«Խաղաղություն եւ զարգացում» կուսակցությունը դիմել էր Ստեփանակերտի քաղաքապետարանին եւ ԼՂՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Ըստ կուսակցության՝ «Ազատ հայրենիք» եւ Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունների՝ անվճար տեղերում փակցված պաստառները չեն համապատասխանում քաղաքապետի՝ 2015 թվականի մարտի 3-ին ընդունած որոշմանը:
«Խաղաղություն եւ զարգացում» կուսակցությունը արձանագրում է նաեւ, որ համայնքների ղեկավարների կողմից պատրաստված չեն եղել քարոզչական պաստառներ փակցնելու համար համապատասխան տախտակներ բոլորի համար տեսանելի վայրերում, ուստի համայնքի ղեկավարները տրամադրել են տեղեր` կրպակների, պատերի եւ ծառերի վրա:
«Այս խնդիրը, մեր կարծիքով, էական ազդեցություն է ունենալու ընտրողների կողմնորոշման վրա, որովհետեւ Շահումյանի շրջանի 70% համայնքներում (Քնարավան, Չարեքտար, Նոր Մանաշիդ, Նոր Խարխափուտ, Նոր Կարաչինար, Նոր Բրաջուր, Նոր Գետաշեն (մասամբ), Հավսաթաղ, Նոր Էրքեջ, Դադիվանք) հասանելի չեն Արցախի հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի ծրագրերը: Այսինքն` անվճար տեղերում փակցված պաստառները հանդիսանում են ընտրողների կողմնորոշվելու գլխավոր միջոցներից մեկը»,- գրված է բողոքում:
Կուսակցությունը տարածել է նաեւ տեսանյութ:
Կարդացեք նաև
Լեռնային Ղարաբաղի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաղորդագրություն է տարածել, որ հանձնաժողովի ներկայացուցիչները շրջայց են իրականացրել Ստեփանակերտում:
Ներկայացուցիչները արձանագրել են գործող կարգից շեղումներ: Իսկ Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Լենա Սիմոնյանը «Արցախ» հեռուստաընկերության հետ զրույցում նշել է, որ թե՛ կուսակցությունները, թե՛ թեկնածուները խախտումներ են կատարել:
«Հատվել են վահանակներում սահմանված գծերը, խախտվել են սահմանված չափերը, այսինքն՝ տեղադրվել են մեծ չափերի քարոզչական պաստառներ: Խախտվել է նաեւ այբբենական կարգը»,- ասել է նա:
Լեռնային Ղարաբաղում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու մայիսի 3-ին:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ