Բաց նամակ վաչապետ Հովիկ Աբրահամյանին
… եւ ամաչո՛ւմ եմ մեզ համար ասել,
թե երկրավորներիս եղած գործերի պատմությունները
բերել, Քոնոնցից առա՛ջ ենք դրել:
Արդ, Տե՛ր իմ, արի՛, թող չզորանա՛ աջն հողեղենի, Աջի՛ցդ առավել,
եւ ողորմություններդ անթիվ, անհամար թող չկշռվե՛ն ջանքի հետ մարդկանց:
Սուրբ Գրիգոր Նարեկացի,
«Մատյան ողբերգության», Բան Ծթ
Մեծարգո վարչապետ, Առաքելական եկեղեցու մեր հավատով, երբ հոգում ենք մեր ննջեցյալների հոգեւոր պետքերը, ապա ըստ «Ոսկե օրենքի», որ տիեզերական օրենք է, մեր ննջեցյալների հոգիներն էլ սկսում են մեզ օգնել` բանական օգնությամբ, որից հոգու խաղաղություն ենք գտնում-ունենում եւ առավելանում են մեր գործերի հաջողությունները: Քանի որ քրիստոնյա ննջեցյալները միայն մարմնով են մեռելներ եւ բանականությամբ ամեն օր աջակից են մեր բարի բոլոր գործընթացներին:
Այս գաղտնիքը լավ գիտեր Նժդեհ իմաստունը, որ ասում էր. «Մի ժողովրդի հզորագույն զինակիցները պատերազմի ժամանակ իր մեծ մեռելներն են։ Խեղճ է այն ժողովուրդը, որն իր պայքարի եւ խոյանքների ժամանակ չի զգում, թե իրեն աներեւութաբար զորավիգում են իր մեծ մեռելները…»։ (ՆԺ-ԴԵՀ. Պաշտամունքը մեծ մեռելների)։
Հոգեւոր իրավական խնդիրներում միշտ զգոն Անդրանիկ Զորավարը ննջեցյալների կարգը պահել էր սովորեցնում, խրատում իր մերձավորներին, նույնն է թե` ամենքիս: Ազնիվ Թաշճյանի հուշերի մեջ կարդում ենք. «Անդրանիկը իր նամակներով մեզ թելադրում էր, համաձայն եկեղեցական օրենքների, գերեզմանների վրա անընդհատ խունկ ծխեինք, մոմը միշտ վառ պահեինք եւ ծաղիկները թարմացնեինք: Իսկ տոնական օրերին եկեղեցում հոգեհանգիստ կատարեինք Օզանյանների բոլոր ննջեցյալների եւ Վերոնիքայի հոգու եւ ոսկորների հանգստության համար: Եվ միշտ հոգու հաց էինք տալիս, որովհետեւ Անդրանիկը իր նամակներով այդպես էր թելադրում»:
Ըստ վերում բերված եւ բազմաթիվ այլ վկայությունների որչափով մերժում կամ սակավեցնում ենք ննջեցյալներին մեր հոգեւոր հոգածությունները, այդչափ իսկ ժողովուրդը տկար ու անիմաստուն է դառնում եւ մեր թիկունքը պահող զորությունն է պակասում, սակավանում:
Ուստի այս խնդրով լավ է մեր իշխանությունը մեր Առաքելական սուրբ եկեղեցուն լսի, եւ ոչ թե օտարների:
Իսկ եթե մեզանում տեղ գտած օտար հիմնարկները գտնում են, թե Մեռելոցի օրերին հարկ է աշխատել, ապա պիտի պատասխանել, որ սա մեր երկիրն է եւ մենք մեր ավանդներն ենք պահպանում, որովհետեւ այդ է օգտակար մեր հինավուրց ժողովրդին: Թեպետ մեր ավանդները պահելով` ավելի շահած պիտի լինեին, ոչ միայն հոգեւոր, անգամ` տնտեսական առումով էլ, որովհետեւ ննջեցյալների զորակցությունն էլ կունենային, ինչպես որ մենք ունենք:
Ինչու՞ մեր արդար մշակույթի ոսկին փոխարինենք օտարի ժանգոտ մետաղադրամներով, ինքներս մեզ խաբելով, թե` շահեցինք:
Տիրոջով վստահ ենք, որ բարին մեր ավանդները պահելն է:
Նաեւ վստահ ենք, որ Մայր առաքելական եկեղեցու զավակները ամենքն էլ կստորագրեին այս գրության տակ:
Խորին հարգանքով`
ՄԱՔՍԻՄ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՈՍԿԱՆՅԱՆ
բանաստեղծ-թարգմանիչ,
ՀԳՄ անդամ
Ապազգային տարրերից ի՞նչ եք ուզում։Ջհուդամասոնական մի գրանդ կպակասի։
Մտքերէն զատ, ինչ աղուոր է ասանկ հայերէն կարդալը։ Ափսոս որ քիչ մարդ կայ որ մաքուր հայերէն կրնայ գրել։
բարեվ Մաքսիմ ջան՝ Իմ skype HAYRIK333. Գտիր ինձ’ Հարգանքներով Վաչիկ*