Ալավերդու քաղաքապետարանը 2014 թվականին համայնքային բյուջեի բնապահպանական սուբվենցիաներից 6,6 մլն դրամ է տրամադրել Ալավերդու բժշկական կենտրոնին` «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության պղնձաձուլական գործարանի արտանետումների հետեւանքով բնապահպանական վտանգավոր միջավայրում ապրող 550 կանանց կրծքագեղձի եւ 500 տղամարդկանց շագանակագեղձի պրոֆիլակտիկ բժշկական հետազոտություն իրականացնելու համար:
Ալավերդու բժշկական կենտրոնի փոխտնօրեն Սերոբ Նազարեթյանը այսօր «Դիալոգ» մամուլի ակումբում տեղի ունեցած ասուլիսին ներկայացրեց հետազոտությունների արդյունքները եւ նշեց, որ դիմած կանայք եւ տղամարդիկ ունեցել են ցավեր կամ բողոքներ: Հետազոտությունների արդյունքում կանանց մոտ հայտնաբերվել է 8 չարորակ նորագոյացության դեպք, որոնցից մեկն էր լուրջ բողոք ներկայացրել. «550-ից 404-ի մոտ հայտնաբերվել են մաստոպատիաներ եւ գեղձային փոփոխություններ, սակայն դրանցից ոչ մեկը քաղցկեղային հիվանդություն չէ, ոչ էլ նախաքաղցկեղային, այդքանից ընդամենը 68 կին է հսկողության տակ գտնվում»:
Տղամարդկանց մոտ շագանակագեղձի ադենոմայի 250 դեպք է գրանցվել. «Ադենոման ճակատագրական հիվանդություն չէ, հատկապես ռիսկային տարիք ունեցող 30-60 տարեկան տղամարդկանց մոտ»: Նորմայի սահմաններում 128 տղամարդ լիարժեք առողջ է եղել:
Առողջապահության նախարարության մայրական եւ վերարտադրողական պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանն էլ վստահեցնում է, որ այդ թվերը մտահոգիչ չեն, քանի որ չի կատարվել պատահական կանանց կամ տղամարդկանց հետազոտություն. «Միայն գանգատներ եւ բողոքներ ունեցող անձանց հետազոտություն է կատարվել: 550 կանայք, որոնք դիմել են Ալավերդու բժշկական կենտրոն, բոլորն էլ ունեցել են գանգատներ` ցավեր, շոշափման միջոցով հայտնաբերել են գոյացություններ, պտուկներից արտադրություն: Ցավը երբեմն հիվանդության նշան չէ, այդ իսկ պատճառով 85 կանայք, որոնք ցավ են ունեցել եւ դիմել են, նրանց մոտ ոչինչ չի հայտնաբերվել»:
Կարդացեք նաև
Մանրամասն` տեսանյութում
Գայանե Ավագյանը տվյալներ ներկայացրեց, որոնց համաձայն` ամենաշատ չարորակ նորագոյացություններ ունեցող մարզը Կոտայքի մարզն է, այնուհետեւ Երեւանը:
Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանն էլ տեղեկացրեց, որ այդ 550 կանանցից 404-ի մոտ հայտնաբերված մաստոպատիա ունեցող կանանցից 28-ը, որոնց մոտ կասկածելի գոյացություններ են հայտնաբերվել, մամոգրաֆիկ հետազոտություն են անցել Երեւանում եւ նրանցից 8-ի մոտ հայտնաբերվել է քաղցկեղ. «Սա չի խոսում ամբողջ օբյեկտիվ պատկերի մասին»:
Իսկ այն մնացյալ 404 հոգին, որոնք մամոգրաֆիկ հետազոտություն չեն անցել Երեւանում եւ միայն սոնոգրաֆիկ հետազոտության են ենթարկվել, չի բացառվում, որ նրանց մոտ էլ հետազոտության արդյունքում հայտնաբերվեն գոյացություններ, վստահեցնում է Խաչանուշ Հակոբյանը:
Մանրամասն` տեսանյութում
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ