Մի խումբ երիտասարդներ, ինչպես անցած տարի, այս տարի նույնպես կազմակերպում են գեղեցիկ ակցիա՝ ի հիշատակ Եղեռնի զոհերի և ի լուր աշխարհի անտեղյակ մարդկանց: Կիևյան կամրջի վրայից և հարակից Թումանյանի այգուց երկինք բաց կթողնվեն հազարավոր օդապարիկներ (Չինական լապտերներ), որոնք կխորհրդանշեն Եղեռնի անմեղ զոհերի հոգիները: Ակցիան պլանավորվում էր ապրիլի 24-ի երեկոյան 20:00-ին, սակայն քաղաքապետարանի հետ բանակցությունների արդյունքում տեխնիկական պատճառներով և անվտանգության նկատառումներով օրը տեղափոխվեց ապրիլի 26: Միջոցառումը լայն արձագանք է ստացել ոչ միայն Երևանում, այլ նաև մարզերում և արտերկրում: Մեզ գրել են Կիևից, Մոսկվայից, Փարիզից և ցանկություն են հայտնել, որ իրենք էլ իրենց մոտ կազմակերպեն նույնատիպ ակցիա. այդ դեպքում միջոցառումը կկրի համաշխարհային բնույթ:
Հասկանալի է, որ մարդկանց մի մեծ զանգված կուզենա մասնակցել միջոցառմանը, սակայն ինչ-ինչ պատճառներով չի կարողանա ապրիլի 26-ին գալ Թումանյանի այգի: Մեր կարծիքով միջոցառումը շատ ավելի ազդեցիկ կլինի, եթե որտեղ էլ գտնվենք այդ օրը, այդ ժամին, ամեն մեկս մեկ օդապարիկ բաց թողնի: Նույն ժամին երկինքը կլուսավորեն միլիոնավոր լուսատուներ, և վստահեցնում եմ, որ այդ օրվա լուսանկարները լայն տարածում կստանան համացանցում, և տարբեր երկրներում նկարների տարածման հետ կտարածվի նաև Ցեղասպանություն բառը, ինչն էլ հուսանք կօգնի Ցեղասպանության ընդունման գործընթացին, և վերջապես անմեղ զոհերի հոգիները հանգստություն կունենան: Մեզ կարող եք միանալ Ֆեյսբուքում: Խմբի անունն է «Ի ՀԻՇԱՏԱԿ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ»: