Ադրբեջանի Գյանջա քաղաքի դատարանում շարունակվում է Արսեն Բաղդասարյանի դատավարությունը: Ա. Բաղդասարյանն ադրբեջանական գերության մեջ է հայտնվել 2014թ. դեկտեմբերի 27-ին:
Պետական մեղադրող Անար Միրքիշիեւը կարդացել է մեղադրական եզրակացությունը: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Բաղդասարյանը համաձայն է մեղադրական եզրակացության հետ եւ իրեն մեղավոր է համարում: Նույն աղբյուրների վկայությամբ՝ նա ասել է, որ Ադրբեջանում իր հետ լավ են վարվում:
Նրա դատը կշարունակվի ապրիլին 20-ին: Պարզվում է, որ Ա. Բաղդասարյանը պաշտպան ունի՝ փաստաբան Ռամիզ Աբդուլաեւը:
Հայաստանի քաղաքացիները, որոնք հայտնվում են Ադրբեջանի տարածքում, ֆիզիկական, հոգեբանական մեծ տանջանքների են ենթարկվում, որի հետեւանքով «ինքնախոստովանական» ցուցմունքներ են տալիս: Հիշեցնենք, որ ադրբեջանցիները դիվերսանտ էին հռչակել նաեւ Տավուշի մարզի Չինարիի բնակիչ Կարեն Պետրոսյանին, Վերին Կարմիրաղբյուրի բնակիչ Մամիկոն Խոջոյանին :
Կարդացեք նաև
31-ամյա Կարեն Պետրոսյանն ադրբեջանական գերության մեջ մահացել է 2014թ. օգոստոսի 8-ին, գերության մեջ հայտնվելուց մեկ օր անց: 77-ամյա Մամիկոն Խոջոյանը, որը հոգեկան շեղումներ ուներ, Ադրբեջանի տարածքում հայտնվել էր 2014թ. հունվարի 28-ին: Գերության մեջ նա ենթարկվել էր խոշտանգումների, կտտանքների: 2014թ. մարտի 4-ին նա վերադարձվել է Հայաստան, սակայն ազերիների կողմից խոշտանգումների ենթարկվելու հետեւանքով առաջացած հիվանդություններից 2014թ. մայիսի 20-ին մահացել է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ