Paqqy-ն «Vertigo Group Inc.» ընկերության ծրագրերից մեկն է, որի միջոցով կարելի է ամբողջ աշխարհում կատարել փոխադրումներ անհամեմատ արագ, էժան եւ անվտանգ՝ ի տարբերություն արդեն գոյություն ունեցող համակարգերի (առցանց խանութներ կամ բեռնափոխադրումներ կատարող ընկերություններ): Ծրագրի արդիականությունը մեր երկրի համար պայմանավորված է այն փաստով, որ ոչ բոլոր կազմակերպություններն ունեն դեպի Հայաստան արագ փոխադրումներ, կամ էլ դրանց գները շատ բարձր են:
«Vertigo Group Inc.»-ի ստեղծած Paqqy վեբ ծառայությունը առաքումների եւ փոխադրումների հարթակ է անհատ-անհատ (այսպես կոչված՝ peer-2-peer) կապի համար: Դրա էությունը հայերիս համար բավականին ընկալելի կլինի, քանի որ շատերն են ծանոթների միջոցով այս կամ այն ապրանքը արտասահմանից Հայաստան կամ Հայաստանից արտասահման տեղափոխում: Paqqy-ի շնորհիվ այլեւս կարիք չկա սպասելու ձեր ցանկացած վայր եկող կամ գնացող բարեկամին, կամ էլ վստահել անծանոթներին՝ հույս դնելով նրանց ազնվության վրա: Պլատֆորմը թույլ կտա՝ համակարգում ստեղծելով «paq», գտնել անհատի, ով այդ «paq»-ը կբերի ձեզ անհրաժեշտ վայր, նախապես պայմանավորված գումարի դիմաց: Փոխադրման արժեքի մասին փոխադրողն ու պատվիրատուն պայմանավորվում են առցանց:
«Vertigo Group Inc.» ընկերության գործադիր տնօրեն Ազատ Թովմասյանն «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ բացի էժանությունից, Paqqy-ն նաեւ ապահովում է աննախադեպ արագություն եւ անվտանգություն: Օրինակ, եթե Հայաստան ապրանքը տեղափոխվում է 25-40 օրվա ընթացքում, ապա Paqqy-ն թույլ կտա ստանալ այն 1-2 օրվա ընթացքում. «Չափազանց կարեւոր է անվտանգության գործոնը, քանի որ գոյություն ունեցող փոխադրող ծառայությունները ոչ միշտ են փոխհատուցում, եթե ձեր ապրանքը տեղ չի հասնում կամ վնասվում է փոխադրման ընթացքում»:
Paqqy-ի միջոցով փոխադրումը իրականացնելու դեպքում համակարգը փոխադրողի հաշվից սառեցնում է գումար, որն ապասառեցվում է պատվիրատուի ապրանքը պատշաճ եւ ժամանակին հասցնելու դեպքում: Հակառակ դեպքում, եթե ապրանքը տեղ չի հասնում կամ հասնում է վնասված, սառեցված գումարը փոխանցվում է պատվիրատուի հաշվին՝ որպես փոխհատուցում:
Բացի այդ, կայքում գործելու է գնահատականների (feedback) համակարգ, ուր այս կամ այն փոխադրողների մասին լինելու են սոցցանցերում (Facebook, Twitter եւ այլն) տեսանելի կարծիքներ եւ գնահատականներ: Շնորհիվ անվտանգության համակարգի՝ փոխադրողը շահագրգռված կլինի ազնիվ եւ պատշաճ կերպով մատուցել ծառայություն, հակառակ դեպքում գումար վաստակելու փոխարեն՝ նա գումար կկորցնի: Համակարգը թույլ կտա նաեւ տեսնել ձեր ապրանքի փոխադրման գործընթացը իրական ժամանակով:
Խոսելով ակնկալվող եկամուտների մասին՝ Ազատ Թովմասյանն ասաց, որ ցանկացած համագործակցությունից ստացված գումարի 3-7%-ը պատկանում է ընկերությանը:
Paqqy-ում ներառվելու է նաեւ մաքսազերծման հարցը. այն կարգավորվելու է փոխադրողի եւ պատվիրատուի կողմից:
Ծրագրի վեբ եւ Android տարբերակները հասանելի կլինեն այս տարվա հունիսի 1-ից, իսկ օգոստոսի 1-ից՝ iOS տարբերակը: Ըստ Ազատ Թովմասյանի՝ սկզբնական փուլում ծրագիրը գործելու է եւ թեստավորվելու է Հայաստանում, հետո տարածվելու է ամբողջ աշխարհում. «Մենք սկսում ենք Երեւանից, քանի որ ֆիզիկապես այստեղ ենք եւ փորձարկել համակարգը համեմատաբար հեշտ է: Բացի այդ, բիզնեսի տեսանկյունից դա նպատակահարմար է եւ շահավետ, քանի որ Հայաստանի բնակչության մեծ մասն ունի ընկեր-բարեկամներ արտերկրում, որոնց հետ փոխադրումներն անընդհատ բնույթ են կրում: Այսպիսով Paqqy-ն փոխադրումները հարմարավետության նոր մակարդակ կբարձրացնի՝ բերելով փոխադրումների գների իջեցման եւ ժամկետների արագացման»:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը բազմիցս հայտարարել է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում ընտրված է գերակա ճյուղ, սակայն Ազատ Թովմասյանը ցավով նշեց, որ Vertigo-ն կառավարական ոչ մի աջակցություն չի ունեցել: Նույնիսկ, երբ 2014թ. նոյեմբերին կազմակերպությունը մասնակցում էր Դուբլինում կայացած հեղինակավոր Web Summit-ին, որը համաշխարհային ՏՏ ոլորտում շատ կարեւոր միջոցառում է, ՀՀ կառավարությունն անտարբերություն ցուցաբերեց՝ պնդելով, որ չունի միջոցներ Vertigo թիմին աջակցելու համար եւ դա այն դեպքում, երբ Vertigo-ն Web Summit-ին մասնակցող 20 000 մասնակիցներից Հայաստանը ներկայացնող միակ կազմակերպությունն էր:
Խոսելով արտասահմանում ստացած արձագանքների մասին՝ պարոն Թովմասյանը նշեց, որ բոլոր տեղերում ծրագիրն արժանացել է բարձր գնահատականների՝ ինովացիոն եւ մրցունակ լինելու համար. «Այս Summit-ին մասնակցելով՝ արդյունքում մենք ունեցանք շատ լուրջ պայմանավորվածություններ եւ երբ ունենանք իրական օգտատերեր, կսկսենք այդ ընկերությունների հետ բանակցությունները»:
2014 թվականի հունիսին հիմնադրված ընկերությունը, բացի Paqqy-ից, ունի երկու այլ՝ մշակման փուլում գտնվող ծրագրեր: Քանի որ դրանք, ի տարբերություն Paqqy-ի, դեռեւս արտոնագրված չեն, Ազատ Թովմասյանը չցանկացավ մանրամասներից խոսել: Նա միայն ասաց, որ այդ երկու ծրագրերն էլ իրարից տարբերվող եւ գլոբալ մակարդակով խոստումնալից բիզնես ծրագրեր են:
ԱՇՈՏ ԻՍՐԱԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
11.03.2015