Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի խոսքը  Սուրբ Աթոռում .«Մեր ջանքերը վերջին հարյուրամյակում միլիոնավոր մարդկանց սրտերը մթագնած խավարը ցրելու համար են»

Ապրիլ 12,2015 12:58

Ի պատիվ պաշտոնական այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի անունից երեկ երեկոյան ընթրիք է տրվել:

***
Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության դեսպանի կողմից՝ ի պատիվ ՀՀ Նախագահի տրված ընթրիքի ժամանակ

Ձե՛րդ Սրբություն Կաթողիկոս Ամենայն Հայոց,
Ձե՛րդ Սրբություն Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս,
Ձե՛րդ Ամենափայլություն Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Կաթողիկոս Պատրիարք,
Պարո՛ն դեսպան,
Հայ համայնքի մեծարգո՛ ներկայացուցիչներ,
Հարգելի՛ ներկաներ,

Անչափ ուրախ եմ, որ այս հագեցած այցի շրջանակներում հնարավորություն ունեմ հանդիպելու ձեզ և վայելելու այս ջերմ մթնոլորտը: Ինչպես բազմաթիվ երկրների, այնպես էլ Իտալիայի դեպքում մեծ է հայ համայնքի դերակատարությունը երկկողմ բարեկամական հարաբերությունների զարգացման գործում:

Իտալիայում հայերի ներկայության մասին վկայությունները գալիս են դարերի խորքից: Հատկապես քրիստոնեության ընդունումից հետո (գիտեք, որ երկու երկրները քրիստոնեությունն ընդունել են գրեթե միաժամանակ՝ Հայաստանը 301թ., Հռոմը՝ 312թ.) երկու ժողովուրդները դարձան նույն արժեհամակարգի կրողներ, և առևտրային ու ռազմական կապերն ամրապնդվեցին նաև քաղաքակրթական, մշակութային և հոգևոր առնչություններով:

Ի դեմս այս սրահում ներկա հայ համայնքի ներկայացուցիչների՝ շնորհակալություն եմ հայտնում Իտալիայում բնակվող մեր հայրենակիցներին, որ տասնամյակներ շարունակ ապրելով, ջանասիրաբար աշխատելով և արարելով Իտալիայում՝ դարձել են այս երկրի կարևոր մասնիկն ու իրենց ամենօրյա ազգանվեր գործունեությամբ բարձր են պահում հայ ժողովրդի անունը, չեզոքացնում հակահայկական գործունեությունը և նպաստում հայ-իտալական կապերի առավել զարգացմանը։

Հարգարժա՛ն ներկաներ,

Պատմությունը թերթում է իր էջերը՝ փոխադարձ վստահության և հարգանքի վրա խարսխված հայ-իտալական պատմական հարաբերություններին նոր բնույթ հաղորդելով, որոնք Հայաստանի անկախության վերականգնումից հետո այլ որակ ստացան: Այսօր մենք ունենք համագործակցության հագեցած օրակարգ և նոր ծրագրեր: Պատահական չէ նաև Իտալիա և Սուրբ Աթոռ կատարած իմ այս այցը՝ ընդամենը մի քանի օրից Հայաստանում մեկնարկող Հայոց ցեղասպանության 100-ամյակի առանցքային միջոցառումների նախօրեին։ Սուրբ Աթոռը և Իտալիայի պատգամավորների պալատը, իտալական 5 նահանգի և 60 քաղաքի խորհուրդները ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, ինչը մենք գնահատում ենք ոչ միայն որպես համերաշխության դրսևորում հայ ժողովրդի հանդեպ, այլև՝ հավատարմություն համամարդկային արժեքներին: Մեզ համար շատ կարևոր է, որ վաղը Հայոց ցեղասպանության նահատակների համար Սուրբ Պետրոսի տաճարում առ Աստված աղոթք կբարձրացնի Կաթոլիկ աշխարհի առաջնորդ Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը։ Խորապես շնորհակալ ենք Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապին այս աննախադեպ պատարագի գաղափարի համար, որը տեղի է ունենում մեր Հայ Առաքելական եկեղեցու կողմից Ցեղասպանության զոհերի սրբադասվելուց երկու շաբաթ առաջ՝ դրանով իսկ խորհրդանշելով քրիստոնյա աշխարհի համերաշխությունը մեր ժողովրդի հետ:

Ցեղասպանության միջազգային ճանաչումը մեզ համար մարդկության դեմ երբևէ իրականացված մեծագույն հանցագործություններից մեկի, քսաներորդ դարի առաջին ցեղասպանությունը ծրագրած ու իրագործած եղեռնագործների դատապարտումը չէ միայն։ Մեր բոլորի ճիգերը մեր անմեղ զոհերի, մեր տատերի ու պապերի հիշատակը հավերժացնելու, արդարությունը վերականգնելու ու նրանց ժառանգների ոտնահարված իրավունքները վերականգնելու համար չեն միայն։ Մեր պայքարն ամենից առաջ այդ մեծագույն հանցագործության հետևանքով աշխարհից պակասած սիրո ու երջանկության, հավատի ու վստահության, հույսի ու ջերմության՝ քաղաքակրթության մեծագույն արժեքները քաղաքակիրթ աշխարհին ու մարդկությանը վերադարձնելու համար է։ Հազարապատիկ ճշմարտացի է իտալացի ժողովրդի մեծագույն զավակներից մեկը՝ Ալեսսանդրո Մանձոնին, երբ ասում է, թե հանցագործները մեղավոր են ոչ միայն իրենց կատարած հանցանքների, այլև այն ամբողջ չարիքի համար, որը խավարել է նրանց զոհերի սիրտը։ Մեր ջանքերը վերջին հարյուրամյակում միլիոնավոր մարդկանց սրտերը մթագնած խավարը ցրելու, նրանց հոգիները արդարության հավատով լուսավորելու համար է:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Մենք՝ հայրենաբնակներս և սփյուռքահայերս, որպես ազգային հավաքականություն, մեծ ուժ ենք: Դրանում մենք պարբերաբար համոզվում ենք, մանավանդ, այն պահերին, երբ հրատապ անհրաժեշտություն կա համատեղելու և համադրելու ջանքերը մարտահրավերներին դիմակայելիս: Վճռական պահերին մենք կամք և գիտակցություն ունենք միաբանվելու՝ ի մի բերելու մեր հնարավորությունները հանուն համահայկական խնդիրների լուծման: Իտալահայ համայնքը ասվածի փայլուն օրինակներից է, և ես շնորհակալ եմ ձեզ ձեր պատրաստակամության համար: Սա ուժ է, որի հետ հաշվի են նստում և՛ մեր բարեկամները, և՛ ոչբարեկամները:

Մեր ողջ ժողովուրդը՝ Հայաստանում, սփյուռքում և Արցախում, համախմբել է իր ջանքերը Հայոց պետության հետ հարյուրամյակի միջոցառումները բարձր մակարդակով անցկացնելու համար, և այդ գործում իրենց ներդրումն ունեն նաև ձեզնից շատերը: Խորին շնորհակալություն եմ հայտնում այս սրահում ներկա՝ աշխարհի տարբեր երկրներից ժամանած մեր հայրենակիցներին և բոլոր նրանց, ովքեր աջակցեցին մեզ 100-րդ տարելիցի միջոցառումների իրականացման գործում։ Ձեր և ձեզ նման հայրենասեր ու նվիրյալ անհատների աջակցությունը նպաստել, խրախուսել ու դժվարին պահին քաջալերել է մեզ՝ հայ ժողովրդի համար մեծ խորհուրդ ունեցող այս տարելիցն ըստ արժանվույն հիշատակելու մեր նախաձեռնություններում:

Հուսով եմ, որ դուք նույնպես ապրիլյան այդ օրերին կլինեք Հայրենիքում՝ միասին ոգեկոչելու մեր նահատակների լուսավոր հիշատակը:

Մաղթում եմ բոլորիս միասնականություն ու տոկունություն՝ ի կատարումն մեր հավաքական իղձերի։

Շնորհակալություն:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930