«Ռուսաստանից մեր ստացած գազի գինը էապես տարբերվում է սպառողի ստացած գազի գնից: Գազի սակագինը հնարավոր է իջեցնել մինչև 5-7 տոկոս: Եթե մարժան 12 տարի առաջ սահմանի վրայից ձեռք բերված գազից մինչև սպառողը լինում էր 40 դոլար, ապա հիմա այն կազմում է 200 դոլար: Տարբերությունը հսկայական է»,- այսօր «Տեսակետ» ակումբում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Գազի հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Նա ներկայացրեց հանձնաժողովի ներկայացրած եզրակացությունը` նշելով, որ ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է` մի շարք ծախսերի գծով կարելի էր խնայողություններ անել, մինչդեռ թվերը ուռճացված են:
Ըստ նրա, «Գազպրոմ»-ի ծախսերը կտրուկ ավելացել են, 1000-ով ավելացել է աշխատողների թիվը, աճել աշխատավարձերը,: «Եթե առաջ «Գազպրոմ»-ի աշխատակիցների աշխատավարձերը 109 հազար դրամ էր, ապա դա 100 հազարով ավելացել է: Դա բացատրվեց այն փաստով, որ միջին աշխատավարձ են ստանում Գազպրոմի աշխատակիցները և համեմատության կարգով չեն ստանում ավելի մեծ աշխատավարձ, քան ՀԷԿ-երի աշխատակիցները: Եթե աշխատավարձի հիմնավորումները հասկանալի է, ապա աշխատողների թվի աճը անհասկանալի է»:
Կարդացեք նաև
Նա ասաց, որ մտահոգություններ կան նաեւ գազի կորուստների հետ կապված: Նրա խոսքով, նորմատիվ սահմանված կարգով գազի կորուստները պետք է լինեն 5.37 տոկոս, բայց կորուստները հասնում են 8,5 տոկոս. «Եթե նորմատիվից դուրս կորուստներ են լինում, պետք է հիմնավորել: Ես չեմ հիշում վերջին 10 տարիների ընթացքում, որ կորուստների չափերը գոնե մոտ լինեն այդ թվին: Միշտ շատ են եղել կորուստները: Վերջին տարվա ընթացքում գրանցվել է 8.64 տոկոս կորուստ. «Գազպրոմ»-ն ունենում է տարեկան 50 միլիոն խորանարդ մետրից ավելի կորուստ այս տեմպերով աշխատելու դեպքում: Այստեղ հարց է ծագում, թե «Գազպրոմ»-ը ինչո՞ւ ոչ մի ներդրում չի կատարում կորուստները պարզելու ու նվազեցնելու համար»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ