Թբիլիսիում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր մրցահարթակ մտած հայաստանցի երեք ծանրորդներից ոչ-ոք մեդալի չարժանացավ:
Երեկոյան մրցահերթում ասպարեզ մտած 69 կգ քաշայիններ, փորձառու Վանիկ Ավետիսյանից (նկարում) եւ միջազգային ասպարեզում իր նորամուտը նշած Ռոստամ Կարապետյանից մարզիչները որոշակի ակնկալիքներ ունեին: Սակայն նրանք չարդարացրին սպասելիքները: Հատկապես անհաջող հանդես եկավ Վանիկ Ավետիսյանը, որը երկու վարժություններում ընձեռված երեքական մոտեցումներից կատարեց ընդամենը մեկական հաջող փորձ. պոկումում՝ 137 կգ, հրումում՝ 175, եվ երկամարտի 312 կիլոգրամով պայքարն ավարտեց չորրորդ հորիզոնականում: Ռոստամ Կարապետյանը ցույց տվեց 308 (138+170) կիլոգրամ, որը վեցերորդ ցուցանիշն էր:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ