Երեխաները քանի որ պարզ էակներ են, ուստի չեն կարողանում իրենց սուտը վարպետորեն քողարկել: Ըստ հոգեբանների, գոյություն ունեն մի քանի ընդհանուր հատկանիշներ, որոնցից կարելի է ենթադրել՝ երեխան ստո՞ւմ է, թե՞ ոչ: Ստելիս երեխայի դեմքի արտահայտությունը եւ խոսքի տեմպը փոփոխվում է, նրանք հաճախ փորձում են թեման փոխել, շրջանցել: Իսկ թե ինչո՞ւ են ստում, հոգեբանները բերում են բազում պատճառներ. անհրաժեշտությունից ելնելով, ծնողի սիրո, փոխըմբռնման, ուշադրության, խնամքի պակասից, բայց հիմնականում ստախոսություն սովորում են մեծահասակներից:
Վերջերս «Առավոտն» անդրադարձել էր այն թեմային, թե ինչո՞ւ են երեխաները ստում, իսկ թե ինչպե՞ս պետք է հաղթահարել մանկական ստախոսությունը, հոգեբան Սոնա Գալստյանն ասաց, որ ծնողների խնդիրն առաջնահերթ կայանում է նրանում, որպեսզի ետ պահի երեխային ստից, արմատախիլ անի այդ վատ սովորությունը: «Չնայած ծնողների առաջին արձագանքը երեխայի ստին լինում է պատիժը, այդ իսկ պատճառով ցանկալի արդյունք ոչ միշտ է լինում: Այս դեպքերում երեխան հաջորդ անգամ կարող է էլ ավելի լավ թաքցնել իր սուտը եւ որպեսզի պայքարել, պետք է պարզել պատճառները, նոր հետո արդեն գործել»,- ասաց հոգեբանը: Նրա խորհուրդը «ստախոս» երեխաների ծնողներին այն է, որ փորձեն իրավիճակին նայել երեխայի աչքերով, ցույց տան, որ պատրաստ են նրան ներել: Երեխայի ստին հակազդելու համար մասնագետը նշում է, որ պետք է հաշվի առել երեխայի տարիքը եւ եթե երեխան դեռ 6 տարեկան չկա, պետք չէ արձագանքել շատ խիստ, սակայն երբ խոսքը գնում է դպրոցահասակ երեխաների մասին, ապա անմիջապես պետք է խոսել, եւ պարզել ստի պատճառը: Բացի այն, որ ծնողը իր երեխային պետք է բացատրի, որ ստելը վատ երեւույթ է եւ այն միշտ վաղ թե ուշ բացահայտվում է, անհրաժեշտ է նաեւ բացատրել այն հետեւանքների մասին, որոնք կարող է նա ունենալ այդ ստի պատճառով:
«Խուսափեք ֆիզիկական պատիժներից, փորձեք համատեղ լուծել խնդիրը, գտեք ստի պատճառը, միասին մտածեք այլ ելքեր` իրավիճակից դուրս գալու համար: Մի արեք հապճեպ եզրակացություններ, երբ երեխայի մեղքը պարզված չէ: Երեխան այս դեպքում կարող է ձեզ գնահատի որպես անարդարացի մեկը: Երբեք մի մոռացեք լավ օրինակ ծառայելու մասին»,- ասաց Սոնա Գալստյանը: Նա, բացի ստի բացահայտումից եւ պատժի ձեւերից` ասաց, որ անհրաժեշտ է նաեւ խրախուսեք երեխային, երբ ճշմարտությունն է ասում, հատկապես, երբ դա նրանից պահանջում է ներքին կռիվ եւ որոշակի ուժեր:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
11.03.2015