Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել աշխատանքային այցով Հայաստան ժամանած ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերի և ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամների միջև հանդիպումը, որի ընթացքում մի շարք կարևոր հարցերի քննարկման շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև հայ-թուրքական հարաբերություններին:
Այս համատեքստում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը տիկին Բրասերի ուշադրությունն է հրավիրել Թուրքիայի կողմից անվերջ նախապայմանների լեզվով խոսելու հանգամանքի վրա, որի ևս մեկ փորձն են պատմագիտական արխիվների մասին խոսակցությունները: «Մենք արխիվներում թաքցնելու ոչինչ չունենք, – նկատել է Նաղդալյանը,- «Ունենք աշխարհասփյուռ հայություն, որը հենց փաստացի վկայությունն է այդ ամենի»:
Դիմելով ԵԽԽՎ նախագահին, որպես հեղինակավոր քաղաքական գործչի , Հ. Նաղդալյանը հորդորել է ռեալ գնահատական տալ և կուլ չգնալ միջազգային հանրությանը եւս մեկ անգամ թյուրիմացության մեջ գցելու թուրքական «տրյուկին»:
Պատվիրակության ղեկավարը խոսել է նաև հայ-թուրքական արձանագրությունների կասեցման վերաբերյալ, նշել, որ Թուրքիան շարունակում է շրջափակման մեջ պահել Հայաստանը: