Լրահոս
Օրվա լրահոսը

Տաճատ Սարգսյանը Գենադի Զյուգանովի`Բաքվում արած հայտարարություններից դժգոհելու առիթ չի տեսնում

Ապրիլ 13,2015 12:14
zyuganov

Այսօր հանրապետության առաջ ծառացած ներքին ու արտաքին մի շարք խնդիրներից, Հայաստանի կոմունիստական կուսակցության կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը առանձնացնում եւ կարեւորում է Սահմանադրական հանրաքվեն: Կոմկուսում ստեղծվել է հանձնաժողով, տարբեր հանդիպումներ ու դասախոսություններ կլինեն եւ կուսակցությունն իր կարծիքը կձեւավորի: Ինքը`Տաճատ Սարգսյանն, իբրեւ անհատ, կարծում է, որ ոչ մի ձեւով չի հիմնավորվում, թե ինչո՞վ այսօրվա Սահմանադրությունը չի բավարարում: «Սահմանադրությո՞ւնն է մեղավոր, որ արտագաղթը մեծանում է, աղքատությունն աճում է, աշխատատեղեր չկան…. Այս տեսակետից խորհելու տեղիք է տալիս, որ նման իրավիճակում եւ նման ընտրական ինստիտուտներով իշխանությունը հանձնեք խորհրդարանին»,- ասաց նա`հավելելով, որ ճիշտ կլինի սկզբում հասնենք համամասնական հարյուր տոկոսանոց ընտրության, կատարելագործվի ընտրական համակարգը, խորհրդարանում հայտնվեն քաղաքական մարդիկ ու նոր միայն մտածենք խորհրդարանական կառավարմանն անցնելու մասին: «Պատկերացրեք`այսօրվա ԱԺ-ին իրավունք տրվի որոշելու հանրապետության անվտանգության հետ կապված ինչ-որ խնդիր»,- տարակուսանք հայտնեց Տաճատ Սարգսյանը:

Նախագահը հրավիրեց քաղաքական ուժերին`սահմանադրական քննարկումների, կոմկուսին հրավեր չուղարկեց. դա չի՞ խոսում այն մասին, որ ՀԿԿ-ի կարծիքը մեղմ ասած, հետաքրքիր չէ`Aravot.am-ի հարցից ընկեր Սարգսյանը նեղսրտեց: «Մենք չանհանգստացանք, որ մեզ չէին հրավիրել: Իշխանությունները գիտեին, որ կոմկուսը արմատական ընդդիմություն է, ունի իր գիծը: Ոչ թե նրա համար չէր հրավիրել, որ քաղաքական դաշտում չունենք դերակատարություն, գուցե մեր դերակատարումն ավելին է, որն անհանգստացնում է իշխանություններին: Այո, Կոմկուսը վաղաժամ է համարում սահմանադրական փոփոխությունը, քանի որ Սահմանադրությունը չէ այս իրավիճակի պատճառը: Միգուցե նախագահը չցանկացավ, որ մենք դրա մասին ասենք»,- զայրացած պատասխանեց ընկեր Սարգսյանը:

Նա խոսեց Իրանի շուրջ ձեռք բերված համաձայնության մասին, ասաց, որ դա ուղղված էր ՌԴ-ի դեմ: Անդրադարձավ ուկրաինական դեպքերին, հիշեց Ղրիմի պատմությունն ու փաստեց. «ՀԿԿ-ն դրական էր գնահատել Ղրիմին`ՌԴ-ի միավորմանը, դա ճիշտ էր: Ղրիմը ՌԴ-ինն, այնպես, ինչպես ԼՂՀ-ն Հայաստանինը»:

«Մենք պետք է սովորենք միմյանցից: Ռուսաստանը կարող է լավ հարաբերություններ հաստատել մուսուլմանական երկրի հետ, և այդ հարաբերությունները օգտակար կլինեն բոլորին»,- վերջերս Բաքու կատարած այցից հետո հայտարարել էր ՌԴ Կոմկուսի առաջին քարտուղար Գենադի Զյուգանովը`Բաքուն է համարելով տարածաշրջանի լավագույն մայրաքաղաքը:

Aravot.am-ը Տաճատ Սարգսյանից հետաքրքրվեց`ինչո՞ւ Հայաստանի Կոմկուսն ընկեր Զյուգանովի հայտարարությունների առիթով իր դժգոհություն չարտահայտեց, իսկ միգուցե համամի՞տ են նրա հետ: Այդ հարցը նույնպես ընկեր Սարգսյանի դուրը չեկավ: Զայրույթը զսպելով, վերջինս ասաց. «Առաջիկայում ընկեր Զյուգանովը կլինի Հայաստանում, դուք այդ հարցն իրեն կտաք»: Ու հավելեց, որ ոչ ոք իրավունք չունի ՌԴ կոմկուսի ընկերներին ասելու`ինչո՞ւ համար եղաք այս կամ այնտեղ:

Նա սկսեց պատմել վերջերս կատարած իր Մոսկովյան այցից, կոմկուսների համատեղ նիստից: Aravot.am-ը հստակեցրեց, գոնե այդ հանդիպումների ժամանակ չե՞ն փորձել իրենց դժգոհությունը հայտնել ընկեր Զյուգանովին: «Դժգոհելու ոչ մի առիթ չկա: Հայաստանի Կոմկուսը շատ սերտ կապերի մեջ է ՌԴ կոմկուսի հետ: Նա կլինի նաեւ Հայաստանում, դուք կտեսնեք թե ի՞նչ տրամադրությամբ կխոսի Հայաստանի հայ ժողովրդի ու հայ կոմունիստների մասին: Դժգոհելու ոչ մի առիթ չկա»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930