Գողականներ ու օրենքով գողեր միշտ էլ եղել են: Հատկապես խորհրդային տարիներին: Հնարավոր չէ, որ Կոմկուսն ու Քաղբյուրոն տեղյակ չլինեին օրենքով գողերի եւ հանցագործ աշխարհի մասին: Ավելի շուտ նրանք ոչ միայն տեղյակ էին, այլեւ վերեւից էին հանդուրժում ու վերահսկում գողական աշխարհի ոչ միայն գոյությունը, այլեւ նիստուկացն ու կարգուկանոնը: Եվ պարզից էլ պարզ է, որ առանց վերեւների գիտության, գողական եւ ընդհանրապես հանցագործ աշխարհում որեւէ էական գործողություն չէր կարող տեղի ունենալ, չնայած հասարակության մեջ ու մանավանդ հանցագործ աշխարհի մատույցներում մանավանդ օրենքով գողերի անկախության ու քաջագործությունների մասին առասպելներն ու հերոսական պատմություններն անսպառ էին:
Հիմա էլ է այդպես: Սովետը վերացավ, բայց օրենքով գողերն ու օրենքով գողերի «ինստիտուտը» մնացին: Եթե չվերացան, եւ եթե չվերացրին, ուրեմն հարկավոր են: Ընդ որում, վերստին իշխանություններին են հարկավոր, որովհետեւ վերացնողն էլ է իշխանությունը, չվերացնողն էլ: Առաջվա պես կան, եւ առաջվա պես իրենց կենտրոնը երեւի Մոսկվան է: Համենայնդեպս, իրենց գլխավորների ձայներն ու հերոսապատումները հիմնականում Մոսկվայից են մեզ հասնում:
Այդուհանդերձ, անցյալում են մնացել օրենքով գողերի համար հանգիստ, ապահով ու համեմատաբար անվտանգ ժամանակները: Հիմա կապիտալիզմ է, եւ շատ ու շատ հարցեր փողն է որոշում: Եվ օրենքով գողերից էլ ամենաազդեցիկները նրանք են, որոնք ֆինանսական տեսակետից կարող են ոտք գցել իրական կապիտալիստների ու օլիգարխների հետ: Այսուհանդերձ, ամենակատաղի պայքարն ընթանում է հենց օրենքով գողերի միջեւ՝ հանուն լիդերության:
Խորհրդային տարիներին օրենքով գողերի հետ կարող էին ոտք գցել էն ժամանակվա անօրինական կապիտալիստները՝ ցեխավիկները, որոնցից ամենաազդեցիկների մասին ասում էին՝ «գող չի, բայց գողին հավասար ա»:
Կարդացեք նաև
Ազդեցիկների մասին հիմա էլ են ակնածանքով խոսում: Հատկապես երիտասարդները: Ոչ բոլորն, իհարկե, բայց հիմնականում ակնածանքով են խոսում: Երիտասարդներն անգլերեն են սովորում, համակարգչի մեջ են խորանում, բայց նրանցից շատերի նախանձի հիմնական առարկան թաղային հեղինակություններն են եւ հատկապես օրենքով գողերը, որոնց կյանքը, մանավանդ մեր օրերում, մազից է կախված՝ ե՛ւ Մոսկվայում, ե՛ւ Երեւանում, ե՛ւ ամենուր: Այսուհանդերձ, նրանք շատերի համար նախանձի առարկա են, որովհետեւ չափազանց վտանգավոր կյանք ապրելով՝ ֆինանսապես ու սոցիալական տեսանկյունից միանգամայն ապահովված են: Իսկ դա մեր օրերում ամենակարեւորն է, ընդ որում՝ շատերի համար:
Տարածված կարծիք կա, որ անկախ Հայաստանի ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանը փորձում էր վերացնել գողերին, գողականներին, թաղային հեղինակություններին եւ դրանց «ինստիտուտները»: Չեմ կարծում, թե Վանո Սիրադեղյանն այնքան ռոմանտիկ ու միամիտ էր, որ նման անհնարին ու անհավանական բաների ձգտեր:
Այսուհանդերձ, Վանոն պակաս ռիսկի չգնաց. ինքը համարձակորեն փորձեց գողերին, գողականներին ու թաղային հեղինակություններին հեռացնել քաղաքականությունից եւ ընտրական գործընթացներից: Փորձեց եւ, պետք է ասել, հնարավորինս հաջողեց: Ժամանակավորապես, իհարկե: Որովհետեւ դա մի մարդու ուժերից վեր գործ է: Համենայնդեպս, ցանկացողները կարող են հիշել, որ Վանոյի նախարարության օրոք քրեական տարրերն ու թաղային հեղինակություններն ընտրությունների ժամանակ ոչ միայն էական եղանակ չէին ստեղծում, այլեւ հնարավորինս հեռացվում էին նախընտրական գործընթացներից եւ նույնիսկ Հայաստանից: Էլ չենք խոսում այն մասին, որ Վանոյի օրոք թաղային հեղինակությունների ու մեծահարուստների մտքի ծայրով անգամ չէր անցնում պատգամավոր դառնալ:
Հիմա հիմնականում իրենք են դառնում: Ոչ թե իրենք են փոխվել, այլ մենք՝ կողքիններս: Ոչ թե իրենք են ընդունել փողի իշխանությունը, այլ մենք՝ չունեւորներս: Այսինքն՝ բոլորս ենք մեղավոր ստեղծված վիճակի համար: Մեկս՝ մի քիչ շատ, մյուսս՝ մի քիչ քիչ:
Որովհետեւ չե՞նք պայքարում: Լավ էլ պայքարում ենք: Ծառուկյանի համար չպայքարեցի՞նք: Շատերը նույնիսկ կյանքի գնով էին պատրաստ պայքարել:
Եվ վերջապես. մարդը ծնվում է ապրելու համար, այլ ոչ թե ամբողջ կյանքում պայքարելու:
Եվ վերջապես՝ մարդ արարածն ի վիճակի է պայքարել ցանկացած իշխանության դեմ, բայց ոչ՝ փողի իշխանության: Փողի իշխանության դեմ նույնիսկ աշխարհի հզորներն են անզոր:
ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ
«Առավոտ» օրաթերթ
11.03.2015
՛՛Վանոն …համարձակորեն փորձեց գողերին, գողականներին ու թաղային հեղինակություններին հեռացնել քաղաքականությունից եւ ընտրական գործընթացներից: Փորձեց եւ, պետք է ասել, հնարավորինս հաջողեց:՛՛
Հարյուր տոկոսանոց սուտ է, նախ՝ Վանոն ո՛չ թե պայքարում էր գողերին, գողականներին ու թաղային հեղինակություններին քաղաքականությունից եւ ընտրական գործընթացներից հեռացնելու, այլ իշխող ոհմակի նպատակներին նրանց ծառայեցնելու համար:
Ու, պետք է ասել, բավականին լավ կարողացավ դա անել՝ 1995-98թ.թ. բոլոր այդ գողերը, գողականներն ու թաղային հեղինակությունները քաղաքականության եւ ընտրական գործընթացների մեջ իշխանությունների ամենաակտիվ աջակիցներն էին:
Հիշեք թեկուզ 2008թ. նախընտրական շրջանում թոխմախի քոնձռոտ մհերի ՛՛ջերմ՛՛ բացահայտումները 1995-96թ.թ. ընտրությունների մասին: