագրավ են 1908-1910թթ. լույս ընծայված հոդվածները:

Ա.Մելքոնյանն անդրադարձավ նախարարության ջանքերով կազմված, հայերեն և անգլերեն լեզուներով հրատարակված «Հայկական պետության սահմաններն՝ ըստ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի» գրքին, որում ներկայացվում է ԱՄՆ 28-րդ նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը (1856-1924) և պաշտոնական նա­մակը Դաշնակից տերությունների (Անտանտ) Գերագույն խորհրդի նախա­գահին: Գրքին կից ներկայացվում է նաև ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի կողմից որոշված սահմանի քարտեզը:

Բանախոսը ներկայացրեց «Գրիգոր Գուլգուլյանի գործը: Վրեժ սպանված հոր և եղբայրների համար»  գիրքը, որտեղ հայ վրիժառու Գրիգոր Գուլգուլյանի դատավարության ռուսերեն սղագրության թարգմանությունն է (խմբ.՝ Հ. Զատիկյան, ռուսերենից թարգմ.՝ Ա. Պետրոսյանի):

 

ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Արթուր Ղազինյանը խոսեց «Արտերկրում գտնվող հայկական պատմամշակութային ժառանգության իրավական կարգավիճակը (Թուրքիա, Իսրայել, Հնդկաստան)» գրքի մասին (փորձագետներ՝ Լ.Միրզոյան, Լ.Կարապետյան, գիտական խմբագիր` Ա.Ղազինյան, Ա.Մկրտչյան): Գրքում փորձ է արվել գիտահետազոտական աշխատանքի մակարդակով ներկայացնել Թուրքիայում, Իսրայելում և Հնդկաստանում հայկական պատմամշակութային ժառանգության առկա իրավական խնդիրներին առնչվող ամենաբազմաբնույթ հարցերը, ինչպիսիք են այդ ժառանգության բաղկացուցիչ մաս հանդիսացող պատմամշակութային արժեքների օտարումը, արտահանումը, վնասելու կամ ոչնչացնելու համար առաջացող պատասխանատվությունը:

Ճարտարապետների և ճարտարագետների ընկերակցության համանախագահ Գոհար Թութունջյանը ներկայացրեց ընկերակցության նախաձեռնությամբ և ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ ստեղծված «Կրկին կվերակառուցենք» օրացույցը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Ճարտարապետների և ճարտարագետների ընկերակցության մասին գնահատանքի խոսքով հանդես եկավ ՀՀ քաղաքաշինության նախարարի տեղակալ Արմեն Ղուլարյանը: Նա, մասնավորապես նշեց, որ լինելով համահայկական կառույց՝ ընկերակցությունը նպատակ ունի Սփյուռքի հայ համայնքների միջոցով «Կրկին կվերակառուցենք» օրացույցը հասանելի դարձնել հանրության լայն շրջանակներին՝ նպաստելով Հայոց ցեղասպանության մասին իրազեկության աստիճանի բարձրացմանը և ճարտարապետական հին ու նոր մշակութային արժեքներին:

ԳԿՀ հայագիտական կենտրոնի ղեկավար Արիստակես Սիմավորյանը  ներկայացրեց «Հայ կաթողիկե և ավետարանական համայնքները Թուրքիայում. ժամանակակից միտումներ» աշխատությունը, որտեղ լուսաբանվում են Թուրքիայի հայ կաթողիկե և ավետարանական համայնքների ծագումը, պատմական զարգացման ընթացքը և արդի գործընթացները: Փորձ է արվել վերհանել Թուրքիայի հայ կաթողիկե և ավետարանական համայնքների ներուժը՝ մարդկային, կազմակերպչական և այլ տեսանկյուններից: Անդրադարձ է կատարվել այդ համայնքների նկատմամբ Թուրքիայի վարած քաղաքականությանը, կրոնական անհանդուրժողականության խնդրին:

Արիստակես Սիմավորյանը  ներկայացրեց նաև Հ.Զատիկյանի՝ «Կարինի նահանգը 19-րդ դարի երկրորդ կեսին» աշխատությունը, որը ծավալուն անդրադարձ է նահանգի 19-րդ դարի երկրորդ կեսի սոցիալ-տնտեսական և քաղաքական կացությանը, նահանգի գավառների պատմությանը և ժողովրդագրությանը: Գրքին հատուկ կարևորություն են հաղորդում նրանում ներկայացված ժողովրդագրական աղյուսակները, տեղագրական և ժողովրդագրական հարուստ նյութը:

Միջոցառման ավարտին ներկաները դիտեցին Արա Երնջակյանի կարճամետրաժ «Խավարում» ֆիլմը՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը:

ՀՀ Սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930