Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ սահմանամերձ Կոթիի դպրոցի թիմը կրում էր Քարդաշյան անունը

Ապրիլ 13,2015 12:20

Ավանդաբար ամեն տարի ապրիլի 12-ին՝ տիեզերագնացության օրը, Նոյեմբերյանի ինտելեկտուալ կրթության «Նիկա» ակումբն անցկացնում է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի դպրոցականների առաջնություն: Տարածաշրջանային 14-րդ փառատոնը նվիրված էր հայոց Եղեռնի 100-ամյա տարելիցին, հարցերը վերաբերում էին ցեղասպանությանը , հայոց ազատամարտին: Փառատոնին մասնակցում էր 17 թիմ: Այն վարում էր «Նիկա» ակումբի նախագահ Արմեն Ամիրաղյանը:

Նոյեմբերյանի ավագ դպրոցի դահլիճում կայացած խաղին ներկա էին Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը,Նոյեմբերյանի համայնքների միության գործադիր տնօրեն Անդրանիկ Վերանյանը, քաղաքի ավագանու անդամները, գործարարներ, Տավուշի մարզպետարանի կրթության , մշակույթի, սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը: Խաղին ներկա էր նաեւ հեռուստատեսային «Ի՞նչ, որտե՞ղ , ե՞րբ » խաղի վարող Կարեն Քոչարյանը, որը սերում է Նոյեմբերյանի Կողբ գյուղից: Փառատոնի հաղթող թիմի համար մրցանակներ՝ հայրենագիտական գրքեր էր ուղարկել Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը:

Paraton_2

Խաղի մասնակիցները պատասխանեցին 34 հարցի: Հաղթող ճանաչվեց սահմանամերձ Բերդավան գյուղի «Նեմեսիս» թիմը: Քանի որ 2-րդ եւ 3-րդ տեղեր գրաված թիմերը հավասար միավորներ ունեին, ժյուրիի որոշմամբ երկու թիմերն էլ ՝ Նոյեմբերյանի զորամասի«Ասպար» եւ Նոյեմբերյանի ավագ դպրոցի « Աղթամար» թիմերը համարվեցին փառատոնի 2-րդ մրցանակակիր:

Խաղին մասնակցող, սահմանամերձ Կոթի գյուղի թիմի անունը «Քարդաշյան» էր: Ինչո՞ւ է պատանի ինտելեկտուալների թիմը կրում այդ անունը: Թիմին ուղեկցող կոթեցի երիտասարդներից մեկն ասաց, որ այդ անունն են ընտրել այն պատճառով, որ Քիմ Քարդաշյանը մեծ ներդրում ունի հայոց Եղեռնի միջազգային ճանաչման գործում, այս օրերին Քիմ Քարդաշյանի անունը Հայաստանում բոլորի շուրթերին է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930