Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աշխարհը սովորում է խնդիրները լուծել առանց պատերազմների, եւ դա բարի է

Ապրիլ 13,2015 16:30

Արեւելյան Եվրոպայից մինչեւ Հնդկաստան պատերազմներն ու հակամարտություններն այնքան ընդհանուր են, որքան որ խաղաղությունը: Եթե 1950-1990 թվականներին աշխարհն ընդհանուր առմամբ խաղաղ էր, տեղ-տեղ՝ հակամարտություններով, ապա վերջին երկու տասնամյակներում այն թեւակոխել է դաժան պատերազմների ակտիվ փուլ: Բայց վերջին 60 օրերին մի քանի մխիթարական իրադարձություններ տեղի ունեցան, որոնք հույս են ներշնչում, որ այս վիճակը փոխվում է կամ առնվազն կարող է փոխվել:

Եկեք դիտարկենք սրանցից երկուսը: Անցյալ շաբաթ, երբ քրիստոնյաների մի մասն աղոթքով ու ծոմապահությամբ նշում էր Ավագ Շաբաթն ու տոնում Հիսուսի Հարությունը, մի լավ բան պատահեց՝ համաձայնություն հայտարարվեց Իրանի ու վեց երկրների միջեւ, ովքեր բանակցում էին Իրանի հետ նրա միջուկային ծրագրի շուրջ: Ինչն է լավ այստեղ: Լավն այն է, որ երկու տասնամյակներ պատերազմներից ու հակամարտություններից հետո մարդիկ կարողանում են բանակցությունների միջոցով փոխադարձ զիջումներով հասնել մի համաձայնության, որը կանխեց մի նոր պատերազմ, ինչն այս անգամ ավելի մեծ կլիներ, քան նախորդ մեր տեսածները վերջին 20 տարիների ընթացքում: Մարդիկ սովորում են հարցեր լուծել բանակցությունների միջոցով: Պատերազմը կանխվեց, ու սա բարի նախատիպ է: Սա հատկապես լավ է մեր հայրենիքի ու պետության համար՝ նոր հնարավորություններ ստեղծելով մեզ համար: Եթե այսպիսի մի քանի այլ նախատիպեր նույնպես ստեղծվեն, ապա հակամարտությունները պատերազմներով լուծելու տարբերակին վերադառնալը շատ ավելի դժվար կլինի: Երկրորդը Ուկրաինայի պարագան է: Մի քանի մարդ հասկացան, որ իսկապես խաղաղություն է պետք ու այսպես շարունակել չի կարելի: Նրանք հանդիպեցին մի ամբողջ երեկո ու գիշեր եւ ստորագրեցին խաղաղության պայմանավորվածություն: Սա էլ, անշուշտ, բարի է ե՛ւ Ուկրաինայի, ե՛ւ նրա հարեւանների, ե՛ւ աշխարհի համար:

Ճիշտ է, հիմա էլ Եմենում է ամեն ինչ խառնվել իրար, բայց կարծես թե իրավիճակը սկսում է նորմալանալ Հյուսիսային Աֆրիկայում: Իսկ Սիրիայի նկատմամբ էլ Արեւմուտքի կողմից չկա առաջվա այն հռետորաբանությունը, ինչ որ կար մի քանի տարի առաջ, երբ երկիրը քարուքանդ էր լինում:
Գիտե՞ք, երբ նայում ենք մեր հավատքին, Աստվածաշնչի մեջ կարմիր թելի պես մի գաղափար է անցնում: Երբ մարդիկ հեռանում են արդարությունից, նրանց գլխին փորձանքներ են գալիս: Նրանք մնում են իրենց չարության հետ մեն մենակ, ու այդ չարը կլանում է նրանց: Այսպիսի իրավիճակ էր ե՛ւ Ֆրանսիայում հեղափոխությունից առաջ, ե՛ւ Ռուսաստանում հեղափոխությունից առաջ, ե՛ւ Խորհրդային Միությունում ու Եվրոպայում Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ, ե՛ւ թե աշխարհում 1990-2000 թվականներից առաջ: Գիտե՞ք ինչպիսի իրավիճակ էր: Մարդիկ մոռացել էին անշահախնդիր սերն իրար նկատմամբ ու գնում էին իրենց ես-ի հետեւից: Իսկական արդարությունը քչացել էր կամ բնավ չկար, իսկ այն, ինչ որ կոչվում էր արդարություն, հիմնված էր փոխադարձ շահի, կաշառքի կամ հաշվենկատության վրա:
Այն միջոցները, որ մարդն ուներ այս չարիքից պաշտպանվելու համար, զղջում, հարմոնիկ կյանք Աստծո, բնության, իրար ու սեփական անձի հետ՝ չէին օգտագործում: Կեղծիքն ու փարիսեցիությունը լցրել էին կյանքի գրեթե բոլոր ոլորտները: Մարդը հիվանդանում էր: Հիվանդ մարդուն բժշկվել է պետք: Բժշկումը եթե պահանջում է վիրահատություն, ցավոտ գործընթաց է: Սա կախված է նրանից, թե որքան խորն է վերքն ու ինչքան լուրջ՝ հիվանդությունը:

Բայց բուժման ընթացքում մի հետաքրքիր բան է կատարվում, որից մենք կարող ենք շատ բան սովորել: Նկատե՞լ եք, որ հիվանդանոցներում հիվանդներն իրար չեն մեղադրում: Նրանք իրար օգնում են, իրար նկատմամբ հոգ տանում, որովհետեւ բոլորն էլ հասկանում են, որ նույն նավի մեջ են: Նրանցից ամեն մեկը կենտրոնանում է իր սեփական հիվանդության վրա եւ այդպես բուժվում:

Հիմա հնարավոր է, որ վերջին երկու տասնամյակների ընթացքում՝ այսքան տառապանքից, միլիոնավոր զոհերից ու դժվարություններից հետո, ավելի շատ մարդիկ հասկացան, որ այսպես չի կարելի շարունակել: Հնարավոր է, որ շատ մարդիկ կոտրեցին իրենց հպարտությունն ու դարձան դեպի բարին: Հնարավոր է, որ ավելի շատ մարդիկ այս նեղությունների ու անելանելիության մեջ իսկապես սկսեցին փնտրել Աստծուն ու սրտով աղոթել՝ զղջալ իրենց սեփական «հիվանդության» համար ու խնդրել խաղաղություն՝ թե ներքին եւ թե արտաքին: Ու հնարավոր է, որ այս ամենը մարդկանց սրտերում բերեց որոշակի անդրադարձ, որոշակի բուժում եսասիրությունից ու հպարտությունից, եւ ահա կանխվեց մի նոր պատերազմ: Պատկերացրեք՝ քանի միլիոն մարդ էին Ուկրաինայում, Ռուսաստանում եւ այլուր աղոթում խաղաղության համար: Իսկ մինչ պատերազմը Ուկրաինայում պղծում էին եկեղեցիներ ու անարգում խաչեր: Հիշո՞ւմ եք: Պատկերացրեք, թե Իրանի 78 միլիոնանոց բնակչությունից քանի միլիոնն էին աղոթում խաղաղ ելքի համար՝ տեսնելով, թե ինչեր կարող են կատարվել աշխարհում Թունիսից մինչեւ Սիրիա ու Եմեն: Եվ ահա պատերազմը կանգ առավ: Համաձայնությունները դեռեւս փխրուն են, ու չգիտենք, թե որքան կտեւեն: Բայց դա կախված է մեզանից՝ ամեն մեկիցս: Դա կախված է մարդու հիվանդության ուղղությունից՝ նա կորոշի բուժվե՞լ, թե՞ ավելի խորացնել սեփական վերքերը: Եթե բոլորս սկսենք ինքներս մեզանից, մեր սեփական անձերի մեջ արդարությամբ ապրել, ապա ամեն ինչ կլուծվի, ամեն պատերազմ կդադարի, ամեն բարի բան կլինի: Խավարը չի կարող հաղթել լույսին: Դուք դա գիտեք:

Քննարկումների համար գրեք ֆեյսբուքի իմ էջին՝  https://www.facebook.com/armen.hareyan

ԱՐՄԵՆ ՀԱՐԵՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930