Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության ժամանակավոր համակարգող Ալեք Ենիգոմշյանը, Հիմնադիր խորհրդարանի անդամ Էմիլ Աբրահամյանն ու Հիմնադիր խորհրդարանի փոխնախագահ Հայկ Գրիգորյանն այսօր հրավիրած ասուլիսում ներկայացրեցին Նոր որակի հայկական պետության ձեւավորման եւ զարգացման մասին Հռչակագիրը:
Ալեք Ենիգոմշյանն ասաց, որ Հռչակագիրը մտադիր էին ավելի շուտ հրապարակել, սակայն դրան խանգարեցին ձերբակալությունները:
Հայկ Գրիգորյանը հայտարարություն արեց՝ անցյալ շաբաթվա ձերբակալությունների հետ կապված, որտեղ մասնավորապես նշեց, որ Հիմնադիր խորհրդարանը նախաձեռնել է ժողովրդին համախմբելու եւ քաղաքացիական անհնազանդության քայլեր՝ ապազգային ռեժիմին հեռացնելու համար եւ հայտարարում է նոր որակի ինքնիշխան, իրավական, սոցիալական եւ մրցունակ պետության ձեւավորման մեկնարկը: Անօրինական ձերբակալությունները ծրագրված են եւ ուղղված են ՀՀ-ում ազատ խոսքի, խաղաղ հավաքներ անցկացնելու Սահմանադրական իրավունքի սահմանափակմանը:
Նա նշեց, որ Ապրիլի 24-ին չի կատարվելու որեւէ գործողություն, ամսի 17-ին լինելու է քայլերթ եւ հավաք Ազատության հրապարակում: Այն արտոնված է: Հավաքի իմաստը այսպես բացատրեցին՝ համերաշխություն բռնադատվածների հետ, նրանց մարմնավորած պայքարի հետ եւ վճռականության վերահաստատումը՝ պայքարը շարունակելու՝ միասին դեպի ազատություն:
Կարդացեք նաև
Ալեք Ենիգոմշյանն էլ ասաց, որ ռեժիմից ազատվելու անհրաժեշտությունը բխում է երկու էական հանգամանքներից Անկախության հռչակագրի եւ 95-ին ընդունված Սահմանադրությունը հարգված չլինելուց:
Արցախյան շարժման մասնակից Էմիլ Աբրահամյանի խոսքերով՝ այսօրվա վիճակը գալիս է դեռեւս 94-ի զինադադարի պայմանագրից, որովհետեւ թույլ չտվեցին վայելել հաղթանակի արդյունքը. «94-ին ստորագրեցինք մեր պայքարը վիժեցնող, ստորացուցիչ պայմանագիրը, որը ի չիք դարձրեց մեր պայքարը հայ ժողովրդի: Մեզ թելադրեցին եւ ստիպեցին: Մեր պայքարը չէր բերում նրան, որ մենք դա ընդունեինք, բայց մեր վերնախավը թե՛ գաղափարապես, թե՛ քաղաքական կամքով պատրաստ չէր, որ մեր անկախությունը ձեւավորվեր մեզ համար ընդունելի ձեւով: Նա առաջին հերթին ընդունեց ՌԴ-ի թելադրանքը»:
Ալեք Ենիգոմշյանի խոսքերով՝ մենք ամբողջությամբ բաց ենք արտաքին աշխարհի դրականի նկատմամբ. «Մենք պետք է շարունակենք բաց լինել՝ ճգնաժամից դուրս գալու բոլոր փորձերին: Մենք արտաքին աշխարհից մեկուսանալու բացարձակապես խնդիր չունենք: Մենք մտադիր ենք խաչմերուկի եւ կամուրջի դեր կատարել տարածաշրջանում»:
Aravot.am-ը հետաքրքրվեց՝ Րաֆֆի Հովհաննիսյանը ապրիլի 9-ին երդման հայտարարություն արեց ժողովրդի հետ, Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական պայմանագիր է կնքել, հիմա այս պայմանագիրն ի՞նչ է տալու՝ Ալեք Ենիգոմշյանը պատասխանեց. «Սա բառի բուն իմաստով պայմանագիր է, խորհրդանշական բնույթ չի կրում: Տարբերություն կա հանրահավաքի ժամանակ արած երդումի եւ բառի բուն իմաստով ստորագրված պայմանագրի միջեւ: Եթե ՀՀ հաշվառված քաղաքացիների մեկ քառորդը ստորագրի այս պայմանագիրը, այն կստանա լեգիտիմություն: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի շարժմանը, որը կոչվում է քաղաքացիական պայմանագիր, հարգում ենք Փաշինյանի նախաձեռնությունը, սակայն մինչեւ այս մենք չենք իմանում, որ փաստաթուղթ լինի նման»:
Մենք նաեւ հետաքրքրվեցին՝ ի՞նչ պարտավորություն է ստանձնում քաղաքացին՝ ստորագրելով այս պայմանագիրը՝ Ալեք Ենիգոմշյանը պատասխանեց. «Ստորագրած քաղաքացիները նախ իրենց համաձայնությունն են տալիս պայմանագրում նշված գաղափարներին, սկզբունքներին եւ այս հռչակագրում նշված սկզբունքների իրականացման նպատակով լիազորում են Հիմնադիր խորհրդարանին 2 տարվա ժամկետով իրականացնել անցումային իշխանություն ստեղծելու հստակ պարտավորություն եւ հետո իրականացնել ազատ, արդար համապետական ընտրություններ»:
Ալեք Ենիգոմշյանը հարցին՝ հնարավո՞ր է մասնակցեք առաջիկա համապետական ընտրություններին՝ պատասխանեց. «Հիմնադիր խորհրդարանի փիլիսոփայությունը ներկա գործող համակարգից դուրս համակարգային լուծումն է: Մենք ունենք հստակ խնդիր մեր առաջ դրած՝ իշխանափոխության: Դրա ժամկետը շատ մոտ է: Ժամկետը չի փոխվել, նպատակը չի փոխվել: Մենք գնում ենք այդ ժամկետին»:
Հարցին՝ ուտոպիստական չե՞ք համարում այս պայմանագրի կետերը՝ Ալեք Ենիգոմշյանը պատասխանեց «Մենք հավատում ենք մեր ժողովրդի հոգեւոր ուժին: Ինչքան էլ անցյալում եւ ներկայում որոշ մարդիկ չեն հավատում այդ դրսեւորմանը, մենք հավատում ենք: Հայաստանը որպես կենսունակ երկիր կարող է գոյություն ունենալ միայն նման սկզբունքներին դավանելու պարագայում»:
Հարցին՝ որպես նոր պետություն պատրա՞ստ եք հրաժարվել այն բոլոր միջազգային պարտավորություններից, այդ թվում եւ պարտքերից, որոնք չեն բխել Հայաստանի շահերից՝ Ալեք Ենիգոմշյանը պատասխանեց. «Մենք ազգային պետական ինքնիշխանությանը տալիս ենք բացարձակ նշանակություն: Առանց անտեսելու, որ Հայաստանը միջազգային ընտանիքի անդամ է եւ ունի պարտավորություններ: Նոր Հայաստանը պիտի անի ամեն ինչ, որ իրեն պարտադրված պարտավորություններից հրաժարվի: Այն պարտավորությունները, որոնք օրվա իշխանությունները կամովին ընդունել են Հայաստանը գաղութացնելու պարտավորությունները, Նոր Հայաստանում դրանք պետք է չեղարկվեն, երբ նոր Հայաստանն արդեն ունենա հզորություն անվտանգության բոլոր ոլորտներում, պաշտպանական, տնտեսական եւ արտաքին հարաբերությունների ասպարեզում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Հռիփսիմե ջան, մի հարց մոռացել ես տաս: Հետաքրքիր է, քանի՞ ՀՀ քաղաքացի է ստորագրել այդ պայմանագիրը ՀԽ-ի հետ, որի առաջնորդը և շատ անդամներ ՀՀ քաղաքացի էլ չեն ի դեպ…
.
“հիմա”-ն դառավ ՛՛մի քիչ հետո՛՛, “բարև”- ին հաջող արեցինք, ”մեկ+մեկ”- ը երկու չդառավ, էպոսագետից ու Շանթից մի կերպ ազատվեցինք))))) պարզվում է ընդամենը պետք է պայմանագիր կնքել Ժիրոյի հետ, ու մեր դարդերը կվերջանան: Ի՜նչ հարիֆ ազգ ենք, որ մինչև այսօր գլխի չենք ընկել դա… ինչ սահմանադրություն, ինչ բան… թուղթ ա, ստորագրում ես ու պրծ…
Բայց լուրջ՝ քանի՞ պայմանագիր ունեն: Իմանանք էլի, ճամպրուկները հավաքենք թե չէ)))))
Սեռժ Սարգսյանը ապրիլի 24ին չի ազատելու «Հիմնադիր Խորհրդարանի» անդամներին: Այդ պատճառով պետք է զավթիչներին ցույց տալ որ «Ամեն մեկս Ժիրայր Սեֆիլյան ենք» և սկսել պայքարը:
Իսկ ստորագրահավաքը խելացի քայլ է: Ես կուզեյի որ տարանջատված չգործեին տղաները այլ միանային բոլոր իսկական ընդիմադիրներով: