Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Քարդաշյան, Քարդաշյան մինչեւ վերջ

Ապրիլ 12,2015 23:41

Ռադիոյով քիչ առաջ գովազդ լսեցի՝ կերամիկական սալիկների զեղչերը զուգակցվեցին հարցադրմամբ. «Իսկ ձեզ թվում է՝ ինչո՞ւ էր Հայաստան եկել Քիմ Քարդաշյանը»:

Ըհը, բա ոնց: Հենց դրա համար էլ եկել էր՝ կերամիկական սալիկներ զեղչով գնելու:

Գովազդի եւ մարքեթինգի մասնագետներին, սակայն առանձնապես չես մեղադրի, Հայաստանում «կիմ-մանիան»՝ ինչպես այն որակել է Guardian-ը՝ այս օրերին հասել է այն աստիճանի, որ մեղք կլիներ չփորձել օգտվել դրանից:

Բայց անցած բոլոր օրերին, մասնավորապես, Ֆեյսբուքի մեր էջում բավական հեգնական մեկնաբանություններ եղան նրա այցի լուսաբանումների առնչությամբ՝ մոտավորապես այս ոգով, թե «սաղ ժողովուրդը, իշխանությունը՝ օպոզիցիայի հետ, թողած հոգսերը՝ դոլարի կուրս եւ այլն, սեւեռվել են Քարդաշյանի վրա», «Չտես ազգ, սենսացիայի մեջ են քանի օր ա», «Իսկականից զզվացրիք, հերիք է», Իսկ «Ա1+»-ի՝ «Քիմը դուրս եկավ ռեստորանի հետնամուտքից» նյութին, որը արտատպել էինք մեր կայքում՝ Մարինա Հայուհի անունով մի օգտատեր արձագանքել էր այսպես. «Իսկ զուգարանի ժամերը ֆիքսե՞լ եք»:

Ինչ ասեմ… Մենք դեռ ավելի զուսպ ենք լուսաբանել այս այցը, քան միջազգային լրատվամիջոցները, որոնք անգամ քննարկում էին, թե ասենք, տեղի՞ն էր կարմիր սեքսուալ զգեստով այցելել Ցեղասպանության զոհերի հուշարձան, կամ որ Գյումրիի կեղտոտ փողոցներով Քիմը շրջում էր $625 արժողությամբ կոշիկներով:

Ուշադրություն դարձրեք՝ վերոհիշյալ մեջբերումները բնավ միայն աստղերի կյանքը լուսաբանող գլամուրային պարբերականներից չեն. անցած օրերի ընթացքում այս այցին անդրադարձան այնպիսի հեղինակավոր լրատվամիջոցներ, ինչպիսիք New York daily news-ն են, Washington post-ը, Reuters-ը, Usatoday-ը.. բոլորը չես թվարկի:

Kim Kardashian-HHK tatikԱյս այցի շնորհիվ անգամ մեր ՀՀԿ տատիկը հայտնվեց միջազգային մամուլի էջերում: Dailymail-ն էր այսօր արձանագրել, որ մի տարիքով կին երեք օր սպասել է, որ ծաղիկներ տա Քիմին:

«Մենք բոլորս գիտենք, որ Քարդաշյանը հրեշտակ չէ, բայց Հայաստանում մարդիկ պտտվում էին նրա շուրջ, կարծես իջած լիներ երկնքից»,- գրում է Mirror-ը:

Ամերիկյան հեղինակավոր «Նիլսեն» մարքետինգային ընկերությունը հաշվարկել է, որ Հայաստանի համար միայն երկու օրում Քարդաշյանների կողմից արված PR արշավը կազմում է $ 36.507.929: Սա իրոք ամենահաջողված քարոզարշավներից մեկն է:

Սակայն վերադառնանք մեր դժգոհ ընթերցողներին ու տեղեկացնենք՝ «Առավոտը» լրագրող չէր ուղարկել օդանավակայանում դիմավորելու Քարդաշյաններին: Գուցե սխալվել էինք:  Բայց նրանց այցի վերաբերյալ միայն հատուկենտ նյութեր են հայտնվել մեր գլխավոր նյութերում՝ որպես խմբագրի նախընտրություն: Այնտեղ դրվել են նյութերը Հայաստան այցելող հայկական արմատներով աշխարհահռչակ սոպրանոյի՝ Մարիա Գուլեգինայի, իտալացի ջութակահար Ֆրանչեսկա Դեգոյի այցի մասին, ի վերջո՝ «Հիմնադիր խորհրդարանի» շուրջ կատարվողի մասին… Բայց դրանք, ավաղ, չունեցան այնքան ընթերցողներ, որքան Քարդաշյանների մասին ասուլիսում ասված ինչ-որ մի խոսք, միջազգային մամուլից թարգմանված ինչ-որ հրապարակում… Եվ «Հիմնադիր խորհրդարանի» անդամները հիմնավոր կասկածներ ունեն, որ ձերբակալությունները միտումնավոր էին ծրագրվել հենց այս այցի օրերին, թեեւ քրեական գործը հարուցված էր ավելի վաղ, որ Քարդաշյանների ֆոնին կատարվողը մնա ստվերում:

Քարդաշյանների մասին գրեթե բոլոր հրապարակումները դառնում էին օրվա ամենաընթերցված նյութ՝ մի քանի հազար դիտումներով: Եվ այդպես էր բոլոր ԶԼՄ-ներում, որոնք անդրադառնում էին Քարդաշյանների այցին: Սա ընթերցողի նախընտրությունն էր, եւ բնավ հարկ չկա մեղադրելու լրատվամիջոցներին:

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Թրավիս says:

    այս «պաշտպանողակը» հարկաւոր չեր… անհասկնալի եւ անբնական կը լիներ եթէ այս դէպքի մասին յորդառատ հրապարակումներ տեղի չունենային… ամեն դեպքում, ժամանակաւոր երեւոյթ է… մնացյալ բոլոր եւ անհամար հոգսերն ու խնդիրները մնում են, տեղ չեն գնում, անոնցմով զբաղվելու տակաւին լիքը առիթ եւ ժամանակ կա, այս հաճելի դէպքն ալ թող լինի մի փոքր զբոսանք, որի կարիքը բոլորս ունենք…

    • Թրավիս says:

      «պաշտպանողականը», ուզում էի գրել, անշուշտ… իսկ «Հիմնադիր Խորհրդարան»ի այդ դաւադրական վարկածը ուղղակի անհեթեթ է… սակայն կը յայտնաբերէ այն իրողությունը որ այդ «շարժումը» սահմանափակված է լոկ Համացանցային իրարանցումով… այսինքն՝ իրական աշխարհից անջատ ոլորտում…

      • Գալուստ Ենոքյան says:

        Պարոն Թրավիս, ձեր մեկնաբանություններով դուք հիշեցնում է ռուսական «Մաուգլի» մուլտֆիլմից Թեր խանին սպասարկող… մի…:Իմ կարծիքով դուք ձեր կուսակցությանը արջի ղառայություն էք ներկայացնում…պատկերացրեք Հայաստանում Մտածող մարդիկ ել են մնացել, որոնք թացը չորից տարբերում են…: Ինձ համար հատկապես ցավալի է, քանզի մեծ հորս մազապուրծ եղած քույրը, երբ փոքր էինք, վախվորած պատմում էր որ ինքը ձեր կուսակցությունից էր եղել ու իրե ատրճանակով կրակել էր սովորեցրել , որ եթե ոսոխը գա…մենք էլ էտ լգենդով մեծացել ենք, Հայաստանի գոնե կեսը…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930