Անցած տարի այս օրերին Քաշաթաղի շրջանի Տանձուտ գյուղում, որը Մելիքաշենի հետ մտնում է Ծիծեռնավանքի գյուղական համայնքի մեջ և ազատագրվել է 1993թ. գարնանը, նշվեց բնակավայրի հիմնադրման 20 ամյակը, որի ժամանակ որոշվեց Հայոց Մեծ Եղեռնի 100 ամյակի զոհերի հիշատակին տնկել 100 ծառ: Տանձուտը փռված է Աղավնո գռտի ձախ ափին, հիմնադրման սկզբում բնակավայրը կոչվում էր Քաշաթաղ, և այստեղ էր գործում տարածքի դպրոցը՝ մոտ 70 աշակերտով: Գյուղն ունի պատմական անցյալ, և դեռ շատ վաղուց են այստեղ մեր պապերը բնակվել: Այդ են ապացուցու տարածքում պահպանված ամրոցատեղիները, Մկնատամի Խաչ մատուռ-եկեղեցին(12-րդ դար), գյուղի հարևանությամբ գտնվող միջնադարյան ժայռափոր եկեղեցին և այլ հուշարձաններ: Ապրիլի 11-ին Տանձուտի հիմնական դպրոցում կայացավ հիշատակի միջոցառում և նորատունկ այգու բացումը:
Դպրոցի դասարաններից մեկում, որտեղ սեղանին աշակերտների գրած շարադրություններն էին ,,Չսպիացած վերք,, վերնագրով, իսկ պատերին արհավիրքի մասին պատմող պաստառներն էին, հոգևոր երգերի հնչյունների տակ կայացավ մոմավաություն՝ ի հիշատակ Մեծ Եղեռնի միլիոնավոր զոհերի: Այնուհետև կրթօջախի ընդամենը 14 աշակերտները դահլիճում հանդես եկան օրվան համահունչ ասմունքով, երգերով, Մեծ արհավիրքը դատապարտող խոսքերով՝ նախապես կատարելով Արցախի օրհներգը: Մինչ այդ՝ դպրոցի տնօրեն Գագիկ Համբարձումյանի հրամանով ներս բերվեցին մեր 2 հանրապետությունների Եռագույնները: Դպրոցի տնօրենը հանդես եկավ դատապարտող և այդ ահավոր իրողությունը չմոռանալու կոչով: Նշեց, որ անցած տարի տնկել են 50 ծառ և այդքան էլ՝ այս տարի: Կարևորեց իր սաների դերն այս հարցում՝ հավելելով, որ անցած տարի տնկած ծառերից ընդամենը մեկ ծառ է չորացել, մնացածը երեխաները դույլերով են ջրել ու ողջ տարվա ընթացքում իրենց ուսուցիչների հետ խնամել: Նշեց նաև, որ համայնքպետարանն արդեն լուծել է ոռոգման խնդիրը, և ավելի է հեշտացել այգու խնամքը:
Դպրոցի պատմության երիտասարդ ուսուցիչ Վանիկ Արշակյանն իր ելույթում նույնպես դատապարտեց 100-ամյա եղելությունը՝ կոչ անելով նաև վրեժխնդիր լինել կատարվածի համար, անընդհատ պայքարել, որ աշխարհը, նաև Եղեռնն իրականացրած երկիրը ծանաչեն կատարվածը և դատապարտեն: Հանդիսավոր մասից հետո ներկաները դպրոցի բակում մասնակից եղան այգու բացման արարողությանը: 100 պտղատու ծառերի կենտրոնում տնկվել են նաև եղևնիներ, որոնց կենտրոնում Մեծ Եղեռնի հուշահամալիրի մակետն է քարով կառուցված: Իսկ յուրաքանչյուր ծառի մոտ վառվում էր 1 մոմ: Այգու բացման պատիվը տրվեց շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանին և դպրոցի տնօրենին: Անմար կրակը ջահով վառեց շրջվարչակազմի աշխատակազմի կրթության բաժնի վարիչի տեղակալ Վահե Դավթյանը: Անմար կրակից վառվեցին ջահեր, որոնք խարհրդանշում էին պայքար ու պահանջատիրություն:
Չնայած տեղացող առատ ձյանն ու անձրևին՝ դպրոցի սաները նաև դրսում հանդես եկան երգով ու ասմունքով, հնչեցրեցին «Մեր հայրենիք..-ը: Այնուհետև հանդես եկան խոստումով, որում մասնավորապես ասվեց. «Գիտակցելով Մեծ Եղեռնի 100-ամյան տարելիցի կապակցությամբ մեր կողմից հիմնադրված այգու, ծառատնկման բարի ավանդույթի պահպանման և մեր հաջորդներին փոխանցման կարևորությունը՝ մեր ուսուցիչների, ծնողների, ընկերների և ներկաների առջև հանդիսավոր խոստանում ենք այգին մշտապես պահպանել, պահել մեր հոգածության և խնամքի ներքո, բարեկարգել այն և յուրաքանչյուր տարի, ի հիշատակ Մեծ Եղեռնի անմեղ զոհերի, այգում տնկել ևս մեկ ծառ՝ որպես խորհուրդ վերածննդի և խաղաղության»: Միջոցառման առթիվ խոսք ասացին ներկաները՝ կարևորելով երևույթի խորհուրդը և այն, որ ընդամենը 14 աշակերտ ունեցող դպրոցում, որի շենքն էլ բարվոք վիճակում չէ, կայացավ նման երևույթ, որը կազմակերպվել էր դպրոցի ողջ անձնակազմի նվիրումով: Մթնշաղին հրաժեշտ տվեցինք Տանձուտին՝ հավատով, որ այգին դարեր շարունակ կգոյատևի, որ դպրոցական շենքը կնորոգվի, աշակերտների թիվը կբազմապատկվի: Բացի տանձուտցիներից և շրջվարչակազմի ներկայացուցիչներից, այգու բացմանը մասնակցեցին հարևան Ծիծեռնավանքի և Մելիքաշենի բնակիչներ՝ համայնքի ղեկավար Սիմոն Հարությունյանի գլխավորությամբ, Մոշաթաղի բնակիչներ, դպրոցի ուսուցիչներ, տնօրենը:
Զոհրաբ Ըռքոյան