Լրահոս
Օրվա լրահոսը

Ժիրայր Սեֆիլյանին փորձել են գրավով ազատ արձակել՝ մերժել են

Ապրիլ 13,2015 15:06

Ձերբակալություններից հետո ասում են, որ Հիմնադիր խորհրդարանը չի կարողանա իր ծրագրերը լայն թափով առաջ տանել: Այսօր հրավիրած ասուլիսում այս առնչությամբ Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության ժամանակավոր համակարգող Ալեք Ենիգոմշյանն ասաց, որ իրենց ծրագրերը շարունակվում են անփոփոխ մնալ. «Մենք շարժվում ենք նույն վճռականությամբ, իսկ թե ինչ կլինի արդյունքը, բոլոր դեպքերում մենք մեր անելիքն անում ենք եւ շարունակում ենք անել: Օրը կգա, բոլորդ ականատես կլինեք»:

Նոր որակի հայկական պետության մասին Հիմնադիր խորհրդարանը Հռչակագրի տեքստ է պատրաստել, մտադիր է քաղաքացիների հետ պայմանագիր կնքել՝ լիազորվելով ժողովրդի կողմից ստեղծելու այլընտրանքային պետական կառավարման մարմին:

Aravot.am-ի հարցին՝ Ժիրայր Սեֆիլյանի եւ ընկերների ձերբակալությունը ցույց տվեց, որ ժողովուրդն ավելի մեծ աղմուկ էր բարձրացրել եւ ավելի հետաքրքրված էր Քիմ Քարդաշյանի այցով, քան Սեֆիլյանի ձերբակալության, սա արդեն պատասխանը չէ՞ Ձեր պայմանագրի՝ Ալեք Ենիգոմշյանը պատասխանեց. «Երբ մենք ասում ենք  հավակնություն ունեցող շարժում, որովհետեւ մենք այսօր չունենք լիազորություններ: Մենք չենք հայտարարում՝ մենք ենք ժողովրդի ներկայացուցիչը: Մենք համոզված ենք, որ մեր գործողությունները բխում են հայ ժողովրդի շահերից, բայց մեզ անհրաժեշտ է լեգիտիմություն: Մենք շարունակում ենք մեր աշխատանքները՝ անկախ քիմքարդաշյաններից կամ ցանկացած այլ երեւույթից: Ձեր ասածը հասկանալի է մասշտաբների առումով, բայց դա չի նշանակում, որ մեր նախաձեռնությունը ստվերի մեջ է: Մենք գիտակցում ենք, որ այս ռեժիմը ստեղծել է այնպիսի պայմաններ, որ ժողովրդի մի կարեւոր խավի մոտ կա հուսախաբություն, իրականությունից փախուստ տալու ձգտում: Մենք համոզված ենք, որ ժողովուրդն ունի այն ներուժը, որ կարող է շրջադարձ կատարելու»:

Պավել Մանուկյանը հացադուլ էր հայտարարել: Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է նրա եւ Սեֆիլյանի վիճակը, ճի՞շտ է, որ հացադուլն արդեն դադարեցվել է՝ փաստաբան Հայկ Գրիգորյանը պատասխանեց, որ վերջին անգամ, երբ տեսել է նրանց, Ժիրայր Սեֆիլյանը լավ էր, իսկ Պավել Մանուկյանի հացադուլը դեռ շարունակվում էր: Դա՝ ապրիլի 10-ի դրությամբ:

Հարցին՝ եթե մեղադրանքը հաստատվի, 4-10 տարի է նախատեսված առաջադրված հոդվածով: Այս առնչությամբ փաստաբան Հայկ Գրիգորյանն ասաց. «Քանի որ դա քաղաքական հետապնդում է, իրավական կողմի մասին խոսելը ճիշտ չի լինի: Թե որքան կպահեն կամ ինչ է ծրագրել ռեժիմն անելու՝ ներքին հարցեր են: Այն մեղադրանքը, որ կիրառել են Սեֆիլյանի նկատմամբ, ըստ էության կարող են կիրառել ցանկացած քաղաքացու նկատմամբ, որ անկարգություն է արել հավաքի ժամանակ եւ այլն: Մեղադրանքն ի սկզբանե քաղաքական է եւ անհիմն, նպատակն է եղել նրանց անազատության մեջ պահելը»:

Փաստաբանն ասաց, որ ինքը միջնորդություն է ներկայացրել՝ գրավով Սեֆիլյանին եւ ընկերներին ազատ արձակելու, բայց միջնորդությունը մերժվել է:

Ալեք Ենիգոմշյանն ասաց, որ կանխատեսում է, որ Ժիրայր Սեֆիլյանի եւ ընկերների ձերբակալությունն ավելի լուրջ հակազդեցություն է առաջացնելու եւ մարդիկ, որոնք մինչ այդ հեռվից էին նայում, հիմա ավելի սրտացավ են եւ ավելի հետաքրքրված:

Մեր հարցին՝ Ժիրայր Սեֆիլյանն ասել էր, որ իշխանափոխությունը մի քանի օրվա հարց է, հիմա մնո՞ւմ եք Դուք այդ կարծիքին՝ Ալեք Ենիգոմշյանը պատասխանեց. «Եկեք 24-ի հետ կապված չմանրանանք: Գնանք ապրիլի 24 հասնենք եւ կտեսնենք»:

Ըստ Հիմնադիր խորհրդարանի անդամների, իրենք ռոմանտիկ են եւ կարող են ենթադրել, որ այդ օրը իսկապես տեղի կունենա իշխանափոխությունը. «Մնում է անցնել գետի մյուս ափը: Դա կախված է մեզանից՝ բոլորիցս»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Թրավիս says:

    Ալեք Ենիգոմշյանի խոսքերը գոնե խորք ունեն, իմաստ ունեն… Նրա հանդեպ հայության յարգանքը պահպանվելու է: Սակայն ափսոս որ յաջողել են զինք ներգրավել այս զավեշտում..

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930