Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժիրոն ու իր ընկերները ռազմագերիներ են»

Ապրիլ 13,2015 17:30

Ժիրայր Սեֆիլյանի նախկին զինակից ու ընկեր Արմեն Աղայանը`
Հիմնադիր խորհրդարանի անդամների ձերբակալության մասին

– Ինչպե՞ս եք վերաբերվում ձեր նախկին գործընկերների եւ ընկերների՝ Հիմնադիր խորհրդարանի անդամների ձերբակալություններին, մեղադրանքների առաջադրմանը: Դրանց իրավական հիմքերը կա՞ն:

– Ժիրայր Սեֆիլյանի եւ իր գլխավորած կազմակերպության հետ մենք շատ տարաձայնություններ ունենք` մարտավարական եւ ոչ միայն, բայց նրանց ձերբակալության պատվիրատուները միանշանակ հայության ու Հայոց պետության թշնամիներն են:

Ի՞նչ իրավական հիմք կարող է լինել, երբ զանգվածային անկարգություն չկա, ենթադրյալ ժամկետներում կլինե՞ր, թե՞ չէր լինի` պարզ չէ, բայց 5 հոգի արդեն կալանավորված են որպես կազմակերպիչ:

«Հայազն» կուսակցությունը խստորեն դատապարտել է քաղաքական հետապնդումների այս հերթական ալիքը՝ առանձնահատուկ ընդգծելով, որ հատկապես իշխանությունը յուրացրած Սերժ Սարգսյանը ոչ մի բարոյական իրավունք չունի որեւէ մեկին նման մեղադրանքներ առաջադրելու:

Ժիրոն ու իր ընկերները ավելի շուտ ռազմագերիներ են, քանի որ յուրօրինակ պատերազմ էին հայտարարել «ռեժիմին» ու ստացան կանխարգելիչ հարված:

– Հիմնադիր խորհրդարանը՝ Ժիրայր Սեֆիլյանի գլխավորությամբ, ընդամենն իր դժգոհությունն է հայտնում ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունից։ Շատերը հարցը բարոյական հարթություն տեղափոխելով՝ ասում են, որ ապրիլի 24-ին՝ առավել եւս պատերազմող երկրի համար, նման դժգոհություններ արտահայտելը, մեղմ ասած, կռված տղայի վարքագծի դրսեւորում չէ:

– Ապրիլի 24-ը ոչնչով չի տարբերվում տարվա մնացած 364 օրից: Առավել եւս, որ այդ օրն իշխանությունները արդեն հասցրել են ապականել իրենց նեզաբուդկա-շոուով:
Ինչ վերաբերում է պատերազմող երկիր լինելուն, ապա թե կռված, թե չկռված բոլոր տղերքը եթե ուզում են հաղթել այսօր ընթացող դանդաղ պատերազմում եւ վաղը հավանական թեժ պատերազմում, ապա առաջին հերթին պետք է լուծեն գլխավոր հրամանատարության հարցը: Հայտնի ասացվածքի բառերով` մեր «առյուծների» բանակն արդեն մի անգամ անավարտ է թողել պատերազմը ու հիմա էլ կորուստներ է կրում «ոչխար» քաղաքական հրամանատարության պատճառով:

– Դուք ասացիք՝ որ մարտավարական եւ ոչ միայն մարտավարական տարաձայնություններ ունեք Հիմնադիր խորհրդարանի հետ: Ինչի՞ հետ եւ ինչո՞ւ համամիտ չեք:

– Գաղտնիք չէ, որ իմ եւ Ժիրայր Սեֆիլյանի միջեւ քաղաքական եւ մարտավարական սկզբունքների շուրջ բանավեճը շատ հին է` առնվազն 2004-ից: Դրա պատճառով նրա հետ կազմակերպական առնչություններս խզել եմ 2008-ին, երբ պարզ դարձավ, որ այլեւս չի էլ փորձում լսել իր մերձավոր գործընկերների փաստարկները, միանձնյա որոշումներով հերթական խոշոր քաղաքական սխալն է գործում՝ նախընտրելով շրջապատված լինել ավելի ենթարկվող մարդկանցով: Ի դեպ, տարբեր տարիներին նման հանգամանքներում նրա հետ դադարել են գործակցել «Հայազնի» շատ ուրիշ անդամներ նույնպես:
Նախկինում բազմիցս ներկայացրել ենք մեր մոտեցումները, թե՝ ինչն ենք մերժում իրենց մարտավարության մեջ, ինչ այլընտրանք ենք առաջարկում եւ ինչու: Ավելի ուշ, գուցե, նորից հրապարակավ անդրադառնանք այս բանավեճին: Սակայն այսօր, երբ Հիմնադիր խորհրդարանը փորձում է ծավալել իր պայքարը ուժային հալածանքի պայմաններում, մեր քննադատությունը կարող է ջուր լցնել իշխող վարչախմբի ջրաղացին, ուստի ձեռնպահ կմնանք: Առավել եւս, որ նախկինում նման քննադատությունները ոչ համարժեք արձագանքների եւ մեր հասցեին անհիմն որակումների տեղիք են տվել:

– Շատերի համար անհասկանալի է, թե ինչ է անում եւ ինչ է ուզում Ժիրայր Սեֆիլյանը: Նկատի ունենալով Արցախ այցից առաջ, ընթացքում ու հետո տեղի ունեցածը, ծեծուջարդը, Գյումրիի հանրահավաքը, որն ավարտվեց դանակահարությամբ, եւ ներկայիս ձերբակալությունները՝ իբրեւ Սեֆիլյանի նախկին ընկեր ու գաղափարակից՝ ի՞նչ եք հասկանում, ի՞նչ է անում նա եւ Հիմնադիր խորհրդարանը:

– Ժիրայր Սեֆիլյանն անում է այն, ինչ հայտարարում է: Մերժելով կեղծվող ընտրություններին մասնակցելու հնարավորությունը՝ փորձում է ժողովրդին իշխող վարչախմբի դեմ համախմբելու այլ արդյունավետ միջոց գտնել: Իր վրա է վերցրել առաջնորդելու գործառույթը եւ փորձել է լեգիտիմացնել այն թիմը, որը «ռեժիմի» ենթադրյալ փոփոխությունից հետո որոշ ժամանակ պետք է կառավարի՝ մինչեւ նոր Սահմանադրություն ընդունի, մասնավորապես ենթադրվում է, որ Հիմնադիր խորհրդարանը ընտրված համաժողովրդական մարմին է: Մինչեւ հիմա իրազեկում էր այդ մասին, 24-ից պետք է ժողովրդին ոտքի հանի եւ նրա կամքը պարտադրի, հեռացնի «ռեժիմին»: Փորձեցի առարկայական շարադրել` առանց արտահայտելու քննադատական վերաբերմունքս:
Իսկ ծեծուջարդերն ու դանակահարությունները, նաեւ այս ձերբակալությունները այն բնական վախի դրսեւորումներն են, որ իշխող վարչախումբը տածում է բոլոր քիչ թե շատ կազմակերպված ընդդիմադիր շարժումների նկատմամբ:

– Իրավապահները եւ իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, որ ապրիլի 24-ին Հիմնադիր խորհրդարանը պատրաստվում էր Հայաստանի հեղինակությանը վնասող գործողություններ անել, մինչդեռ Ժիրայր Սեֆիլյանը բազմիցս հայտարարել է, որ իրենք Հայաստանի հեղինակությանը վնասող խժդժություններ չեն իրականացնելու: Նժարի ո՞ր կողմում է իրականության ծանրությունը:

– Իրավապահները այդ կերպ փորձում են իրենց բռնությունների բարոյական արդարացումը ներկայացնել: Իսկ եթե խոսենք Հայաստանի հեղինակությանը վնասելուց, ապա բոլորից շատ այդ գործում հաջողել է քաղաքական վերնախավը ու այսօր էլ է վնասում` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:

– ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մելիքյանը կարծիք հայտնեց, որ Ժիրայր Սեֆիլյանն ու Հիմնադիր խորհրդարանը թուրքական եւ ադրբեջանական աղբյուրներից են ֆինանսավորվում, այլ ՀՀԿ-ականներ հայտարարում են, որ նրանք «թուրքական երազանքն» են իրագործում: Դուք դա հնարավոր համարո՞ւմ եք:

– Մեկնաբանության ոչ ենթակա զառանցանք է:

– Հիմնադիր խորհրդարանի չձերբակալված անդամները հայտարարում են, որ ամսի 24-ին նախատեսված հանրահավաքն, այնուհանդերձ, կայանալու է. դա կրքեր կբորբոքի՞, ի՞նչ հետեւանքների կբերի:

– Չգիտեմ՝ ինչ կլինի, բայց ուզում եմ, որ այդ հանրահավաքը եւ հետագա քայլերը տեղի ունենան նույն ծավալով եւ որակով, ինչպես որ պլանավորվել են: Հասկանալի է, որ նախօրոք ձերբակալությունների հնարավորությունը կանխատեսվում էր ոչ միայն հմուտ փորձագետների եւ հասարակ մահկանացուների, այլեւ անձամբ Ժիրայրի ու իր ընկերների կողմից: Ուստի խոսքը պետք է գնա ոչ թե ինչ-որ այլընտրանքային «Բ» պլանի մասին, այլ հիմնական «Ա» պլանի մասին, որը պարտադիր պետք է ներառեր առաջնորդի եւ այլոց ձերբակալության հնարավորությունը նույնպես: Փաստորեն, այդ օրն է որոշվելու, թե արդյունավե՞տ էր արդյոք շարժման այն մարտավարությունը, որը որդեգրել էին դրա ղեկավարները:

Զրույցը`
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
11.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Հրանտ Պապիկյան says:

    Էս թազա փրկիչ ա? )))))

  2. Թրավիս says:

    աներեւակայելի… հարց են տալիս՝«քաղաքական բանտարկյալնե՞ր են»… ասում է, չէ՜, «ռազմագերիներ» են… այսինքն՝ բառացիորեն մարտնչում էին, պատերազմ էին մղում Պետության դէմ, եւ հենց այդ պատճառով, գերի դարձան, ռազմագերի՛. եւ ըստ իրեն, այս մօտեցումը օգտակա՞ր է խնդրո առարկա ձերբակալվածներին… իրենց օգնո՞ւմ է, օրինապես կամ ընդհանրապես, այսպիսի բաներ յայտարարելով… այս մարդոց ամենավնասակար թշնամին… իրենք են:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930