Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղեկատվություն ապրիլի 23-ին և 24-ին անցկացվելիք միջոցառումների վերաբերյալ

Ապրիլ 13,2015 13:33

Տեղեկատվություն՝ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 23-ին և 24-ին անցկացվելիք միջոցառումների, մասնակիցների տեղափոխության, երթևեկության և անվտանգության հետ կապված պայմանների վերաբերյալ

• 2015 թ. ապրիլի 23-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ժամը 17:00-ից, բաց խորանի մոտ տեղի կունենա Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը, որը կհեռարձակվի ուղիղ եթերով, ինչպես նաև կցուցադրվի Երևանի Հանրապետության հրապարակում տեղադրված մեծ էկրանների վրա:

• Հաշվի առնելով միջոցառումների ծավալը, մասնակցել ցանկացողների քանակը և բազմաթիվ պաշտոնական պատվիրակությունների ներկայությունը՝ ՀՀ ոստիկանությունը, Երևանի և Էջմիածնի քաղաքապետարանները մշակել են հատուկ երթուղիներ, համաձայն որոնց՝ Երևանի Բրազիլիայի հրապարակից Էջմիածին կմեկնեն անվճար ավտոբուսներ, որոնք ուղևորներին կհասցնեն մինչև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք և, այնուհետև, միջոցառման ավարտին կվերադարձնեն Երևան:
Խորհուրդ է տրվում խուսափել սեփական փոխադրամիջոցների օգտագործումից:

• Սեփական ավտոմեքենաներով Էջմիածին մեկնողների տրանսպորտային միջոցները պետք է կայանել Էջմիածնից դեպի Արմավիր տանող ճանապարհահատվածում, որտեղից էլ ցանկացողներին ավտոբուսներով կտեղափոխեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին:

• Անվտանգության նկատառումներից ելնելով` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք, ինչպես նաև ստորև նշվող այլ հանրային միջոցառումների անցկացման վայրեր մուտք գործող անձանց արգելվում է`
– կրել կամ ունենալ քիմիական, պայթուցիկ, հրավառ և դյուրավառ նյութեր, ինչպես նաև այն իրեր և միջոցներ, որոնց առկայությունը կամ կիրառումը կարող է վտանգ ներկայացնել շրջապատում գտնվող անձանց համար,
– ունենալ ռազմամթերք, զենքի ցանկացած տեսակ և դրանց փամփուշտներ (բացառությամբ այն անձանցից, ովքեր, ելնելով ծառայողական պարտականությունների կատարումից, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն պահել, կրել, կիրառել և օգտագործել հաշվեցուցակային հրազեն),
– ունենալ մեծածավալ առարկաներ, այդ թվում՝ տնտեսական և այլ մեծ պայուսակներ, տոպրակներ, պարկեր, ճամպրուկներ, ուսապարկեր և այլն:

Միջոցառման անցկացման ժամանակ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածք բերվող անձնական իրերը ենթարկվելու են զննման:

• 2015 թվականի ապրիլի 23-ի երեկոյան՝ ժամը 20:00-ին, Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում տեղի կունենա ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման համար մշտապես պայքարող «SOAD» ռոք խմբի համերգը, որն անցնում է «Wake up the souls» («Արթնացրեք հոգիները») խորագրով:

Մուտքը Հանրապետության հրապարակ իրականացվելու է միայն Շահումյան հրապարակի կողմից` Վազգեն Սարգսյան փողոցով` անվտանգության գոտիներն անցնելուց հետո:
Մուտքն անվճար է, բայց սահմանափակ է մասնակիցների ընդհանուր թվով:
2015 թ. ապրիլի 23-ին՝ ժամը 08:00-ից մինչև 24:00, սահմանափակվելու է Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցների երթևեկությունը, մասնավորապես՝

– Ամիրյան փողոցը՝ Մաշտոց-Ամիրյան փողոցների խաչմերուկից,
– Աբովյան փողոցը՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից,
– Նալբանդյան փողոցը՝ Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկից,
– Հանրապետության փողոցը՝ Հանրապետության-Բուզանդ փողոցների խաչմերուկից,
– Տիգրան Մեծ պողոտան՝ Տիգրան Մեծ-Խանջյան փողոցների խաչմերուկից,
– Գր. Լուսավորիչ փողոցը՝ Գր. Լուսավորիչ-Իտալիայի փողոցների խաչմերուկից,
– Խորենացի փողոցը՝ Խորենացի-Զաքյան և Խորենացի-Մ. Մկրտչյան փողոցների խաչմերուկներից:

• Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի տարածքում արտերկրյա բարձրաստիճան պատվիրակությունների մասնակցությամբ անցկացվելու են արարողակարգային միջոցառումներ: Այցելուների համար մուտքը դեպի հուշահամալիր կբացվի ժամը 13:00-ից: Հուշահամալիր այցելությունը շարունակվելու է նաև ապրիլի 25-ին:

• Ապրիլի 24-ին՝ երեկոյան 20:15-ին, Հանրապետության հրապարակում տեղի կունենա Համաշխարհային 24/04 նվագախմբի համերգը` տասնյակ երկրներից ժամանող 140 երաժիշտների, աշխարհահռչակ խմբավարների և մենակատարների մասնակցությամբ: Մուտքն անվճար է:

Մուտքը Հանրապետության հրապարակ իրականացվելու է Վազգեն Սարգսյան, Ամիրյան փողոցների և Տիգրան Մեծ պողոտայի հատվածներից անվտանգության գոտիներն անցնելուց հետո:

Աբովյան և Նալբանդյան փողոցների հատվածներում քաղաքացիների մուտք (ելք) չի իրականացվելու:

• 2015 թվականի ապրիլի 24-ին` երեկոյան ժամը 22:00-ին, Հանրապետության հրապարակից կմեկնարկի ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ:

Երթուղին՝ Հանրապետության հրապարակ – Ամիրյան փողոց- Մաշտոցի պողոտա – Ֆրանսիայի հրապարակ – Բաղրամյան պողոտա – Բարեկամության հրապարակ – Կիևյան փողոց – Կիևյան կամուրջ – Կ. Դեմիրճյանի անվան ՄՀՀ – Ծիեռնակաբերդի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր:

 ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930