Լրահոս
Օրվա լրահոսը

Օպերայի աջակցման հիմնադրամի «հաշվետվությունը»

Ապրիլ 13,2015 14:30

Արտերկրյա հեղինակավոր մշակութային օջախներում, մասնավորապես՝ թատրոններում, վաղուց ստեղծված աջակցման հիմնադրամների գործունեությունը մեծ հաշվով խթանում է արվեստի զարգացմանը: Վերջին շրջանում մեզանում որոշ մշակութային օջախներում ստեղծված նման կառույցների շուրջ հաճախ տարաբնույթ խոսակցություններ են պտտվում:

«Առավոտը» հանդիպեց ավելի քան մեկ տարի գործող Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի աջակցման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, թատրոնի երաժշտական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Կարեն Դուրգարյանի, հիմնադրամի տնօրեն, արվեստագիտության թեկնածու, թատրոնի երաժշտական ղեկավարի օգնական Շմավոն Գրիգորյանի եւ հիմնադրամի փոխտնօրեն Լիլիթ Բաղդասարյանի հետ: Մեր զրուցակիցներին խնդրեցինք փաստերով ներկայացնել աջակցման հիմնադրամի շուրջ մեկ տարվա գործունեությունը:

Լիլիթ Բաղդասարյանը նախ ներկայացրեց հիմնադրամի նպատակները, որոնք, ըստ էության, ընդհանուր են բոլոր մշակութային օջախների համար. «Հիմնադրամի հիմնական նպատակներն են հնարավորություն ստեղծել մեր թատրոնի ստեղծագործական անձնակազմի երաժշտական ընդունակությունները զարգացնելու եւ կատարելագործելու համար, գտնել անհրաժեշտ նյութական միջոցներ ու կազմակերպել թատրոնի արտիստների մասնակցությունը հանրապետական եւ միջազգային տարբեր միջոցառումների, օժանդակել Հայաստանում եւ արտերկրում կրթական հաստատություններում օպերային թատրոնի արտիստների փորձի փոխանակմանն ու վերապատրաստմանը, օժանդակել նաեւ CD-ների, տեսահոլովակների, տեսաֆիլմերի եւ ձայնագրությունների պատրաստմանը, նպաստել հայկական դասական արվեստն արտերկրում ներկայացնելուն եւ այլն»:

«Առավոտը» անցած տարվա ընթացքում անդրադարձել է օպերային թատրոնում «Համերգ ճեմասրահում», «Օրկեստր +» նախագծերի շրջանակներում տեղի ունեցած որոշ համերգների: Շմավոն Գրիգորյանը հիշեցրեց կայացած որոշ համերգները, այդ թվում՝ դաշնակահար Հայկ Մելիքյանի, բարիտոն Գեւորգ Հակոբյանի մենահամերգները, իտալական բարոկկո եւ ֆրանսիական երաժշտության երեկոները թատրոնի երգչախմբի կամերային կազմի եւ սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ, Ժորա Սարգսյանի մենահամերգը՝ Երեւանի պետական կոնսերվատորիայի 90-ամյակին նվիրված, «Ջութակը օպերայում» խորագրով երեկոն՝ Կարեն Շահգալդյանի մասնակցությամբ, հայ հոգեւոր, միջնադարյան երաժշտության համերգները: Մեր զրուցակիցը նշեց նաեւ լիբանանցի դարբուկահար Ռոնի Բարրակի համերգը՝ թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի ընկերակցությամբ, շվեյցարացի ալպհորնահար Էլիանա Բուրկիի համերգը, Երեւանյան միջազգային «Տանգո» փառատոնի շրջանակներում մեզ հայտնի «Կադանս» խմբի եւ թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի մասնակցությամբ եւ այլն:

Կարեն Դուրգարյանն էլ նշեց հրավիրյալ, իր խոսքերով՝ բարձրարվեստ դիրիժորների այցը օպերային թատրոն: Նրանք են՝ Գերմանիայից Միքայել Վենդեբերգը, որը ղեկավարել է «Կախարդական սրինգ», «Շահրեզադե» եւ «Հրեղեն հավաք», «Տրավիատա», «Տրուբադուր» ներկայացումները, Մարկ Կիզոցին (Շվեյցարիա), որը նույնպես ղեկավարել է ներկայացումներ («Տրավիատա» եւ «Տրուբադուր»): Պարոն Դուրգարյանը նշեց նաեւ Շվեյցարիայից ժամանած պրոֆեսոր Սիլվիա Բաումանի, ֆրանսիացի ֆագոտահար Մելոդի Միշելի, վրացի կլարնետահար Լեւան Ցխադաձեի, դիրիժոր Ուան-Յու Նիի թատրոնում անցկացրած վարպետության դասերի մասին եւ ոգեւորությամբ փաստեց անցյալ տարվա ընթացքում թատրոնի մեներգիչների մասնակցությունը «Սանկտ Պետերբուրգի պալատները», «Սպիտակ գիշերների աստղերը» փառատոներին, «Լարիսա Գերգիեւայի մոտ» արվեստների փառատոնի շրջանակում մեներգիչների հյուրախաղերը Վլադիկավկազում:

Շմավոն Գրիգորյանը կարեւորեց նաեւ բարեգործական համերգները՝ ոչ միայն Երեւանում, այլեւ Վանաձորում, Գյումրիում, մանկատան եւ անապահով ընտանիքների երեխաներին օգնելը, երաժշտական գործիքներ անվճար տրամադրելը: Հավաստիացրեց, որ այն կրում է շարունակական բնույթ: Լիլիթ Բաղդասարյանը գործընկերոջ խոսքը շարունակեց, նշելով, որ մշակույթի նախարարությունը ոչ միայն ողջունում է հիմնադրամի գործունեությունը, այլեւ աջակցում մի շարք նախագծերի, իսկ հիմնադրամի գլխավոր գործընկերն է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը: Կարեւորեց նաեւ, որ 2014թ. աուդիտն իրականացրել է ճանաչված «Քեյ-Փի-Էմ- Ջի» ընկերությունը եւ արձանագրել գերազանց արդյունք:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարում` Շմավոն Գրիգորյանը, Կարեն Դուրգարյանը
եւ Լիլիթ Բաղդասարյանը:

«Առավոտ» օրաթերթ
11.03.2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լևոն Մութաֆյան says:

    Ցանկալի կլիներ, որ Շմավոն Գրիգորյանը հիշատակեր, որ Գյումրիում ու Վանաձորում տեղի ունեցած բարեգործական ակցիաների կազմակերպման հարցում մեծ դերակատարություն է ունեցել Գ. սունդուկյանի անվան թատրոնի դերասանուհիներից մեկը… Սա ազնիվ ու տղամարդկային քայլ կլիներ: Նաև՝ երախտագիտություն կլիներ այն մարդու հանդեպ, ով ողջ ծանրությունն իր ուսերին տարավ… Թե չէ ուրիշի ծառայությունը սեփականելն ազնիվ չէ…

  2. Անժիկ says:

    Եվ ո՞վ է խոսում ազնվությունից…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930