ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակիցները Սպորտի միջազգային օրը երեկ նշեցին «Հայաստան» ՄՄ «Սպարտակ» մարզադահլիճում կազմակերպված սեղանի թենիսի մրցումներով, որով նախարարությունը առողջ ապրելակերպը եւ մասսսայական սպորտը քարոզելու նոր ծրագիր է սկսում իրականացնել: Ինչպես լրատվամիջոցներին ասաց նախարար Գաբրիել Ղազարյանը, նախաձեռնությունը շարունակական է լինելու, ընտրվելու են նաեւ այլ մարզաձեւեր եւ նախարարության աշխատակիցները այսուհետեւ անձնական օրինակով են նպաստելու առողջ ապրելակերպի քարոզչությանը:
Օգտվելով պատեհ առիթից՝ նախարարին խնդրեցինք մեկնաբանել «Առավոտի» նախորդ համարում՝ Ս. Դանիել ստորագրությամբ իր հասցեին կադրային ջարդ իրականացնելու մասին հոդվածը: «Միանգամից ասեմ. դա անհեթեթություն է, որին անդրադառնալ չէի ցանկանա: Բայց քանի որ հարցը տվեցիք, պատասխանեմ: Մինչ նախարարի պաշտոնում նշանակվելս էլ շփվել եմ մարզական լրագրողների հետ, սակայն այդ անունով մեկնաբան չեմ հիշում: Այս պահին տարբեր լրատվամիջոցների լրագրողներ եք իմ առջեւ կանգնած: Ձեզ եմ հարցնում՝ դուք այդպիսի մարզական մեկնաբան ճանաչո՞ւմ եք: Եթե այո, խնդրում եմ ասեք: Կադրային ջարդի մասին: Իմ պաշտոնավարման օրոք մեկ տարվա ընթացքում նախարարությունում 83 աշխատողից ազատվել է երկու-երեք հոգի:
Դա ոչ մի կերպ կադրային ջարդ համարել հնարավոր չէ: Ինչ վերաբերում է հոդվածում նշված այն հարցին, թե այդ «տուժածները» պատրաստվում են դատական ատյաններ դիմել, ես անհամբերությամբ սպասում եմ դրան: Հորդորում եմ՝ թող չուշացնեն, որպեսզի նույն դատական մարմիններին ներկայացվեն նախարարության՝ նրանց «արդար» աշխատանքի մասին ամիսների ուսումնասիրության արդյունքում արձանագրված փաստերը»,- ասաց նախարարը: Հարցին, թե ի՞նչ կասի նախարարությունում աշխատանքից ազատված Սամսոն Հակոբյանի որդու գործազուրկ դառնալու մասին, որն ազատվել է Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցի փոխտնօրենի պաշտոնից, Գաբրիել Ղազարյանը պատասխանեց. «Հոդվածի ենթատեքստում մեղադրանքի սլաքն անուղղակիորեն ինձ է ուղղված: Բայց հարցը պետք է տաք մարզադպրոցի տնօրինությանը: Նախարարը փոխտնօրեններին ոչ նշանակում է, ոչ էլ ազատում»:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
11.03.2015