Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառերի ցեղասպանությունը Երեւանում

Ապրիլ 13,2015 16:00

Ցեղասպանությունը որպես մարդկության դեմ հանցագործություն կանխելու եւ պատժելու կոնվենցիան ընդունվել է 1946 թվականի դեկտեմբերի 9–ին, այն ուժի մեջ է մտել 1951 թվականի հունվարի 12-ին։

Մարդկային հասարակությունը չի կարող գոյություն ունենալ, եթե ոչնչացվում են նրա կենսունակությանը, բնականոն զարգացմանը նպաստող բնության արժեքները։ Հետեւապես անհրաժեշտություն չէ՞ արդյոք բնության բարիքները ոչնչացնողների հանդեպ կիրառել «ցեղասպանության կոնվենցիայի» բնական նոր տեսակը, ձեւը։

Խոսքս այստեղ ուղղում եմ մեր շրջապատի կանաչ տարածքների եւ մասնավորապես մայթեզրերի ծառերի պահպանմանը։ Այդ ծառերը «քաղաքի թոքերն» են: Դրանք ներքին այրման շարժիչների ահռելի եւ բազմապիսի «արտաշնչած» թույնը վերածում են թթվածնի եւ հրամցնում մեզ՝ քաղաքաբնակներիս։ Դեռեւս 1924 թվականին Երեւան քաղաքի գլխավոր հատակագծի վրա աշխատելիս մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը կարեւոր նշանակություն էր տվել մայրաքաղաքում երեք կանաչ գոտիների ստեղծմանը, շրջակա բլուրների անտառապատմանն ու մայթեզրերի սաղարթախիտ, փշատերեւ, նաեւ մրգատու ծառերի աճեցմանը։

Մայթեզրերի ծառերն իրենց աճի ընթացքում տալիս են բազմակողմանի ճյուղեր, որոնց մի մասը տարածվելով փողոցի երթեւեկելի մասում՝ կարող է խանգարել փոխադրամիջոցների երթեւեկությանը: Հետեւապես յուրաքանչյուր տարի կատարվում է ծառերի էտ կամ, ինչպես ընդունված է, ծառերի ձեւավորում: Այն կատարվում է երկու եղանակով՝ կարճացում եւ նոսրացում:

Կարճացման դեպքում այն ճյուղերը, որոնք խանգարում են փոխադրամիջոցներին, մարդկանց, կտրում կարճացնում են: Նոսրացման ժամանակ խիտ աճած ճյուղերը, չորուկները կտրում հեռացնում են։ Այն, ինչ այսօր կատարվում է Երեւանում մայթեզրի ծառերի հանդեպ, պարզապես «ցեղասպանություն» է: Մեր բնակչությանը իրենց շահադիտական նպատակների համար մոլորեցնում, պարզապես խաբում են, թե տեսեք՝ վաղը ինչպիսի սաղարթ կտան։

Ուշադիր նայեք նախորդ տարվա «ձեւավորված» ծառերին։ Մի մասը ընդհանրապես չորացել է, մյուսները կտրած՝ հիմնական կողաճյուղերի տեղերից մի քանի մազաչափ հաստության ծիլեր են դուրս եկել, եւ ծառը բոլորովին նման չէ իրեն, իր նպատակին չի կարող ծառայել։ Սա թշնամություն է: Պարզապես այդ «ծառաձեւավորումից» քաղաքապետարանի պաշտոնյաները ստանում են ահռելի եկամուտ, իսկ թե ծառերը կչորանան, ամռան տապին քաղաքացին մայթով արեւի կիզիչ ճառագայթների ներքո կքայլի, փոխադրամիջոցների թունավոր արտանետումը կշնչի՝ նրանց քիչ է հետաքրքրում։
Զարմանք եւ զայրույթ է առաջացնում այն անտարբերությունը, որ մեր մասնագետ «ծառաձեւավորողները»՝ տարված վերադասի հրամանի արագ կատարմամբ, մոռանում են, որ ծառին հասցրած վնասի՝ վերքի վրա, որն այսօր այնքան ցայտուն երեւում է, պետք է սպեղանի դրվի: Գոյություն ունեն «ծառերի մածուկ» եւ այլ ղեղամիջոցներ։ Չէ՞ որ այդքան մեծ վերքերից ծառաբուն են ներթափանցում մթնոլորտային տեղումներ, շրջակա բազմաթիվ վնասաբեր մանրէներ եւ այլն։

ՍԵՐԳԵՅ ԱՎԱԳՅԱՆ
Գյուղատնտեսական
գիտությունների թեկնածու

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Թրավիս says:

    «Ցեղասպանության» բառի անիմաստ եւ թեթևսոլիկ գործածության այս օրինակը առաջացնում է մի զզվանք, որ կարելի է հանդարտեցնել միայն… մի քանի ծառեր կացինելով: Կատարյալ անմտություն:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930